Պրիորիտետների հարց է

Պրիորիտետների հարց է

Մեր հասարակական դաշտում կատարվող իրադարձություններին կողքից հետեւողի համար դժվար կլինի ընդհանրացումներ անելը, թե՝ ինչով է ապրում մեր հասարակությունը, ինչն է նրան հուզում, ինչից է նա ընդվզում, ինչն է արագ մոռանում եւ ինչն է հիշողության մեջ ամրագրում։ Ասենք՝ օտարերկրացին ի՞նչ եզրակացության հանգի այն փաստից, որ կարագի, մսի, առաջին անհրաժեշտության մյուս մթերքների անսպասելի ու շոշափելի թանկացումը մեզանում ավելի մեղմ արձագանքի արժանացավ, քան «Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված» օրենքի քննարկումները։ Այսքան էներգիա ու ժամանակ որ տրամադրեցինք այդ օրենքին, կբավարարեր սոցիալական հեղափոխություն անելու, օրախնդիր տարբեր հարցեր բարձրացնելու եւ լուծելու համար։ Այնքան ռեսուրս, որ խորհրդարանական ընդդիմությունը ծախսեց, ասենք՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված գործընթացին, մի՞թե հնարավոր չէր ավելի նպատակային օգտագործել, ասենք՝ ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելուն, տեղերում կառույցներ ստեղծելուն, թեկնածուներ աճեցնելուն։ Երբեմն մեր ընդդիմության գործողությունները սիզիփոսյան մաքառումների են նմանվում, կամ՝ անիվը դատարկ պտտող սկյուռի շարժումների։ Պարապ ու անպտուղ։ Իսկ ընտրություններից ընտրություն արթնացող ու 3-4 տարի քնած ընդդիմադիրներին հետեւելիս հնարավոր չէ «Ճպուռն ու մրջյունը» հավերժ ակտուալ առակը չհիշել եւ ընտրությունների նախօրեին հարց չտալ․ «չաշխատեցի՞ր ամառը, ասա ի՞նչն էր պատճառը»։ Ի վերջո, ընտրությունների ելքը նախընտրական 40-45 օրվա ընթացքում չի որոշվում, այլ դրանից շատ ավելի վաղ։ Եւ երբ ընդդիմադիրները տարիներ շարունակ իրենց համախոհների հետ չեն աշխատում, ՏԻՄ-երում չեն առաջադրվում, հանձնաժողովների անդամներ չեն պատրաստում, ԱԺ անցնելու հույսեր էլ չպետք է փայփայեն։