«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան

«Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան

14 երկրների 31 քաղաքներում ցուցադրված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը հոկտեմբերի 21-ից կցուցադրվի նաեւ Հայաստանում։



«Ման Փիքչերս Ստուդիոյի» եւ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված «Փրկության քարտեզը» 5 միսիոներ կանանց մասին է. Քարեն Եփփե, Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա), ովքեր, թողնելով Եվրոպայում իրենց բարեկեցիկ կյանքը եւ դառնալով Հայոց մեծ եղեռնի ականատես, հայ երեխաների ու կանանց համար ապաստարաններ են հիմնադրել, որբանոցներ, փրկել հազարավոր հայ մանուկների կյանքը: Ֆիլմի ռեժիսորն Արամ Շահբազյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ «Ման Փիքչերս Ստուդիոյի» տնօրեն Մանվել Սարիբեկյանը։



«Փրկության քարտեզը» խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է՝ հիմնված իրական փաստերի վրա։ Այն վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը, ով անցնում է միսիոներ կանանց առաքելության ճանապարհը եւ գծում հայոց կոտորածների մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:



Նկարահանումներն իրականացվել են միսիոներ կանանց ծննդավայրերում` Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Էստոնիա: Ֆիլմը նկարահանվել է 9 երկրի 29 քաղաքներում, ինչպես նաեւ 3 թագավորական գրադարաններում, մի շարք պետական արխիվներում, թանգարաններում: Ֆիլմն ունեցել է 13 խորհրդատու՝ 8 երկրից, որոնցից 3-ը՝ հայ: «Փրկության քարտեզն» արդեն թարգմանված է 12 լեզվով։



Ինչպես նշեց պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, թեեւ պրեմիերան եղել է 2015-ին՝ Երեւանում, ապա նաեւ՝ Գյումրիում, բայց որոշ տեխնիկական եւ այլ խնդիրների պատճառով հնարավոր չի եղել այն բարձրացնել մեծ էկրան, այդ իսկ պատճառով ցուցադրումները շարունակվել են արտերկրում, իսկ օրեր առաջ էլ ցուցադրվել է Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում։ «Մինչ այդ, մարտի 5-ին, երկու սեանսով մեկ օրվա ընթացքում ցուցադրվեց «Փարամաունթ Փիքչերսի» կինոսրահում։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ բոլոր ցուցադրումները մեծ ռեզոնանս առաջացրին հանդիսատեսի մոտ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պարտավոր է ոչ թե տեսնել այս ֆիլմը, այլ իմանալ ֆիլմում ներկայացվող պատմությունը։ Սա ես ո՛չ որպես ֆիլմի պրոդյուսեր եմ ասում, այլ որպես հայ մարդ։ Մենք երախտագետ ժողովուրդ ենք եւ պարտավոր ենք իմանալ մեր երախտավորներին եւ այն սրբագույն մարդկանց, ովքեր, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, եկել են Արեւմտյան Հայաստան եւ իրենց նվիրել մարդկանց փրկելու եւ օգնելու սուրբ գործին։ Այս ֆիլմն էլ, նախեւառաջ, մարդասիրության մասին է»,- ասում է Մանվել Սարիբեկյանն ու ընդգծում, որ հանդիսատեսի վերաբերմունքը բոլոր ցուցադրություններից հետո համոզել է իրեն, որ կարողացել են հասնել ցանկալի արդյունքի։ Իսկ Էստոնիայում, Նորվեգիայում ֆիլմի դիտումից հետո շատերը, այդ թվում՝ դեսպանը, խոստովանել են, թե շատ են ամաչում, որ մինչ դիտումը չեն ճանաչել իրենց հայրենակից միսիոներ կանանց։



«Ֆիլմի հենց առաջին նկարահանումներից հետո ինչ-որ միստիկ բաներ նկատեցինք, կարծես ուժեր կային, որ մեզ ուղեկցում էին, որը հետո շարունակվեց ամբողջ ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Դա հնարավոր չէր ուրիշ ձեւ մեկնաբանել, եթե ոչ Աստծո հաջողություն, որովհետեւ այնպիսի դռներ էին բացվում մեր առջեւ, այնպիսի պատահական հաջողություններ էին լինում, որ անկանխատեսելի էին։ Օրինակ՝ մեր տեղի հայրենակիցները զարմացած էին, որ Հայաստանից եկել է մի նկարահանող խումբ եւ ուզում է Դանիայի թագավորական գրադարանում նկարահանում իրականացնել, նյութեր վերցնել՝ չունենալով նախապես պայմանավորվածություն»,- ասում է ֆիլմի պրոդյուսերը։



Հոկտեմբերի 21-ից ֆիլմը կցուցադրվի հայաստանյան մի քանի կինոթատրոններում՝ «Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», թե ինչու «Կինոպարկում» եւ «Սինեմասթարում» այն չի ցուցադրվելու, ապա, պարզվում է, կինոթատրոններից ֆիլմի պրոդյուսերին պատասխանել են, որ դա իրենց ռազմավարության մեջ չի մտնում, ֆիլմը դրամարկղային չէ, եւ եկամուտ չեն կարող ակնկալել։ Մանվել Սարիբեկյանը նկատում է՝ որքան ունենանք երախտագետ հանդիսատես, այնքան էլ ֆիլմը կմնա էկրանին։



«Փրկության քարտեզը» «Ման Փիքչերս Ստուդիոյի» նախաձեռնած ֆիլմաշարի առաջին ֆիլմն է, հաջորդիվ լինելու են այլ ֆիլմեր, որտեղ պետք է ներկայացվեն հայ երախտավորների մասին պատմություններ։ Դրանց առանցքում դարձյալ հայոց ցեղասպանության մասին դեպքերն են լինելու․ «Հիմա պատրաստում ենք նախագիծ, որտեղ կներկայացնենք ԱՄՆ-ի դերակատարումը հումանիտար օգնության ցուցաբերման գործում, իսկ նրանք ցուցաբերել են օգնություն ոչ միայն հայերին, այլ նաեւ հույներին, ասորիներին, հրեաներին եւ մյուս փոքրամասնություններին, որ ապրել են Օսմանյան կայսրությունում»։ Ֆիլմաշարն առայժմ կրում է «Երախտագիտության քարտեզ» պայմանական վերնագիրը, եւ ֆինանսական աջակցության դեպքում շատ արագ կնկարահանվեն մյուս ֆիլմերը եւս։



Ինչպես Մանվել Սարիբեկյանն է նկատում, երախտավորներից յուրաքանչյուրի մասին կարելի է նաեւ առանձին խաղարկային ֆիլմ նկարել, բայց դարձյալ ֆինանսական առումով բարդ է ու ծախսատար, իսկ նման թեմայի համար գումար ակնկալել մասնավոր ներդրողներից կամ այլ երկրներից՝ շատ բարդ է։ «Փրկության քարտեզը» մի քիչ բարդ է ներկայացնել նաեւ տարբեր փառատոների, որովհետեւ, նախ՝ այն չի ստեղծվել նպատակային, որպես փառատոնային ֆիլմ, եւ հետո՝ շատ փառատոներ եւ արտասահմանյան հեռուստաընկերություններ վերապահումով են մոտենում Հայոց ցեղասպանության թեմային․ «Դրա համար հաջորդ նախագիծը փորձելու ենք էլ ավելի համամարդկային ձեւաչափով ներկայացնել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ