Կոնսերվատորիայում ստիպված են սիմֆոնիաները կատարել դաշնամուրով

Կոնսերվատորիայում ստիպված են սիմֆոնիաները կատարել դաշնամուրով

«Երբ մարդն ընդունվում է երաժշտական բուհ, մեծ հույսեր ու սպասելիքներ ունի, բայց բախվում է այն խնդիրներին, որ հնարավոր է գրի մի ստեղծագործություն, որը եւ չկատարվի, իսկ դա հոգեբանորեն ազդում է երիտասարդ կոմպոզիտորի վրա»,-ասում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի 4-րդ կուրսի ուսանողներ Գայանե Ալեքսանյանն ու Հերմինե Հարությունյանը։ 



Գայանե Ալեքսանյանն ասում է, որ խնդիրը ոչ այնքան գործիքները կամ երաժիշտներն են, որովհետեւ երկուսն էլ առկա են, այլ այն, որ ավարտական կուրսի ուսանողների գործերը կա՛մ չեն կատարվում, կա՛մ շատ քիչ են կատարվում․ «Հենց առաջին կուրսից ուսանողը մի այլ շատ կարեւոր խնդրի է բախվում։ Զարգացման աճի այդ փուլը ուսանողն իր վրա պետք է նկատի, իսկ դա նկատում ես, երբ ունենում ես ձայնագրություններ, երբ քո ստեղծագործությունները կատարվում են։ Կան կատարողներ, բայց կատարողներն էլ իրենց գներն ունեն։ Կոմպոզիտորը, երբ ստեղծագործում է, չպետք է մտածի՝ այն գործիքը, որ ինքը լսում է, դեֆիցիտ գործիք է եւ չի գտնի կատարող։ Այս տարի մենք արդեն սիմֆոնիկ կազմի համար պետք է ստեղծագործենք, եւ այն միտքը, որ մեր ստեղծագործությունը չի հնչելու, որոշակիորեն նվազեցնում է այդ խթանը։ Ստեղծագործական ամբիոնի թերի կողմը հենց դա է՝ կատարման խնդիրը։ Անցումը տեսականից դեպի պրակտիկ կողմը շատ թույլ, մշուշոտ վիճակում է։ Ի վերջո՝ պրակտիկայի ընթացքում է մարդ ձեւավորվում, աճում։ Սա մեր բոլորի մտահոգությունն է»։



Ուսանողների կարծիքով՝ բուհն այսօր չունի մարդկային եւ տեխնիկական համապատասխան ռեսուրսներ, որպեսզի հնարավորություն տա երիտասարդ եւ ավարտական կուրսի կոմպոզիտորին լսել մեծ կտավի գործեր՝ սիմֆոնիաներ, կոնցերտներ։ Ստացվում է, որ միայն թղթի վրա կարող են երեւակայել ու պատկերացնել, թե ինչպես այն կհնչի․ «Կամ էլ մաքսիմում մեր միջոցներով կարող ենք դաշնամուրի վրա բոլոր պարտիաներն ինչ-որ կերպ նվագել ու ցուցադրել այն, ինչ արել ենք, բայց սիմֆոնիկ գործը դաշնամուրի վրա ինչպե՞ս կարող է հնչել։ Ստացվում է՝ մենք գրում ենք մեզ համար, մենք լսում՝ մենք ուրախանում, իսկ դա ծիծաղելի է դառնում»։ Այլ կերպ ասած՝ ավարտական աշխատանքը քննարկվում է տեսականորեն, առանց լսելու, առավելագույնը՝ դաշնամուրով կամ էլ համակարգչային ծրագրի միջոցով։



Մշտապես արդիական այս խնդիրը պարբերաբար քննարկել են պրոֆեսորադասախոսական կազմի հետ, բայց լուծում, որպես այդպիսին, չի գտնվում։ «Կոնսերվատորիայում գոյություն ունի երիտասարդական, ուսանողական նվագախումբ, որոնք կատարում են դասական ստեղծագործություններ՝ Բեթհովեն, լավագույն դեպքում՝ Արամ Խաչատրյան, բայց մեր ժամանակակից կոմպոզիտորների գործերը մնում են թղթի վրա։ Ես կուզեմ, որ դա լիներ պարտադիր ծրագիր, եւ կատարվեր մի գործ, որը ժամանակակից կոմպոզիտորի գործ է»,- ասում է Հերմինեն։



Ինչպես նկատում է Գայանեն, հնարավորությունների սահմանում որոշակի քայլեր ձեռնարկվում են, կազմակերպվում են մրցույթներ, ներբուհական համերգներ, որը, սակայն, հեռանկարային չէ։ Օրինակ՝ ամռանը կոմպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տանը հայ եւ վրացի կոմպոզիտորների մասնակցությամբ կազմակերպվել է երաժշտական ճամբար, որը, աղջիկների կարծիքով, գովելի է, քանի որ որոշակի քայլեր արվում են փորձի փոխանակման համար. «Բայց դա էլի սահմանափակ է, մենք կարիք ունենք տեսնելու, թե եվրոպամետ երկրների մշակույթը զարգացման որ փուլում է գտնվում, հասկանալու նաեւ, թե մենք որ էտապում ենք գտնվում»։ Վերջին տարիներին անցկացվում են նաեւ երիտասարդական ժամանակակից կոմպոզիտորական փառատոներ, բայց չկա երկկողմանի կապը. «Ենթադրենք՝ կատարման հարցը լուծվեց, բայց չի լուծվել լսարանի հարցը, կա նաեւ ճիշտ գովազդման խնդիր»։



Թե ինչու ժամանակակից կոմպոզիտորների գործեր չեն կատարվում, Հերմինեն ասում է, որ ժամանակակից երաժշտություն բոլորը չէ, որ սիրում ու ընդունում են։ «Նույն այդ ուսանողները որ նվագում են նվագախմբում, հրաժարվում են կատարել։ Մեր կուրսից մի տղա կա, որը սիմֆոնիա ունի գրած եւ 2-րդն է պատրաստվում գրել։ Անցած տարի քննությանը նա դաշնամուրով իր սիմֆոնիան ներկայացրեց, ինչը ցավալի է, մինչդեռ ահռելի աշխատանք էր արել»,- ասում է Հերմինեն ու նշում, որ աբսուրդ է ավարտական կուրսի ուսանողի սիմֆոնիկ գործը չկատարելը, եթե անգամ այն վատն է. «Պետք է կատարել, որ ուսանողը հասկանա, թե ինքն այս 4 տարվա ընթացքում ինչ արեց, հետո հեշտ է դիպչել թույլ կողմերին, երբ չկա կենդանի կատարում ու նյութի քննարկում»։



Եթե ուզում են իրենց որեւէ գործը ձայնագրվի, ապա նորից իրենց միջոցներով պետք է դա անեն․ «Արդեն 4-րդ տարին է՝ միայն իմ կապերի միջոցով են իմ քննական ստեղծագործությունները կատարվել, իսկ դա միայն խնդրելով չի սահմանափակվում, նաեւ իմ սահմանափակ միջոցներով գումար եմ վճարել, որպեսզի իմ ստեղծագործությունները ես լսեմ, բայց ամեն մեկը չէ, որ ունի այդ հնարավորությունը, ես կարող եմ կամերային գործի համար որոշակի գումար վճարել, բայց սիմֆոնիկ գործի համար պատկերացնո՞ւմ եք ինչ ահռելի գումարների մասին է խոսքը»,-ասում է Գայանեն։



Վերջերս «Տերտերյան ֆեստի» շրջանակներում դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ նվագախումբը կատարել է երիտասարդ կոմպոզիտորների որոշ գործեր, բայց շատ հաճախ էլ մերժում են՝ ասելով, թե սա բարդ է, սա կարելի է, որը, ըստ աղջիկների, արդեն սահմանափակում է մտցնում։ Այն դիտարկմանը, որ գուցե լավը չեն լինում, այդ պատճառով է նվագախումբը մերժում, ապա երիտասարդ կոմպոզիտորները կողմ են, որ դրա մասին էլ ասվի. «Անգամ եթե վատն է, պետք է կատարվի, մենք չենք ասում, որ մեր գործերը գլուխգործոցներ են, բայց ես ուզում եմ լսել ու տեսնել, թե ինչն է այնտեղ թերի։ Վագներն սկզբում երբ ստեղծագործում էր, բոլորը ծիծաղում էին նրա ստեղծագործությունների վրա, բայց ինքն ստեղծեց ապագայի արվեստ»,- ասում է Հերմինեն։ «Ուսանողն ունի սխալվելու իրավունք, հենց այդ տարիքային հատվածում ինքն էքսպերիմենտներ պետք է անի։ Դա նորմալ է ստեղծագործող մարդու համար»,- ասում է Գայանեն։



Թե ինչու Կոնսերվատորիայի երիտասարդական, ուսանողական նվագախումբը չի կատարում երիտասարդ կոմպոզիտորների գործեր, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը նախ նշեց, որ ոչ ոք պարտավոր չէ 4-րդ կուրսի ուսանողների գործերը կատարել, ապա հավելեց, որ չկան նմանատիպ մեխանիզմներ, որ անպայման ավարտական կուրսի ուսանողների գործեր հնչեն, դրա համար պետք է նախատեսվի հատուկ նվագախումբ։ «Այսօր մեր պետությունը չունի այն հնարավորությունը, ինչ որ սովետի ժամանակ, երբ տարբեր ֆինանսավորվող ստուդիաներ կային, որտեղ տարբեր կոլեկտիվներ էին աշխատում, ուսանողներն էլ էին նստած աշխատում, եւ հնարավորություն կար կատարելու։ Որ տարին հնարավոր է լինում որեւէ նվագախմբի հետ համագործակցել, ազատ է լինում՝ կատարում ենք։ Ես ինքս 3 տարի անընդմեջ հնչեցրել եմ, թեկուզ փորձասրահում կարդացել ենք, արել»,- ասում է Ռուբեն Ասատրյանն ու հավելում, որ այս տարի հնարավոր չեղավ անել, որովհետեւ նվագախմբերը հյուրախաղերի էին, եւ ուսանողների ահռելի քանակ կար՝ 14 հոգի։



«Ուսանողներն այսօր շատ լավ գիտեն, որ տարբեր համակարգեր կան, համակարգչային համակարգով կենդանի ձայներով հավաքում են պարտիտուրները եւ հնչողությունը պարտիտուրի հետ ներկայացնում հանձնաժողովին։ Այսօր աշխարհի շատ երկրներում հենց նման համակարգով անցնում են քննություններ, եւ թող նման պահանջներ չդնեն, որովհետեւ կոմպոզիցիայի ամբիոնին չափազանց մեծ ուշադրություն ենք հատկացնում։ Կատարողական սֆերան այսօր շատ դժվար ժամանակների մեջ է, բայց հնարավորն արվում է։ Պատկերացրեք՝ նոր գրված ստեղծագործությունը դնես, որ ուսանողական նվագախումբը նվագի, չի կարողանա կատարել, նոր գրված ստեղծագործությունն առավել փորձված նվագախմբերը պետք է կատարեն, որպեսզի կարողանան վեր հանել ուսանողի գրածը։ Օրինակ՝ Փարիզի Կոնսերվատորիայում հատուկ պրոֆեսիոնալ նվագախումբ կա ստեղծված՝ Կոնսերվատորիային ծառայող, որտեղ երիտասարդ կոմպոզիտորների գործեր են հնչում, եւ ուսանող սիմֆոնիկ դիրիժորները փորձառություն են անցնում այդտեղ։ Այսօր Հայաստանը չունի դրա հնարավորությունը, դա մեծ բյուջեների խնդիր է, պրոֆեսիոնալ նվագախմբերը պետք է աջակցեն այդ ամենին»,- ասում է նա ու նշում, որ Կոնսերվատորիան չի կարող ունենալ նման բյուջե, որպեսզի հատկացնի ուսանողների գործերը կատարելու համար։ Ավելին՝ դիրիժորը կարծում է, որ այդ հարցը միշտ բաց կմնա, քանի դեռ չի ստեղծվել մի լաբորիատորիա-նվագախումբ՝ բաղկացած պրոֆեսիոնալ երաժիշտներից, ովքեր կկատարեն ուսանողների գործերը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ