«Հարրի Փոթերում» ոչ մի ապազգային բան չկա, և չի հակասում նրան, ինչ անում ենք բանակում

«Հարրի Փոթերում» ոչ մի ապազգային բան չկա, և չի հակասում նրան, ինչ անում ենք բանակում

Օրեր առաջ «Հրապարակն» անդրադարձել էր մի միջադեպի, երբ զորամասերից մեկում հրամանատարը, տեսնելով զինծառայողներից մեկին «Հարրի Փոթեր» գիրքն ընթերցելիս, խլել էր այն, պատռել եւ ասել՝ կարգին բանով զբաղվիր։ Հետո ՊՆ-ից կարծիք հնչեց, որ «Հարրի Փոթերը» զինվորի տարիքի ընթերցելու գիրք չէ։ 



Ի վերջո, ո՞վ կարող է ասել՝ «Հարրի Փոթերը» զինվորի տարիքի ընթերցելու բա՞ն է, թե՞ ոչ։ Հայ զինվորների համար հատուկ թեմատիկ գրականության ցանկե՞ր են կազմել, որ հրամանատարները թույլ տան դրանք կարդալ եւ հանկարծ չպատռեն։ Որքանով է «Հարրի Փոթերը» տեղավորվում միայն մանկապատանեկան գրականության շարքում, եւ ինչքանով է ճիշտ ժանրային, տարիքային սահմանափակումներ դնել նման գրականության դեպքում, սա դեռ հարցի մի կողմն է։ Քանի որ, անկախ ամեն ինչից եւ նախեւառաջ, այս միջադեպն ուշագրավ էր գրքի հանդեպ դրսեւորված վերաբերմունքով։



«Զանգակ» հրատարակչությունը, որն արդեն տպագրել է «Հարրի Փոթերի» առաջին 2 հատորները, մինչեւ տարեվերջ կտպագրի նաեւ 3-րդը։ «Զանգակի» հրատարակչական խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանի համար շատ տարօրինակ է գիրքը մարդու ձեռքից վերցնել-պատռելու հանգամանքը կամ տարբերակումներ դնելը, թե զինվորը որ գիրքը պետք է կարդա, ինչ տարիքի համար է դա նախատեսված. «Ընդհանրապես, գրականության մեջ տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված գրքեր կան, բայց դրանք պայմանական դասակարգումներ են, եւ առաջին հերթին կարեւոր են գրքի գեղարվեստական արժեքն ու ընթերցողի վերաբերմունքը գրքի նկատմամբ։ Այսինքն՝ մանկական գրքեր որ ասում ենք, նկատի չունենք, որ դրանք պարզունակ գրքեր են, իրականում դրանք ամենախորը գրքերն են, որովհետեւ մանուկներին հասկանալի, ընկալելի, նրանց աշխարհը չխաթարող, զարգացնող, կառուցող, երեւակայությունը զարգացնող գրքերը շատ խորը եւ բարձր գեղարվեստականություն ունեցող գրականություն են։ Այս դեպքում եւս շատ պայմանական է դասակարգումը, եւ, կարծում եմ, տեղին չէ նման մոտեցումը, այսինքն՝ եթե ընդունված է, որ «Հարրի Փոթերը» ֆենթըզի է, ուրեմն երեխաների կամ պատանիների համար է նախատեսված։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կարդում են «Հարրի Փոթեր», եւ այնտեղ ոչ մի վատ կամ ապազգային բան չկա, ընդհակառակը՝ մարդու երեւակայությունն է զարգացնում, մարդուն երազել է տալիս, բարոյական բարձր արժեքներ է դաստիարակում, չարի եւ բարու հավերժական պայքարը կա՝ բարու հաղթանակով»։



Ի վերջո, կարծես ոչ մի տեղ գրված չէ, որ ֆանտաստիկ գրականությունը հակասում է ռազմական գործին։ «Իհարկե, ոչ մի նման բան չկա, եւ նման ժանրային դասակարգումները՝ էլ չեմ ասում տարիքային, հաճախ այնքան պայմանական են»,-ասում է Հայկ Համբարձումյանն ու ընդգծում, որ թեմատիկ առումով պետք չէ գնահատել գրականությունը. «Չեմ կարող ասել, թե ինչ իրավիճակում է եղել դեպքը, բայց, ամեն դեպքում, չեմ ողջունում նման մոտեցումները՝ զինվորի, մարդու ձեռքից գիրքը խլելը, ինչ ուզում են, թող կարդան, մարդն ազատ է»։



Եթե «Հարրի Փոթերի» փոխարեն զինվորը «Վարդանանքը» կարդար, հրամանատարը դարձյալ նույնկե՞րպ կվարվեր։ Համբարձումյանը դժվարանում է ասել, քանի որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, բայց կարծում է, որ չարժե առանձնահատուկ ցանկեր կազմել զինվորների համար. «Չեմ կարծում, որ զինվորները բանակին հատկացրած 2 տարիների ընթացքում պետք է գիրք կարդալով հայրենասիրություն ձեռք բերեն կամ հայրենիքը պաշտպանել սովորեն։ Այդ ամեն ինչը տեղի է ունենում աստիճանաբար, դպրոցից, ընտանիքից սկսած, եւ այնպես էլ չէ, որ ինչ-որ գրականություն պետք է արգելել, որը խաթարում է զինվորի մարտական ոգին։ Այսինքն՝ ցանկեր կազմելուց եւ այլնից առաջ պետք է մտածել բանակում մթնոլորտն այնպես բարելավել, հրամանատարների հետ հարաբերություններն այնպես կարգավորել, որպեսզի զինվորները լավ ոգի ունենան, միշտ պատրաստ լինեն պաշտպանությանը։ Այստեղ գրականության խնդիր չկա, թեեւ կարելի է որոշակի ցանկեր կազմել, բայց ոչ թե բուն հայրենասիրական ոգին պահպանելու համար, այլ որպեսզի մարդը զարգանա, սովորի հաղորդակցվել, արժեհամակարգ ձեւավորի։ Իհարկե, կա կոնկրետ քարոզչական գրականություն, բայց, իմ կարծիքով, դա այդքան էլ նպատակահարմար չէ։ Գիրքն առաջին հերթին դաստիարակում է մարդուն, անկախ նրա որեւէ վայրում գոյության ընթացքից կամ որեւէ պատմական որոշակի կարեւոր պահերից։ Եթե մարդը լավ գրականություն է կարդացել, բարոյական բարձր արժեքների վրա է դաստիարակվել, նա հաստատ հայրենասեր կլինի, կսիրի իր դիմացինին, կհարգի հրամանատարին, եւ հակառակը՝ եթե մարդը գիրք չի կարդացել, ինչքան ուզում ես, բեր՝ պատերին լոզունգներ գրի կամ ինչքան ուզում ես, «Վարդանանքը» տուր կարդա՝ նա հայրենասեր չի դառնա, չի հարգի իր ընկերոջը։ Հայրենիքի հանդեպ սերը քարոզչական գրականությամբ չի դաստիարակվում, եւ ոչ էլ մարտական ոգին»։



Այն, որ «Հարրի Փոթերը» տարիներ շարունակ հետաքրքրությունը չի կորցնում ընթերցողների շրջանում եւ մեծ մասսայականություն է վայելում, ըստ գրականագետի, պայմանավորված է շատ հանգամանքներով. «Ջ. Ռոուլինգը վարպետ հեղինակ է եւ կարողանում է ընդհանուր առասպելաբանությունից, էպիկական գրականությունից հայտնի մոտիվները բերել-շարահյուսել, ներկայացնել ժամանակակից իրականության եւ ժամանակակից մարդու հետաքրքիր թեմաների համադրությամբ։ 2-րդ․ որ չափազանց հետաքրքիր աշխարհ է ստեղծում, որն անընդհատ փոփոխվում է, զարգանում եւ երբեք չի հոգնեցնում, եւ սա զարգացնում է ընթերցողի երեւակայությունը, դու անընդհատ անակնկալների ես հանդիպում՝ թե՛ սյուժեի, թե՛ առանձին հերոսների միջոցով, սյուժեն զարգանում է դինամիկ, կերպարներն ամբողջական են, նպատակները կրկին կարեւոր են, որոնց համար հերոսները պայքարում են։ Եվ, ի վերջո՝ ֆենթըզի գրականությունը, որի ակունքներում առասպելականն ու հեքիաթայինն է, նաեւ բնորոշվում է նրանով, որ բարին ի վերջո միշտ պետք է հաղթի, եւ հեքիաթներ ընթերցող մարդիկ էլ միշտ մտածում են այդպես, որ բարին հաղթելու է։ Դա շատ կարեւոր բան է։ Այս գիրքը շատերի համար նաեւ հնարավորությունների գիրք է, որը ցույց է տալիս՝ սովորական երիտասարդը, որն առանձնապես ոչնչով աչքի չի ընկնում, կարող է հաղթել չար ուժերին եւ հասնել իր նպատակին՝ նաեւ ընկերության, բարեկամության շնորհիվ, կարեւոր պահերին խիզախություն դրսեւորելով։ Այսինքն՝ այն ընդունված տարբերակը, որ հերոսը պետք է հերոս ծնվի, ուժեղ լինի ֆիզիկապես, ինչպես, օրինակ, մեր «Սասնա ծռեր» էպոսում է, այստեղ չկա։ Այստեղ հերոսը տարբեր իրավիճակներում կարողանում է իր հմտությունների, դպրոցում սովորած կախարդանքի, իր ընկերների օգնությամբ հաղթել։ Սա ցույց է տալիս, որ բոլորս էլ կարող ենք հասնել մեր նպատակներին, եթե բարի ենք, եթե լավ բանի համար ենք պայքարում, իսկ դա չի հակասում հենց նրան, ինչ որ բանակում անում ենք՝ պաշտպանում ենք մեր հայրենիքը, իսկ քանի որ մեր գործը բարի է, ուրեմն անպայմանորեն հաղթելու ենք»։



Հայկ Համբարձումյանն ընդգծում է, որ չափազանց մեծ է հետաքրքրությունը հատկապես «Հարրի Փոթերի» հայերեն թարգմանության նկատմամբ. «Եթե դուք տեսնեք, թե ինչպիսի մեծ հետաքրքրություն կա... ընթերցողներն անընդհատ նամակներով հարցնում են, թե երբ է լինելու 3-րդ գիրքը, թարգմանչին տարբեր հարցեր են ուղղում, «Հարրի Փոթերին» նվիրված տարբեր խմբավորումներ կան։ Այնպես որ, եթե մի բան այդքան հետաքրքիր է, այն էլ՝ մեր ժամանակներում, երբ տեղեկատվության առատությունը խլում է նաեւ ընթերցողներին, այդ հետաքրքրությունը պետք է պահել, ոչ թե ասել, ենթադրենք, որ պետք է կարդաս հայրենասիրական բովանդակության ստեղծագործություն, որը կարող է բովանդակությամբ հայրենասիրական լինել, բայց գեղարվեստական արժեք չունենալ»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ