Խաղաղության պայմանագիրն ուշանում է Նիկոլի պատճառով

Խաղաղության պայմանագիրն ուշանում է Նիկոլի պատճառով

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որի մասին արդեն քանի ամիս է՝ խոսում է Նիկոլի խմբակը, չի կնքվում մի պարզ պատճառով՝ ՀՀ եւ ոչ մի իշխանություն չի կարող Ադրբեջանի հետ կնքել այնպիսի պայմանագիր, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում: Սակայն ԱԺ-ում, ՔՊ-շնիկ պատգամավորի հարցին ի պատասխան, Փաշինյանը փորձել է խեղաթյուրել իրավիճակը՝ խաղաղության փաստաթղթի ուշացումը պայմանավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատանքներով. «Մենք հույս ունենք, եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991-ի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»: Հարց է առաջանում՝ եթե սահմանները հայտնի են, խաղաղություն հաստատելու կամքն էլ կա երկուստեք, էլ ինչի՞ համար է այս ամենը, ինչո՞ւ Ադրբեջանն իր զորքերը չի հանում ՀՀ սուվերեն տարածքից, ինչո՞ւ է շարունակում շահարկել սեպտեմբերի 13-14-ի գերիների եւ զոհերի մարմինների վերադարձի խնդիրը:

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ՝ ասել է Փաշինյանը: Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչ հատուկ ջանքեր են գործադրվելու, որպեսզի ՄԱԿ անդամ երկու երկրների միջեւ միջազգայնորեն հայտնի սահմաններով խաղաղություն հաստատվի, մանավանդ, ինչպես Փաշինյանն է փաստում, Պրահայում այդ մասին պայմանավորվածություններ է ձեռք բերել Ալիեւի հետ:

Ինչպես արդեն ասացի, Փաշինյանը խեղաթյուրում է իրավիճակը: Բանն այն է, որ Ադրբեջանը պատրաստ է նույնիսկ աչքերը փակ ստորագրել իր առաջարկած կետերով խաղաղության այդ պայմանագիրը: Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները որեւէ դեր այս հարցում չեն խաղում եւ կարող են տարիներ տեւել: Խաղաղության պայմանագրին է սպասում նաեւ Թուրքիան, խոստանում դրանից հետո անմիջապես բացել հայ-թուրքական սահմանը: Եվ, ուրեմն, ինչո՞ւ չի ստորագրվում այդ չարչրկված փաստաթուղթը: Պատասխանը մեկն է՝ Հայաստանը չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում: Նման բան անել Նիկոլը չի կարող ո՛չ մինչեւ տարեվերջ, ո՛չ էլ մինչեւ իր օրերի վերջը: Հավանաբար, այս իրողության գիտակցումով էլ Փաշինյանն այսպես է ավարտում խոսքը. «Կարեւոր է, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:

Թշնամանքը եւ, ընդհանրապես, իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը՝ ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել»: Ահա եւ ամեն ինչ ասված է: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) միջեւ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի սուբյեկտայնության ճանաչում Ադրբեջանի կողմից: Դա կնշանակի նաեւ, որ դրանից հետո Արցախի ժողովուրդն է միակողմանի որոշելու, թե էլի որքան ժամանակով երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: Փաշինյանը դրան ասում է՝ «թշնամանքի եւ իրադրության կառավարելի վիճակ»: Վատ ձեւակերպում չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես է Ադրբեջանը սպասում ռուս խաղաղապահների հեռանալուն: Բայց միայն նման մեղմ ձեւակերպումներով Արցախ չես պահի: Մենք չենք կարող երաշխավորել, որ ռուս խաղաղապահները, այդ երկրի խնդիրներով կամ արտաքին քաղաքականությամբ պայմանավորված, մի օր չեն հեռանա Արցախից: Ո՞վ է պահելու Արցախն այդ ժամանակ: Բնականաբար՝ Հայաստանը: Մինչդեռ դա հնարավոր կլինի անել միայն այն դեպքում, եթե խաղաղության պայմանագրում հստակ կետ լինի Արցախի ճակատագրի՝ կարգավիճակի մասին:
Իհարկե, երբեք չի կարելի մոռանալ, որ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի նման արկածախնդիր գործչի հետ, որը, եթե «պլատան խփի» կամ «ֆազը քցի», կարող է ամեն ինչ ստորագրել:

Ուստի, անկախ տվյալ օրվա Փաշինյանի տրամադրությունից, մենք պետք է կարեւորենք այն երկրների դերակատարումը, որոնք իսկապես շահագրգռված են մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության եւ անվտանգության հարցում եւ պատրաստ են ու կկարողանան բանակցությունների լուրջ հարթակ ձեւավորել, որը կնպաստի հետպատերազմական այս փուլում Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ «թշնամանքի կառավարելի իրավիճակ» ստեղծելուն:

ՀԳ. Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները կարեւորելն ախմախություն է:

ՀԳ 1․ Այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Փաշինյանի կառավարությունը ջրի երեսին պահելու միջոցառում է:

ՀԳ 2․ ՄԽ համանախագահների ֆորմատը վերականգնելը եւ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ բերելը հրամայական է:

ՀԳ 3․ Ժամանակից շուտ տոնածառ դնելու իշխանական նոու-հաուից պետք է զգուշանալ: Դա թաքուն թուղթ ստորագրելու նախերգանք է: