Հարազատներին եկեղեցիների տարածքում հուղակավորելու նոր ավանդույթ է ձեւավորվում

Հարազատներին եկեղեցիների տարածքում հուղակավորելու նոր ավանդույթ է ձեւավորվում

Սանահինի սկանդալից հետո երեկ համացանցում սկսեց շրջանառվել եւս մեկ լուսանկար, այս անգամ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Շողագավանքից, որի կիսավեր գմբեթի տակ 2 հսկայական տապանաքար էր տեղադրված` հանգուցյալների ծննդյան եւ մահվան ամսաթվերով: Փաստորեն, Հայաստանում հարազատներին հուղարկավորելու նոր ավանդույթներ են ձեւավորվում եւ ոչ ավել ոչ պակաս պատմամշակութային հուշարձան համարվող կիսավեր եկեղեցիների տարածքներում:  



Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը կատարվածի բացատրությունն ունի: Ըստ նրա, դրանք նոր հուղարկավորություններ չեն, այլ նախկինում` 1940-50-ական թվերին արված. «Եթե նոր թաղում լինի մենք դրա դեմը կառնենք»: Այսինքն պահակներն ամեն օր շրջո՞ւմ են տարածքում. «Ամեն օր չեն կարող շրջել, նրանք ժամանակ առ ժամանակ են շրջում եւ եթե նոր թաղում լինի, մենք թույլ չենք տա, որ դա լինի»:   



Արդյոք քայլեր ձեռնարկե՞լ են հուղարկավորված մարդկանց հարազատների հետ կապվելու համար, պարզվեց՝ կապվել են, բոլորի հետ էլ զրուցել են, բայց մինչեւ կառավարության որոշում չլինի, չեն կարող հարազատներից պահանջել, որ իրենց հանգուցյալներին տեղափոխեն եւ ուրիշ տեղ հուղարկավորեն. «Նման գերեզմանոցներ շատ կան, երբ հին ու նոր գերեզմանոցները խառնվել են իրար, եթե կառավարությունը որոշում կայացնի, որ հուշարձանի տարածքում սովետական ժամանակշրջանից արված այդ տապանաքարերը հանվի` կարվի, որովհետեւ դա լուրջ խնդիր է եւ արդեն կառավարության խնդիրն է»:



Մեր այն դիտարկմանը, որ լուսանկարից պարզ երեւում է, որ տապանքարերից մեկի պատվանդանը նոր է սարքվել եւ չի կարող 40-50-ականներին կառուցված լինել, Գասպարյանն ասաց. «Նոր չի արվել, նախկինում այդ բետոնը արված է եղել եւ այդ կնոջ գերեզմանի վրա, որ քարը դրված է եղել` դրվել է 80-ական թվականներին, իսկ նոր շիրմաքարն էլ` 2013թ-ին»: Թե այդ ժամանակ հուշարձանի պահապանները, պատկան մարմինները եւ անձամբ ինքը որտե՞ղ են եղել, որ թույլ են տվել նոր շիրմաքար տեղադրվի, մարզային ծառայության պետի տրամաբանությունն ուղղակի ապշեցրեց մեզ. «Դա նոր թաղում չի եղել»: Ստացվում է, որ իրենք ոչ միայն չեն կանխում, այլեւ թույլ են տալիս, որ մարդիկ իրենց հարազատների շիրիմներն ամրապնդեն եւ ընդլայնեն հուշարձանի տարածքում. «Չեն ընդլայնում, իրենք ընդամենը հին բետոնատարածքի վրա շիրմաքար են տեղադրել իրենց ծնողի վրա»,-նորից իրենը պնդեց Գոռ Գասպարյանն ու հրաժարվեց այլեւս որեւէ հարցի պատասխանել:



Մնում է եւս մեկ անգամ փաստել, որ կատարյալ անտերություն է տիրում մեր երկրում հուշարձանների պահպանության ոլորտում եւ այդ հարցում նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ները, պահպանության ծառայության պետերը ոչ միայն քայլեր չեն ձեռնարկում, այլեւ լուռ ականատեսն ու մասնակիցն են դառնում հուշարձանների պղծման:



Սոնա Ադամյան