Քննարկել են նաեւ «Հայֆիլմի» թանգարան ստեղծելու հարցը

Քննարկել են նաեւ «Հայֆիլմի» թանգարան ստեղծելու հարցը

«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» հեղինակ ռեժիսոր Հայկ Բաբայանն օրերս հանդիպել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը, հրավերը եղել է Ամիրյանի կողմից, եւ զրույցն էլ ծավալվել է «Հայֆիլմի» եւ հայկական կինոյի շուրջ. «Արմեն Ամիրյանը ցանկանում է, որ մեր նախաձեռնությունը, նախարարությունը եւ կինոկենտրոնը՝ իր նոր կազմով, որդեգրեն մի քաղաքականություն։ Կարծում եմ՝ նախարարությունն էլ է արդեն նկատում, որ «Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» էջում արված հրապարակումներին մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում, քան թե, օրինակ, Կինոկենտրոնին, դրա համար ասաց՝ որդեգրեք մի քաղաքականություն, մի առանձնացեք, միավորվեք մեզ՝ միասին գործենք»։ 



Թե միասին գործել ասելով ինչ է նկատի ունեցել նախարարը՝ մասնակցե՞ն իրենց թռուցկաժողովներին, թե՞ որոշակի ծրագրեր կմշակեն, ապա. «Ինձ այնպես է թվում, որ բոլորիս որդեգրած քաղաքականությունը լինի մեկը։ Շատ հաճախ մտածում են՝ եթե «Հայֆիլմի» վերծննդի նախաձեռնություն, ուրեմն ինչ-որ բանի դեմ է, բայց մենք ինչ-որ մի բանի դեմ չենք, մենք կողմ ենք միայն նրան, որ կինոն զարգանա, մթնոլորտ ստեղծվի, «Հայֆիլմը» վերակառուցվի։ Ամիրյանը հորդորեց, որ Կինոկենտրոնի նոր ղեկավարության հետ կապի մեջ լինենք, համաձայնեցնենք քայլերն իրար հետ»։



Հայկ Բաբայանն առաջարկել է հայկական կինոյի կամ «Հայֆիլմի» թանգարան ստեղծել, դա կլինի հենց «Հայֆիլմում», թե ուրիշ մի տեղ, արդեն ժամանակի հարց է։ Նա մասնավորապես առաջարկել է մտածել գրաֆիտե նկարների լուծումներով վերանորոգման եւ մյուս բոլոր հնարավոր տարբերակների շուրջ. «Եթե կինոթանգարանի մշակույթը ձեւավորենք, ապա դա կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլեւ կդառնա ուսումնական, կրթական ու մշակութային կենտրոն»։



Ռեժիսորը նորմալ է վերաբերվում այն կինոգործիչներին, ովքեր չեն կիսում իրենց լավատեսությունը «Հայֆիլմի» վերածննդի շուրջ, դրա փոխարեն միայն նշում է, որ իրենց նախաձեռնությանը միացել են ինչպես պրոֆեսիոնալ կինոգործիչներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ. «Մենք որ գնում՝ «Հայֆիլմում» ակցիաներ, շաբաթօրյակ, ծառատունկ էինք անում, այնտեղ այնպիսի մարդիկ էին գալիս, ովքեր ընդհանրապես արվեստի հետ կապ չունեին, բայց համընդհանուր ոգեւորություն կար, գիտեին, որ «Հայֆիլմն» արժեք է»։



Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» հետագա ճակատագրին, ապա Հայկ Բաբայանը կարծում է՝ ինչքան էլ որ պետությունը ֆինանս ունենա, այն այլեւս 100 տոկոսով չի կարողանա ծառայել կինեմատոգրաֆին, քանի որ, ի տարբերություն Սովետական Հայաստանի, այսօր Հայաստանի Հանրապետությունում 2 մլն․-ից մի քիչ ավել մարդ է ապրում, որտեղ կինոպահանջարկը եւ դրա սպառումը շատ քիչ են. «Այնտեղ կինոյին ծառայող կարող է 2 պավիլիոն, մի քանի սենյակ լինել, մնացած դեպքում պետք է արդեն ձեւավորվի կինոմիջավայր, եւ «Հայֆիլմն» այդպես ծառայի իր նպատակին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ