Անամոթ ու անպատժելի

Անամոթ ու անպատժելի

Երբ իշխանավորը դառնում է անպատժելի ու ցինիկ, իսկ հասարակությունը՝ անտարբեր ու հոգնած, հասարակական ներազդման լծակները դադարում են գործել։ Երբեմն մարդիկ տարակուսում են՝ ուրիշ ի՞նչ պետք է կատարվեր մեր երկրում, որ մարդիկ ընդվզեին։ Ընտրություններում խարդախ ու խաբեբա մեխանիզմների կիրառում, կալանավորված անձանց խոշտանգում դատարանում, մանր ու միջին բիզնեսի ոչնչացում եւ օլիգարխների մենաշնորհների դաշտի ընդլայնում՝ այս ամենն այլեւս զայրույթի ալիք չի բարձրացնում։ Իսկ իշխանություն կրողներն ավելի ու ավելի անամոթ են դառնում։ Երբ «Սասնա ծռերի» ծեծի կապակցությամբ Կարեն Ավագյանին լրագրողը հարցնում է՝ հնարավո՞ր է, որ սրանով իշխանությունը փորձում է լռեցնել պայքարի վերջին օջախները, եւ վերադառնում ենք 37 թիվ, պատգամավորն ասում է․ «Եթե 37 թիվ լիներ, Դուք այդ հարցը չէիք կարող տալ»։ Այսինքն, մի պատի տակ «սատկացրած կլինեինք», ուրեմն գոհ եղեք, որ չենք անում, եւ դա վկայում է, որ դեմոկրատ ենք ու առաջադեմ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը եթերում հայտարարում է՝ հիմնադրամն աշխատում է «ֆենոմենալ մակարդակի թափանցիկությամբ․․․ մեր պես թափանցիկ աշխատող կազմակերպություն ես չեմ ճանաչում»։ Եվ սա ասում է մի կազմակերպության ղեկավար, որի աշխատանքների հետ կապված մի պարզունակ հարցմանն ի պատասխան հայտարարել էին, որ վիրավորվել են մեր հրապարակումներից եւ որոշել են «դադարեցնել համագործակցությունը» մեր լրատվամիջոցի հետ։ Ապա պայման էին դրել, որ մեր հարցերին կպատասխանեն, եթե մենք դրական ներկայացնենք իրենց գործունեությունը։ Իսկ մերժում ստանալուց հետո էլ անամոթաբար հայտարարել էին․ «Այդ դեպքում նախօրոք ներկայացրեք Ձեր հոդվածի բովանդակությունը։ Հակառակ դեպքում՝ չենք տրամադրում Ձեր հարցերի պատասխանները»։