Նախարարությունը համահայկական փառատոնից դուրս է թողել «անտեր» խմբերին

Նախարարությունը համահայկական փառատոնից դուրս է թողել «անտեր» խմբերին

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-28-ն անցկացվեց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը։ Ինչպես նշված է նախարարության կայքէջում՝ փառատոնին մասնակցում են Հայաստանից, Արցախից եւ աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր ու մենակատարներ: Բայց, պարզվում է, վերջին՝ գալա համերգի օրը փառատոնի ձեւաչափը հանկարծ փոխվում է, եւ համահայկական փառատոնը դառնում է միայն սփյուռքահայ մասնակիցների փառատոն, որից մի շարք տեղացի խմբեր դուրս են թողնվում։



«Նաիրյան» վոկալ անսամբլն այդ խմբերից մեկն է, որը ելույթ է ունեցել փառատոնի բացմանը՝ Երեւանում, ապա նաեւ՝ Գյումրիում, Վանաձորում, բայց գալա համերգին նախորդող օրը փառատոնի գեղղեկավար Էդվարդ Եսայանցը խմբին ասել է, որ չեն կարող մասնակցել գալա համերգին՝ պատճառաբանելով, որ մասնակից խմբերն ավելացել են, իսկ համերգն այդպես շատ կերկարի։ Մինչդեռ ի սկզբանե խմբին ասվել է, որ պետք է երգեն ե՛ւ բացման, ե՛ւ փակման համերգին։ «Ինձ համար սա խտրական վերաբերմունք է, ես ողջունում եմ մեր սփյուռքահայ մասնակիցներին, բայց կարելի էր ողջունել եւ խրախուսել նաեւ տեղաբնակ հայ մասնակիցներին։ Կամ էլ թող սկզբում ասեին, որ միայն մարզային համերգներին ենք մասնակցելու»,- ասում է խմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանն ու նշում, որ փառատոնի գեղղեկավարն իր խոսքի մեջ կոպիտ է եղել իրենց հետ եւ խմբի մասնակիցներին ասել է, որ այդքանն էլ ձեզ հերիք է։



Նաիրան ասում է, որ հաճույքով են մասնակցել փառատոնի հատկապես մարզային համերգներին եւ մեծ ոգեւորությամբ էլ պատրաստվում էին ելույթ ունենալ գալա համերգին։ Խմբի բոլոր ելույթները եղել են կենդանի կատարումներ, ինչը նշանակում է, որ որոշները կարող են շատ լավը լինել, որոշները՝ ոչ այնքան, բայց բոլոր դեպքերում էլ արժանացել են թե՛ հանդիսատեսի, թե՛ գործընկեր երաժիշտների բարձր գնահատականին․ «Նաեւ փառատոնի գեղղեկավար Էդվարդ Եսայանցն անձամբ մեր բոլոր ելույթներից հետո մեզ մոտեցել եւ շնորհավորել է, ասել է՝ շատ ապրեք»։ Ավելին, ինչպես նկատում է խմբի ղեկավարը, քանի որ ուշ են իմացել փառատոնի մասին, ուշ են ներկայացրել նաեւ հայտը, բայց Էդվարդ Եսայանցը, լսելով իրենց կատարումները, որոշել է, որ խումբն արժանի է մասնակցելու, եւ ներգրավել է փառատոնին։



Խմբի համար անհասկանալի է նախարարության, փառատոնի կազմակերպիչների պահվածքը, այն դեպքում, երբ հայտարարության մեջ նշել են, որ փառատոնին կարող են մասնակցել թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից եւ թե՛ Սփյուռքից։ Նաիրա Մուղդուսյանը համաձայն է, որ թույլ մասնակիցները չպետք է մասնակցեն գալա համերգին, բայց մի՞թե իրենք թույլ մասնակից էին, որ թույլ չեն տվել մասնակցել։ Այդ հարցին փառատոնի գեղղեկավարն ասել է՝ ոչ։ «Ասաց՝ դուք շատ լավ ելույթներ եք ունեցել եւ որակական բարձր հատկանիշներ ունեցող խումբ եք, բայց ժամանակը չի ներում, եւ ձեզ չեմ կարող թույլ տալ, նախապատվությունը տալիս ենք Սփյուռքից եկած մասնակիցներին։ Ասացի՝ իսկ ինչո՞ւ սկզբում չէիք ասում, ասում է՝ սկզբում չգիտեինք։ Հիմա ի՞նչ անենք, մե՞նք էլ գնանք դառնանք սփյուռք, որ մեզ հետ այդպես չվարվեն»,- ասում է Նաիրան։ Թեպետ խմբի աղջիկներին ասել են, որ ժամանակի սղության պատճառով չեն կարող թույլ տալ բեմ բարձրանալ, եւ նախապատվությունը տրվում է միայն Սփյուռքից եկած մասնակիցներին, բայց, խոսակցությունների համաձայն, որոշ տեղացի մասնակիցներ նույնպես ելույթ են ունեցել գալա համերգին։



Այս միջադեպը ծանր ազդեցություն է թողել խմբի անդամների վրա, ովքեր որոշել են այսուհետ մասնակցել միայն միջազգային փառատոների՝ խուսափելու համար նման դեպքերից։ Ի դեպ, «Նաիրյան» վոկալ անսամբլն իր ստեղծման մեկուկես տարիների ընթացքում մասնակցել է «Արտֆեստ» միջազգային փառատոնին՝ արժանանալով «Լավագույն խումբ» անվանակարգին, մասնակցել է նաեւ «Գլոբալ Արտ» միջազգային փառատոնին՝ ստանալով Գրան պրի մրցանակը: Նաեւ առաջադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը՝ «Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ» անվանակարգում։



Փառատոնի գեղղեկավար Էդվարդ Եսայանցից հետաքրքրվեցինք, թե ինչու են «Նաիրյան» վոկալ անսամբլին դուրս թողել փառատոնից․ «Հիմա որ Դուք զանգեցիք, ուղղակի ինձ բարկացրիք․ խնդիրն այն է, որ տեղի խմբերին չենք վերցնում ընդհանրապես, ինքն ուշացած զանգեց-խնդրեց՝ վերցրի։ Ես դա իրեն ու մյուս խմբերին բացատրեցի, հիմա որ Ձեզ դիմեց, ի՞նչ եք անելու,-զայրացած ասաց Եսայանցը։- Ես մեծ լավություն եմ արել իրենց, 10-15 օր առաջ զանգել-խնդրել է, որ մասնակցեն, ես էլ ընդառաջել եմ։ Բացմանը, 2 շրջաններում մասնակցել են համերգներին, բայց հիմա 4 խումբ է եկել արտերկրից»։ Այսինքն՝ այդ 4 խմբի պատճառո՞վ են դուրս մնացել փառատոնից։ «Դուրս չեն մնացել, ուղղակի կրճատվել է ծրագիրը․ բառերը ճիշտ օգտագործենք»։



Եսայանցից հետաքրքրվեցինք՝ եթե լավ խումբ չլիներ, կներգրավեի՞ն փառատոնին։ «Իհարկե՝ ոչ, ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, Կոնսերվատորիայի դասախոս։ Նույն բանն իրենց բացատրել եմ։ Ասաց՝ կարո՞ղ է վատն ենք, ասացի՝ ոչ, աղջիկ ջան, ուղղակի 4 խումբ է մտել, ես չեմ կարող ծրագիրը սարքել 4 ժամանոց»։



Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված էր, որ կարող են մասնակցել ե՛ւ Սփյուռքից, ե՛ւ Հայաստանից, բայց ստացվում է, որ ընթացքում փոխվե՞լ է փառատոնի ձեւաչափը։ «Այո, մենք տեղի խմբերից վերցնում ենք այն դեպքում, երբ ավելի թեթեւ է լինում ծրագիրը, ընդհանուր առմամբ՝ սենց, դրա համար ես վերցրել եմ, օրենքի խախտում թույլ չեմ տվել»։ Այլ կերպ ասած, տեղացի՝ հայաստանաբնակ երաժիշտները պահեստայինի կարգավիճակում են ներգրավվել փառատոնին։ Եսայանցը կտրականապես հերքեց, որ տեղացի խմբեր են ելույթ ունենալու գալա համերգին, ապա հավելեց՝ բացառությամբ 2 խմբի, մեկը՝ պաշտպանության նախարարության զորական անսամբլն է, որը բանակին նվիրված երգով է հանդես գալու։ Ստացվում է, որ, այնուամենայնիվ, բացառություն արել են։ «Դա բացառություն չէ, դա բանակի մասին երգ է, մնացածը Սփյուռքի խմբեր են եւ կատարողներ»։



Որքանո՞վ է ճիշտ փառատոնի ձեւաչափն ընթացքում փոխելը։ «Հիմա Դուք ինձ խորհո՞ւրդ եք տալիս, 4 խումբ ավելանալու համար 2 տեղի խմբերի հանել ենք, կրճատել ենք ծրագիրը»,- ասաց գեղղեկավարը, որն իրեն ուղղված բոլոր հարցերը որպես հարցաքննություն էր ընկալում։ Թե ինչ պայմաններում են այդ 4 խմբերն ավելացել, Եսայանցը նշեց, որ նրանք հայտերը ժամանակին տվել են, ուղղակի կասկածի տակ է եղել նրանց գալու-չգալու հարցը, ուստի այդ բացը որոշել են լրացնել տեղացի խմբերով։ Իսկ երբ այդ 4 խումբն ի վերջո հասել է փառատոնին, կազմակերպիչներն առանց վարանելու դուրս են թողել տեղացի խմբերին, բայց նրանց «տրամադրությունը չգցելու համար» ասել են ոչ թե մարզային համերգից առաջ, այլ՝ հետո։ Դա միայն ի՞ր որոշումն է եղել, թե՞ նաեւ նախարարության։ Եսայանցն ասաց․ «Իմ որոշումն է, որովհետեւ ես սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերի գեղարվեստական ղեկավարն եմ»։



Եսայանցն ասաց, որ ինքն էլ է հոգեպես վատ զգում, քանի որ երաժիշտ է, բայց դրա մեջ ոչ մի խնդիր չի տեսնում, ավելին՝ կարծում է, որ դա «լավ վարք չէ»։ Այն դիտարկմանը, որ նախարարության նման վարքն էլ առնվազն անփույթ եւ խտրական դրսեւորում կարելի է որակել, ասաց․ «Այդ բառերը չօգտագործեք, ո՞ւմ նկատմամբ է խտրականություն արվել»։ Թե փառատոնից դուրս թողնված այդ 2 խմբերի ելույթն ինչքան կարող էր երկարացնել համերգի տեւողությունը, Եսայանցն այս անգամ էլ նշեց, որ ոչ թե 2-ն էին, այլ՝ 4-ը, հակասելով արդեն ինքն իրեն։ «Գուցե այդ աղջիկը դատախազություն էլ դիմի, այս ի՞նչ մեթոդ է»,-նշեց նա ու հավելեց, որ սրանից հետո արդեն կմտածի՝ արժե՞ այդ խմբին նախարարության այլ միջոցառումների մեջ ընդգրկել, թե՞ ոչ։



Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ի պատասխան մեր հարցին, հետաքրքրվեց, թե որտեղից մեզ նման տեղեկություն, որ որոշ մասնակիցներ դուրս են թողնվել գալա համերգից։ «Ես չեմ ասում՝ աղբյուրն ասեք, ուզում եմ ասել, որ անիմաստ տեղեկություն եք ասում, չկա նման բան»,- զայրացած ասաց նա։



Այն դիտարկմանը, որ փառատոնի գեղղեկավարն է ասել, որ ժամանակի սղության պատճառով որոշ խմբերի դուրս են թողել, Սրապիոնյանն շտապեց ուղղել՝ ոչ թե ժամանակի սղության, այլ համարների շատության պատճառով․ «Եթե մի խումբ մի քանի համարով հանդես է գալիս, համերգը տեւում է 3-4 ժամ, իսկ որպեսզի կարողանանք մի քիչ կրճատել, թողել ենք մեկական համար»։ Թե ինչու են տեղացի խմբերի դուրս թողել, դրանով փոփոխել նաեւ փառատոնի ձեւաչափը, ապա փոխնախարարը հերքեց այդ փաստը՝ նշելով, որ գալա համերգին մասնակցում են նաեւ տեղացի խմբեր․ «Ես չգիտեմ՝ ինքը (նկատի ունի Եսայանցին) ոնց է ձեւակերպել իր միտքը, բայց համերգի համակարգողներից մեկն էլ ես եմ եւ գիտեմ, թե ինչ է կատարվում, ու չկա այդպիսի բան, որ տեղի խմբերը դուրս մնան, ու միայն Սփյուռքի խմբերը ելույթ ունենան»։ Այն, որ «Նաիրյան» վոկալ անսամբլն այդ խմբերից մեկն է, Սրապիոնյանը միայն նշեց, որ այդ խմբի մասին տեղեկատվություն չունի։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ