Առաջ շարժվելու համար
Անդրադառնալով Լոս-Անջելեսում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավիճակը պետք է վերադառնա 1998թ. ստատուս-քվոյին, լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը տպավորություն է փոխանցում. «Խոսելով 1998 թվականի ստատուս-քվոյի մասին՝ Նիկոլ Փաշինյանը «քաղաքական ենթագիտակցականով» սահմանել է «սեփականի» ու «օտարի» ժամանակային շրջանակները: Կարեւոր չէ, թե ինչ է եղել մինչեւ 1998 թվականը, գլխավորը՝ վերադառնալ «ելակետին» եւ հարցնում. «2018 թվականին հեղափոխական փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ ցանկանու՞մ էին ստատուս-քվոն վերադարձնել 1998 թվական: Մի՞թե հեղափոխություն է եղել իրավիճակը հետ, այլ ոչ թե առաջ տանելու համար»:
Այդ մասին ուրիշները խոսում են ավելի բաց եւ պահանջ դնում, որ վարչապետը հստակ տեսակետ արտահայտի Արցախի հարցում: Ինչու՞ է տագնապել վերոբերյալ հրապարակման հեղինակը: Զգացել է, որ Փաշինյանը կարող է վերադառնալ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրմա՞նը: Ըստ երեւույթին՝ այո: Նման զգացողություն շատերն ունեն: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը նույնիսկ չի բացառում սցենարի կրկնությունը, երբ իշխանությունից հեռացվեց Հայաստանի առաջին նախագահը:
Փաշինյանն, անշուշտ, գիտի, որ Արցախի հարցով որեւէ հստակ դիրքորոշում կարող է «վերջի սկիզբը» դառնալ, բայց որքա՞ն է տեւելու խուսանավումը: Դժվար է խոստովանել, որ ամբողջ երկու տասնամյակ վատնվել է, եւ Արցախի հարցում սկզբունքային որեւէ ձեռքբերում չկա: Կարելի է, ինչպես ասում են, մի որոշ ժամանակ էլ «ձգել»: Բայց որքա՞ն: Ի՞նչ ռեսուրսներով: Հանուն ինչի՞: Որեւէ մեկը կարո՞ղ է իրական ռեժիմում հիմնավոր ծրագիր բերել, որ Արցախի անկախությունը փաստացի սահմաններում կճանաչվի կամ տեղի կունենա միավորում: Այդ հարցում ովքե՞ր են մեր դաշնակիցները: Ասել, թե միջազգային ազդեցիկ խաղացողները դեմ են ստատուս-քվոյի փոփոխությանը, բավարար չէ: Այսօր «դեմ են»: Վաղն ամեն ինչ կարող է հիմնաշրջվել: Բանակցությունները հնարավորություն են, որ մենք ապագայի կերտման մասնակիցը լինենք: Բայց ո՞վ կարող է բացառել սցենարը, երբ ամեն ինչ կարող է կատարվել առանց մեզ: Ծանրագույն հարցից անվերջ խուսափել հնարավոր չէ: Իշխանությունը մի օր, մի X պահի պարտադրված է լինելու արտահայտել հստակ դիրքորոշում: Առաջ շարժվելու համար, հնարավոր է, հարկ լինի վերադառնալ 1998-ին: Եթե անցած քսան տարում սկզբունքորեն ոչինչ չի փոխվել եւ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը մնում է օրախնդիր:
Կարծիքներ