Ինչի՞ չաշխատի՝ ընդամենն այն բանի համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ

Ինչի՞ չաշխատի՝ ընդամենն այն բանի համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց բոլոր այն լրատվամիջոցներին, որ «կարգոների մասով շատ ճիշտ, անաչառ լուսաբանում է արվել»։



«Եվ, ինչու՞ չէ, ձեր լուսաբանման արդյունքում մենք ունեցել ենք որոշակի հաջողություններ։ Ձեր համառ լինելու և մեր համառ լինելու արդյունքում մենք էսօր գրանցում ենք հաջողություն։ Եվ կարող եմ ասել, որ օգոստոս ամսին միայն 1 մլրդ 857 մլն դրամ ԱԱՀ է վճարվել»,-ասաց Վարդան Հարությունյանը։



Հիշեցնենք, խոսքը նախկինում գործող «կարգոների» վերացման և մեկ ընդհանուր «կարգոյի» ստեղծման մասին է։ Այս նոր «կարգոյի» գործառույթներն իրականացնում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որի տնօրենը «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանն է։



«Այս ամսվա արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն, որովհետև մեր տնտեսվարողները գնալով հասկանում են, որ ունենալով համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ, իրենք կարողանում են իրենց շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն, որ վճարվում էր փաստաթուղթ չունենալու դեպքում, հիմա վճարել 1.5 տոկոսը և զերծ մնալ հարկային մարմինների ավելորդ վարչարարությունից»,-ասաց պարոն Հարությունյանը։



Hraparak.am-ի հարցին, թե փաստաթղթերի ձևակերպման խնդիրներ չե՞ն ունենում արդյոք տնտեսվարողները, քանզի նախկինում գործող կարգոներից օգտվում էին հենց այդ պատճառով, ՊԵԿ նախագահն ասաց․ «Ոչ, եթե դժվարանան, դուք տեղյակ կլինեք։ Կարող է և սկզբից մի քիչ դժվարանան։ Դժվարությունն էլ է մարդու համար։ Նոր համակարգ ենք ներդրել, ու պետք է ինչ-որ մի փուլում էլ դժվարություններ լինեն»։



Անդրադառնալով այն հարցին, թե Արմեն Ունանյանն իր նախկին գործընկերն է եղել «Գազպրոմում», և հիմա, ստացվում է, մտրիմին բերել է ՊԵԿ, Հարությունյանն ասաց․ «Ընկերության տնօրենը, այո՛, «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին հաշվապահն է ղեկավարում, որն ունի մեծ փորձ եւ պատրաստակամություն է հայտնել այդ ընկերությունում աշխատելու, ինչի՞ չաշխատի, ընդամենն այն բանի համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ, անհիմն է դա»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ