«Դբա լավը» ֆիլմի հերոսը թասիբով եվ ոչ կոտրված մեջքով գյուղացին է

«Դբա լավը» ֆիլմի հերոսը թասիբով եվ ոչ կոտրված մեջքով գյուղացին է

«Դբա լավը» ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։ Մինչ այդ նկարահանել է հիմնականում կարճամետրաժներ, որոնք ցուցադրվել են տարբեր փառատոներում եւ հաջողություններ գրանցել։ Ասպետ Շերմազանյանն ավարտել է Թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը, ապա նաեւ՝ ВГИК-ի ռեժիսուրայի բաժինը։ 



Ինչպես նշում է Ասպետը, առաջին լիամետրաժն անելը բոլոր կինեմատոգրաֆիստների համար էլ դժվար է տրվում, որովհետեւ, բացի նյութական, տեխնիկական խնդիրներից, մեծ պատասխանատվություն է ենթադրում։ «Փոքր պատմություն պատմելն այդքան մեծ էներգիա, էմոցիաներ չի պահանջում, ինչքան որ լիամետրաժը»,- ասում է ռեժիսորն ու նշում, որ ֆիլմի վրա ինտերնացիոնալ կազմ է աշխատում․ «Օպերատորը դաղստանցի է, նկարչուհին՝ էստոնուհի, ստեղծագործական թիմում ընդգրկված են ռուս եւ վրացի դերասաններ, բայց գլխավոր հերոսները հայեր են։ Գլխավոր դերասաններից մեկը Գեորգի Վարդանյանն է՝ գյումրեցի տղա, ով ֆիլմում խաղում է լոռեցու դեր, իսկ տերտերի մսագործ տղայի դերը խաղում է Արման Մեջլումյանը»։



Ինչպես ռեժիսորն է նշում՝ ֆիլմը դրամա է՝ կոմեդիայի էլեմենտներով։ Մի լոռեցի ծեր մարդ գնում է Մոսկվա՝ իր ընկերոջ ռեստորանում հացթուխ աշխատելու, բայց հայրենի գյուղից զանգում-ասում են, որ կինը շատ վատ է, եւ պետք է շտապ վիրահատել։ Ծերունին օգնության խնդրանքով դիմում է ընկերոջը, ով բացի ռեստորանի տերը լինելուց նաեւ քրեական հեղինակություն է, ում համար մարդկային հարաբերությունները տեղի են տվել բիզնեսի առաջ։ Ավելին՝ գործարարը ծերունու ցավը դարմանելու համար երիտասարդ աղջիկ է առաջարկում։ Լոռեցին ապտակում է ընկերոջը, որի թիկնապահները ծեծում են նրան ու վռնդում։ Ծերուկի կինը մահանում է, թաղման արարողության ժամանակ նրա եղբորորդին բամբասանքներից իմանում է, թե ինչ է կատարվել, եւ գյուղի տերտերի մսագործ որդու հետ գնում է Մոսկվա, որտեղ էլ ուրիշ պատմությունների մեջ են ընկնում․ «Սա պատվախնդրության մասին ֆիլմ է, մեր ժամանակներում արհամարհված գյուղացու տեսակը չի ենթարկվել ժամանակակից փոփոխություններին եւ պահպանել է իր թասիբով մտածողությունը։ Որոշ մարդկանց մոտ սա կարող է վենդետա հիշեցնել, բայց սա վենդետա չէ, այլ զուտ պատասխանատվության հարց։ Բախումն այստեղ ոչ թե այս երկու հերոսների մեջ է, այլ՝ նրանց դավանած արժեքների։ Սա է կոնֆլիկտը, որովհետեւ ժամանակակից ուրբանիզացիայի պայմաններում մարդը նյութական արժեքներն ավելի վեր է դասում»։



«Դբա լավն» իր մեջ լավատեսական ուղերձ պարունակելուց բացի, ինչպես նկատում է արմատներով լոռեցի ռեժիսորը, լոռեցիների կենացների հիմնական բաղկացուցիչն է՝ դբա լավը, այսինքն՝ լավ կլինի, դեպի լավը։



Նկարահանումների մոսկովյան եւ թբիլիսյան մասն արդեն ավարտված է, արդյունքը նույնպես գոհացնող է, բայց հայաստանյան նկարահանումները ձգձգվում են․ «Չգիտեմ՝ մեր մենթալիտետի, մտածելակերպի հետ է կապված, թե ինչ, բայց այստեղ խնդիրներ առաջացան, եւ որոշեցինք Մոսկվայում սկսել նկարահանումները, քանի որ այստեղ աջակցություն չեղավ։ Մենք ընկերներով էնտուզիազմի հաշվին գործն առաջ ենք տանում, բայց Հայաստանում նկարահանումներն ավարտելու համար ֆինանսական եւ տեխնիկական աջակցության խնդիր ունենք։ Սա ոչ միայն փառատոնային ֆիլմ է, այլ նաեւ մենք ուզում ենք մտնել կինովարձույթ՝ թե՛ Երեւանում, թե՛ Մոսկվայում։ Ամբողջ ֆիլմը մենք մեր ուժերով ենք արել, օգնել է նաեւ ВГИК-ը, ընկերներս, իմ ընկեր Ռուբեն Սահակյանը, ով այս ամբողջ ընթացքում իմ հետ է եղել եւ իմ հենասյունն է։ Հիմա միասին ստուդիա ենք ուզում բացել, որը կգործի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Մոսկվայում, այն կզբաղվի կինո վիզուալ տարբեր արտադրանքով եւ կկոչվի VANART։ Արդեն մի շարք մարդիկ հետաքրքրված են այդ պրոյեկտով, մենք էլ մեր հերթին պատրաստ ենք համագործակցել, եթե կան առաջարկներ։ Այս ֆիլմն էլ լինելու է VANART ստուդիայի առաջին աշխատանքը»։



Ֆիլմի նկարահանումներն ավարտելու համար ռեժիսորը դիմել է թե՛ մշակույթի նախարարությանը, թե՛ Ազգային կինոկենտրոնին, բայց արձագանք չկա։ «Հուսով եմ՝ կլինի, գործի կեսն արված է, ու ինձ պետք է մի քիչ օգնություն, եթե տեխնիկապես մի քիչ աջակցություն լիներ, մենք կսկսեինք եւ շուտ կավարտեինք ֆիլմը։ Մեր մտածողությունը մի քիչ ուրիշ է, վրացիներն այնպես մեզ ընդունեցին եւ ուրախացան, կարծես իրենց ֆիլմն էր դա լինելու, բայց մերոնք, չգիտես ինչու, լուռ են, մինչդեռ սա ոչ ծամածռություն է, ոչ արտհաուս, որ մնալու է դարակի վրա, սա պարզ մարդկային պատմություն է, որի կարիքը, ինձ թվում է, մեր ժողովուրդը հիմա ունի։ Եթե մեր կողքին չկանգնեն, միեւնույն է, մենք մինչեւ վերջ կռվելու ենք եւ ֆիլմը կհասցնենք ավարտին»,- ասում է Ասպետ Շերմազանյանն ու հավելում, որ ֆիլմի մասին պատմել է նաեւ Արտավազդ Փելեշյանին, ցույց տվել իր նախորդ «Աղ ու հաց» կարճամետրաժ ֆիլմը, եւ նա իրեն ոչ միայն ոգեւորել է, այլեւ շատ կարեւոր խորհուրդներ տվել։



«Սա հայերի մասին պատմություն է, բայց ճանապարհին տարբեր մշակույթների ենք հանդիպում, որոնց հետ մեր հերոսները հարաբերվում են տարբեր կերպ։ Հենց սա է հետաքրքիրը»,- ասում է ռեժիսորը, ում կարծիքով՝ այսօր առավել հաճախ գյուղացուն ցույց են տալիս կոտրված մեջքով, խեղճ ու կրակ, տանջված կերպարով, մինչդեռ այս ֆիլմում տեսնում ենք դուխով, թասիբով, առանց բարդույթների հայ գյուղացուն։



Ասպետ Շերմազանյանն ուզում է նաեւ ВГИК-ն ավարտած հայ կինոգործիչների միություն բացել․ «Մենք շատ հայտնի ռեժիսորներ ունենք նախկին ԽՍՀՄ տարածքով, այսօր էլ շատ հայ ուսանողներ ենք ունենում, ու եթե այդպիսի միություն, ակումբ լինի, կարծում եմ՝ շատ հետաքրքիր արդյունքներ կարող ենք արձանագրել։ Ես ընկերներ ունեմ, որ ապրում են Մոսկվայում, հայերեն չգիտեն, բայց հետաքրքրված են կինոլեզվով Հայաստանի մասին ֆիլմեր անելու մեջ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ