Լուծարված կենտրոնի աշխատակիցները հանդիպել են Ամիրյանի հետ

Լուծարված կենտրոնի աշխատակիցները հանդիպել են Ամիրյանի հետ

Ինչպես օրեր առաջ գրել էինք 1937-ին ստեղծված եւ 2011-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի պետական թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը լուծարվում է։ Արշակունյաց 28/7 հասցեում գտնվող բուն կենտրոնում վերջին տարիներին ընդամենը 20 աշխատակից էր աշխատում, որոնց հաստիքների կրճատման հաշվին մշակույթի նախարարությունը 17 հաստիք իջեցրեց եւ հնարավոր դարձրեց «Արար» ծրագիրը՝ մարզերում ազգային մշակույթը հանրահռչակելու ուղղությամբ, մի բան, որ ըստ էությամբ արդեն արվում էր կենտրոնի կողմից։ Աշխատանքից ազատված աշխատակիցները դժգոհում էին, որ նրանց հրաժարվել է լսել թե իրենց տնօրեն՝ Հովիկ Հովեյանը, թե մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։



Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել էր թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին՝ աշխատանքները վերակառուցելու առաջարկով, այն է՝ «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացնել կառուցվածքային փոփոխություն՝ մասնավորպես Արշակունյաց 28/7 հասցեում տեղակայված «Ռազմավարական եւ կրթական ծրագրերի իրականացման» եւ «Ազգագրության եւ արհեստագործության» բաժինների փոխարեն ստեղծել «Ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժին»։  



Ինչպես տեղեկացանք, Արմեն Ամիրյանն այսօր ընդունել է կոլեկտիվի 7 անդամների, նախարարը լսել է նրանց շատ բարեւհամբույր, բայց ըստ էության չի խորացել ներկայացրած փաստարկների մեջ. «Մենք մեր կատարած աշխատանքն ենք ներկայացրել, որ տարիներ շարունակ 70 հազար դրամ աշխատավարձով, առանց հավելավճարի մեկնել ենք մարզեր՝ կորած ժողովրդական բանահյուսությունն ու պարերն ենք վերծանել, վերականգնել»,-ասաց զրուցակիցս ու նշեց, որ նախարարը կատարվածը միաժամանակ գնահատել է եւ շատ լավ եւ շատ քիչ՝ հիմնականում տալով դեկլարատիվ բնույթի պատասխաններ։



Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ չեն կարող լուծարվող կենտրոնի փոխարեն նոր ստեղծվող «Ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժնում» աշխատել, սկզբում Ամիրյանը պատասխանել է, որ բաժինն արդեն ունի աշխատողներ, ապա առաջարկել է ծրագիր մշակել ու իրեն ներկայացնել։ Իսկ աշխատակիցները ոչ միայն պատրաստակամ են ներկայացնել այդ ծրագիրը, այլ արդեն ունեն համապատասխան ծրագիր, որը բխում է իրենց հիմնարկի գործառույթներից։ Ամիրյանը աշխատողներին նաեւ առաջարկել է գնալ եւ «Արար» ծրագրի շրջանակներում մարզերում աշխատել, այն դեպքում, որ նրանք մարզերում չեն բնակվում եւ այդ ծրագրի մեջ ընդգրկվելու նախապայմաններից մեկն էլ հենց դա է՝ ծրագրում ներառել մարզերում ապրող վարպետներին։



Ի դեպ, հարցն օրեր առաջ Սամվել Ֆարմանյանի կողմից բարձրաձայնվել է ԱԺ ամբիոնից, որից հետո մշակույթի նախարարին հանձնարարվել է որոշում ընդունելուց առաջ լսել աշխատակցիների դիրքորոշումը։ Այլ կերպ ասած, դրանով է բացատրվում նաեւ աշխատակիցներին հանդիպման հրավիրելու փաստը։ Վերջիններս մտահոգված են, եթե այսքանից հետո էլի իրենց մերժեն, ապա կնշանակի, որ նախարարի հետ այս հանդիպումը ձեւական բնույթ էր կրում եւ նպատակ ուներ միայն հանդարտեցնելու մամուլում բարձրացված կրքերը։      



Սոնա Ադամյան