Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լուսանկարներ)

Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լուսանկարներ)

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ 2018 թ․ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում) կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, հայ ազգային հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում ամիսներ առաջ կայացրեց Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարեց մրցույթ, համաձայն որի՝ հուշարձանը պետք է մարմնավորի «հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը»: Մրցույթի հաղթողն իրավունք կստանա իրականացնել Արամ Մանուկյանի հուշարձանը, որի մրցանակային ֆոնդը մոտ 100 հազար դոլարին համարժեք է, երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգեւատրվի 1500, իսկ երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը)՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: 



Նախօրեին արդեն քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի (ժյուրիի) 2017 թվականի օգոստոսի 15-ի կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել: Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացել են խրախուսական մրցանակների: Միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով` որոշվել է մրցույթը երկարաձգել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 18-ը, հնարավորություն տալով այլ ստեղծագործողների եւս մասնակցել, իսկ նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ:



Մրցութային հանձնաժողովի նախագահը եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Ժյուրիի կազմում է եղել նաեւ Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը, ով մեզ հետ զրուցում մասնավորապես նշեց. «Քանի որ ժյուրին գտել է, որ արժանի ոչ մի աշխատանք չկա, եւ շատերն ունեին ոչ թե թերություն, որովհետեւ հեղինակները մինչեւ վերջ աշխատել են քանդակների վրա, այլ ուղղակի որոշվեց ընտրել 4 աշխատանք՝ հավասար խրախուսական մրցանակներով, եւ իրենց հրավիրել 2-րդ փուլին, որը նորից բաց մրցույթ է, եւ ցանկացած քանդակագործ, ճարտարապետ կարող է դրան մասնակցել, իսկ հաջորդ փուլն անցկացնելու համար մեկ ամիս ժամանակ կա։ Այս անգամ մենք սպասում ենք ավելի էսքիզային տարբերակներ՝ Արամ Մանուկյանին որպես պետական գործչի պատկերող»։



Ինչպիսի աշխատանքներ են ներկայացվել մրցույթին, եւ ինչին են ուշադրություն դարձրել, Ալեքսանդր Բադալյանը կարճ պատասխանեց. «Այնտեղ առանձնապես աշխատանքներ չկային, որոնց վրա ուշադրություն դարձնեինք, բացառությամբ առաջին 4-ի, որոնք էլ ստացան խրախուսականններ։ Չի եղել աշխատանք, որ լավն է եղել ու ձայն չի հավաքել»։ Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է 15 աշխատանք, որոնք բոլորը ներկայացված են եղել ծածկագրերով, ժյուրին այդպես էլ գնահատել է աշխատանքները՝ չիմանալով հեղինակների ինքնությունը։



Ներկայացված 15 աշխատանքներն այս օրերին ցուցադրվում են Երեւանի պատմության թանգարանում։ Ինչ խոսք, Արամ Մանուկյանին պատկերելու հարցում քանդակագործների եւ ճարտարապետների մտքի թռիչքը տարբեր մասշտաբներով է դրսեւորվել։ Մի քանի գործերում Արամ Մանուկյանը պատկերված է հեղափոխական կերպարով՝ բռունցք արած, դրոշը ծածանելիս, պետականության բոլոր սիմվոլներով։ Եթե ներկայացված աշխատանքներից մեկում նա էլ Նժդեհի նման հիշեցնում է Պետրոս Առաջինին, ապա մեկ ուրիշ աշխատանքում Արամ Մանուկյանին քանդակելիս հեղինակն ակնհայտորեն ազդվել է «Գահերի խաղը» ֆիլմաշարի հերոսներից։ Ներկայացված նախագծերից մեկում էլ Արամ Մանուկյանն Արարչի կերպարով է, հեղինակը, կարծես ցանկանալով ընդգծել նրա արարչագործ էությունը, առաջին պլանում թերձեւավորված մերկ երեխայի ֆիգուր է դրել, որն ավելի շատ սարսափ է հաղորդում, քան վեհություն։ Մեկ այլ աշխատանքում դարձյալ Մանուկյանին տեսնում ենք երեխաներով շրջապատված, այս անգամ նրանք շատ են ու կարծես փորձում են մտախոհ Արամ Մանուկյանին շեղել իրենց խաղով։ Ինչ խոսք, տպավորվելու եւ Արամ Մանուկյանին արժանի շատ քիչ բան կար ներկայացված աշխատանքներում։



Հիշեցնենք, որ դեռ 2009-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դիմել էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ առաջարկելով Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում, որին ընթացք չտրվեց։ Դրանից հետո՝ մի քանի տարի առաջ, Դաշնակցությունն առաջարկել էր Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Արամի փողոցում գտնվող իր իսկ տան բակում, բայց քանի որ տունն անմխիթար վիճակում է եւ պետք է ընդգրկվի «Հին Երեւան» նախագծի մեջ, ապա արձանի տեղադրման հարցը կրկին օրակարգից դուրս էր մնացել։



Մենք տեղեկացանք, որ մրցույթի կազմակերպիչներն այժմ դիմում են տարբեր քանդակագործների՝ առաջարկելով մասնակցել սեպտեմբերի 18 տեղափոխված մրցույթին։ Մտավախություն կա, որ ներկայացված աշխատանքները կրկին չեն բավարարի ժյուրիին, եւ մրցույթը չի կայանա, իսկ Արամ Մանուկյանի արձանն անպայման որոշել են կանգնեցնել Երեւանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ