Պատմաբան Դոնալդ Տուսկի նվերը՝ «Փոփոխությունների թատրոնին»

Պատմաբան Դոնալդ Տուսկի նվերը՝ «Փոփոխությունների թատրոնին»

Դեռեւս քչերը կհիշեն, որ 12 տարի առաջ՝ 2007-ին, Երեւանում մի խումբ խանդավառ երիտասարդներ հիմնեցին ինտերակտիվ թատրոն-տեսակը եւ կոչեցին «Փոփոխությունների թատրոն»: 
Ի՞նչ ասել է «ինտերակտիվ թատրոն»: Սա թերեւս ժամանակակից թատրոնի տեսակներից է, երբ բեմահարթակ-հանդիսասրահ բաժանարար գիծը վերացված է: Ներկայացումն ընթանում է համագործակցաբար՝ դերասան-հանդիսատես փոխներգործությամբ: 

Ներկայացման ընթացքն ինքնատիպ է. ամբողջական դիտումին հաջորդում է ինտերակտիվ փուլը: Ներկայացման որեւէ հանգուցային դրվագ հանդիսատեսը փոխում է իր հիմնավորմամբ եւ ինքն էլ հանպատրաստից խաղում բեմի վրա: Խաղին հաջորդում է աշխույժ քննարկումը՝ լավի, վատի բացահայտումը: Կարճ ասած՝ «Փոփոխությունների թատրոնը» դառնում է թումանյանական «Վերնատուն» հիշեցնող վերլուծական կենտրոն:
Պատահական չէ, որ «Փոփոխությունների թատրոնի» հիմնադիր եւ ռեժիսոր Հայկ Սեկոյանը բեւեռվել է «փոփոխություններ» հասկացության վրա: Պարզվում է, որ աշխարհում գործում է «Քաղաքացիական կրթության բարելավում՝ ինտերակտիվ թատրոնի միջոցով» ծրագիրը: Դառնալով այդ ծրագիրն իրականացնող հայաստանյան առաջնեկը՝ «փոփոխականները» բեմադրում եւ Հայաստանի, Արցախի հանրությանն են ներկայացնում ոչ մեծ ծավալի ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ: 

Ներկայացումների խորքում մեր իրականության մեջ հաճախ պատահող անկրթությանն ու բարբարոսությանը դիմակայելն է: 

2019-ի հուլիսի 20-ին եւ 21-ին Երեւանի «Արտ կաֆե» արվեստանոցում «Փոփոխությունների թատրոնը» ներկայացրեց Հայկ Սեկոյանի «Ժողով Ագռավաձորի գյուղապետարանում» գյուղական թեմայով զվարճալի ներկայացումը:

Նազիկի եւ Սեթոյի տունը կռիվ էր ընկել: Երկուսն էլ Ագռավաձորի ցորենի արտի ագռավ քշողներն էին: Մականունները. խրտվիլակ Նազիկ (Աննա Զաքարյան), խրտվիլակ Սեթո (Վահագն Գասպարյան): Նազիկը ձգտում էր մարդ դառնալ, քաղաք գնալ, կրթություն ստանալ, որ Ագռավաձորում բիզնես՝ անասնաֆերմա բացի: Սեթոն դեմ էր, շատ էր ավանդապաշտ: Ըստ նրա՝ Նազիկի բանուգործը տան պատերի ներսում էր եւ դաշտում ագռավ քշելը: Գյուղի գործատերը (Վազգեն Ծատինյան) նույնպես դեմ էր՝ մի աշխատող էլ կկորցներ: Գյուղապետն (Գեւորգ Աբգարյան) էլ էր դեմ՝ գոնե փոխարինող գտներ:

Բոլորն էլ փոփոխությունների էին կարոտ՝ ֆերման գյուղի փրկությունն էր, սակայն...
Օգնության եկան հանդիսատեսները: Յուրաքանչյուրն իրեն բնորոշ հուզականությամբ, գուցե ենթագիտակցորեն զգում էր, որ կրթությունը միշտ է օգտակար, բայց չէին կարողանում կամքի զորությամբ հիմնավորել: Իսկ այդ կամքը դեպի բարեկեցություն տանող փոփոխության ռիսկային շարժիչն է, առանց որի կյանքը չի բաբախում:

Ներկայացումից հետո զրուցեցինք սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հայկ Սեկոյանի հետ:

- Դերասանական կազմը մնայո՞ւն է, թե՞ տվյալ ներկայացման համար հավաքագրված դերասանների խումբ է:

- Դերասանական կորիզը մնայուն է, սակայն մեզ հետ համագործակցում են երիտասարդ դերասաններ այլ թատրոններից, նորավարտներ: 

- Դերասանները գիտե՞ն, թե ինչու է թատրոնը կոչվում «Փոփոխությունների թատրոն»:

- Գիտեն եւ լավ գիտեն, որովհետեւ փոփոխությունը շարժում է, շարժումը՝ պայքար: Իսկ պայքարը երջանկություններով ու դժբախտություններով լի կյանքն է: Կյանքից էլ փախուստ չկա: 

- Փորձե՞լ եք չափել ներկայացմանը մասնակից հանդիսատես-դերասանի քաղաքացիական կրթության նիշը: միտքը վերլուծելու մտադրությամբ: 

- Ներկայացումից հետո հանդիսատեսը տուն է գնում բեմի վրա իր իսկ խաղացած դերը, արտահայտած սեփական միտքը վերլուծելու մտադրությամբ: 

- Մի հարց էլ քաղաքական թոհուբոհից. թավշյա հեղափոխությունն անցավ արագ ու անարյուն: Տնտեսական հեղափոխությունը ծանր ու դանդաղ է ընթանում: Ոմանք, չզգալով իրենց մաշկի վրա տնտեսականի բարերար ալիքը, հիասթափվում են: Սա մտահոգիչ չէ՞….

- Թավշյա հեղափոխությունը գալիք ծանրագույն եւ շրջադարձային փոփոխությունների նախերգանքն էր: Ավերելը հեշտ գործ է, բարեփոխումներով նորի ստեղծումը բարդ, ծախսատար եւ ժամանակատար է: Դրա համար խորքային քաղաքացիական կրթություն պետք է ունենալ, որպեսզի առկա խճճված իրավիճակի որակյալ եւ հիմնավոր վերլուծություն իրականացվի, եւ երկիրն անշրջելիորեն վերափոխվի: 

Ի դեպ, քաղաքացիական կրթության գլխավոր բաղադրիչն իրավակրթությունն է, այլ կերպ՝ օրենքի իմացությունը եւ հարգումը: Եթե ավելի ընդհանրական ձեւակերպենք՝ իրավագիտակցությունը, որը, ցավոք, հանրային գիտակցության տիրույթում կուլ է գնում զգացմունքայնությանը:

Ի վերջո, «փոփոխություններ» եզրույթը բարոյահոգեբանական, քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքի, իրավական դաշտի, բիզնես-միջավայրի առողջացման անհերքելի պահանջ է: Ի դեպ, հուլիսի 11-ին պատմաբան, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Սեւանի կղզու եկեղեցիներից մեկի խաչքարը ձեռքով մեղմորեն շոշափեց եւ ցածրաձայն մենախոսեց. «Զգում եմ, որ Եվրոպայի սիրտն այստեղ է բաբախում»: 
Այս անակնկալ փաստը պատշաճ վերլուծության, ոչ հուզակուսակցական մեկնաբանության կարիք ունի: Թատերական արվեստում այս դրվագը գտնված նրբերանգ է՝ ինքնատիպ արտահայտչաձեւ եւ ուսանելի:

Մարտին եւ Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ