Պատմությունը կրկնվում է

Պատմությունը կրկնվում է

Երբ 90-ականների սկզբին համակարգ էր փոխվում, եւ խորհրդային 70-ամյա ժամանակաշրջանին գալիս էր փոխարինելու «ազատ, անկախ Հայաստանը», բոլոր հեղափոխություններին բնորոշ «քանդենք, նորը կառուցենք» իրավիճակն էր տիրում մեր երկրում։ Մեզ թվում էր՝ խորհրդային ցանկացած բան խանգարում է մեր անկախության կայացմանը, եւ եթե մենք ուզում ենք իրոք անկախ ու բարեկեցիկ երկիր ունենալ, որքան հնարավոր է՝ արագ պետք է ջարդենք, փշրենք, հողին հավասարեցնենք նախկինը։ Եվ սկսվեց պայքարն առաջին հերթին սովետական ատրիբուտիկայի դեմ՝ արձաններ, անվանումներ, կառույցներ, կապեր, ատոմակայան ու «Նաիրիտ», «Մերգելյան» ու «Սիրիուս», տրամվայներ ու ճոպանուղի, կոլխոզներ ու կոմկուս։ Այն ամենը, ինչ ստեղծվել էր սովետական տարիներին ու սովետական գործիչների ձեռքով, մերժվում էր, ոչնչացվում ու քանդվում։ Հետո՝ շատ տարիներ անց միայն մենք պետք է հասկանայինք, որ ատոմակայանն ու «Նաիրիտը» սովետական գաղափարախոսության հետ ոչ մի կապ չունեն, որ տրամվայներ ու ճոպանուղի աշխարհի բոլոր երկրներում կան, կոլեկտիվ տնտեսություններն ու կոմունիստական գաղափարախոսությունն էլ գոյատեւելու իրավունք ունեն։ Եվ դրանց մեծ մասի զրոյից ստեղծումն ավելի մեծ ջանքեր ու միջոցներ է պահանջում, քան պահպանելը կպահանջեր։ Կարծում եմ՝ շատերն են հիշում այն էյֆորիան, որն ապրում էին մարդիկ Լենինի արձանը տապալելու տեսարանին ի տես։ Կամ՝ երբ Լենինի պողոտան վերանվանվում էր Մաշտոցի, Մարքսինը՝ Խորենացու, Կրուպսկայայի անվան դպրոցը՝ Նիկոլ Աղբալյանի։ Բայց դեռ այն ժամանակ կային մարդիկ, որոնք ասում էին՝ անվանափոխությունը դեռ նորացում չէ։ Մենք ոչ թե անուններից, այլ հին մտածողությունից ազատվելու խնդիր ունենք՝ պատմությունը ջնջել չի կարելի, եւ անգամ արձաններին պետք չէ ձեռք տալ։