Խոստացել է անձամբ զբաղվել Օձունի եկեղեցու հարցով

Խոստացել է անձամբ զբաղվել Օձունի եկեղեցու հարցով

Օրեր առաջ Օձունի եկեղեցու սրահների ամբողջականացման հարցը «Հրապարակի» հետ զրույցում բարձրաձայնել էր Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, մասնավորապես նշելով, որ խիստ անհրաժեշտ է հարցին շուտափույթ լուծում տալ, որպեսզի տանիքից ջուրը չթափվի որմնակամարի վրա։



Կիրակի օրն Օձունում տեղի է ունեցել գեղանկարիչների «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային փառատոն-ցուցահանդեսի փակումը, որին ներկա է եղել նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։



Օձունի սրահների ամբողջական ծածկապատման հարցով Տեր Վրթանես Բաղալյանը դիմել է նախարար Արմեն Ամիրյանին՝ խնդրելով նաեւ բակի բարեկարգման աշխատանքները մեկ տարով հետաձգել․ «Պետք է նախեւառաջ սրահների ամբողջականացման հարցը լուծել, որովհետեւ, եթե մենք մուտքից մինչեւ դարպաս սալահատակ անենք հաջորդ տարի, հետո սրահները ծածկելու համար այդ սալահատակը խոչընդոտ կլինի, եւ ծանր տեխնիկան կվնասի սալիկները։ Նաեւ տապանաքարեր կան, որ սրահի շուրջը տեղահանվել են, 86-ին է դա արվել։ Որպեսզի սրահները ծածկեն, հիմա նախարարությունը պատրաստ է գերեզմանները վերադարձնել իրենց նախկին տեղը, բայց մենք կուզենք, որ նախարարությունն աջակցի սրահների ամբողջական դառնալուն»։



Ինչպես նշում է Տեր Վրթանեսը, նախարարը դրական է արձագանքել իր խնդրանքին․ «Նախարարն ասաց, որ անձամբ կզբաղվի այդ հարցով, եւ պատրաստակամություն հայտնեց, որ եթե սրահների ամբողջացումը հնարավոր չլինի մեկ տարում անել, մի քանի տարվա ընթացքում դա անել։ Թեկուզ առաջին տարում արեւմտյանն արվի, երկրորդ տարում՝ հյուսիսայինը, մնացածն ընթացքում կամբողջացվի, իսկ բակի բարեկարգումը, որ մասնագիտական լուրջ հմտություններ չի պահանջում, կարող ենք մեր ուժերով կազմակերպել, կամ նախարարությունը կարող է նախագիծ-նախահաշիվ ներկայացնել, ու մենք, ըստ դրա, բարերարներ գտնենք եւ գործն ամբողջացնենք։ Ես նաեւ իրեն հին լուսանկար ցույց տվեցի, որտեղ երեւում է թաղակապը, ինքն առաջարկեց, որ լուսանկարը փոխանցեմ Կարո Այվազյանին։ Մենք այդ սրահի անհրաժեշտությունը շատ ունենք, այն ենթաշրջանի միակ գործող եկեղեցին է, եւ այդ քայլով ե՛ւ եկեղեցին պաշտպանված կլինի, ե՛ւ օտարազգի այցելուներն այն ավելի ամբողջական կտեսնեն»։ 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ