Ատեստատները պատրաստ են ու բաժանվում են

Ատեստատները պատրաստ են ու բաժանվում են
Պետական ավարտական քննություններից հետո, ովքեր հանձնել են համապատասխան քննություններ, կստանան իրենց ատեստատները: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից տեղեկացանք, որ ատեստատները պատրաստ են, ու դպրոցներն արդեն սկսել են բաժանել: Եթե նախորդ տարիներին դա սովորական գործընթաց էր, ապա այս տարի ատեստատների գրելու ու հանձնելու գործընթացը բավական լարված էր ու վերահսկվում էր: Ատեստատներ գրող "պատվիրակությունը" հավաքվել էր թիվ 114 դպրոցում եւ մի քանի օր շարունակ, գիշեր-ցերեկ գեղեցիկ ձեռագիր ունեցող ուսուցիչներն ու նախարարության աշխատակիցները ատեստատներ էին գրում: Նման արտառոց որոշման պատճառն այն է, որ նախորդ տարիներին դպրոցների տնօրենները կլորիկ գումարների դիմաց ատեստատներ էին վաճառում ցանկացողներին, անկախ նրանից՝ այդ աշակերտները սովորե՞լ են արդյոք այդ դպրոցում, թե՞ ոչ: Իսկ այս տարի փորձեր էին արվել ատեստատներ տրամադրել էքստերն կարգով ավարտելու փորձ անող աշակերտներին, ինչը նախարարի կողմից արգելվել էր: 39 նման դեպք էր բացահայտվել:



"Մենք ընտրել էինք մոտ 30 լավ ձեռագիր ունեցող ուսուցիչներ հանրապետության տարբեր դպրոցներից, որոնց հանձնարարված էր գրել ատեստատները: Մենք ունենք հատուկ բաժին, եւ այդ հատուկ բաժինը կազմակերպում էր ատեստատների բաշխումը ըստ մարզերի, եւ ուսուցիչները մարզ-մարզ գրում էին ատեստատները: Նշվում էր աշակերտի անուն-ազգանուն-հայրանունը, որն իմ կարծիքով այդ առումով ուժեղացրեց ատեստատների բաշխման հսկողությունը: Գործընթացը շատ նորմալ անցավ",-ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: "Ես համոզված եմ, որ այս տարի ապօրինի ատեստատ տրամադրելու որեւէ դեպք չի լինի",- ասաց տկն Հովհաննիսյանը: Մինչդեռ կայքերից մեկում հրապարակում է եղել, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պետական տեսչության կողմից թիվ 79 միջնակարգ դպրոցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դպրոցի տնօրենը, կեղծելով մի շարք փաստաթղթեր, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտի հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Նարինե Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց, որ տեսչությունն աշխատում է ամբողջ տարի, եւ այդ դեպքերը բացահայտվել են մինչ ատեստատներ գրելը: "Ատեստատներ գրելու այս տարվա ձեւը հենց այդպիսի դեպքերը կանխելու համար էին: Եթե այս մեխանիզմը չմշակվեր, նման գործընթացները կշարունակվեին": Չնայած կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած մեխանիզմ շրջանցելու եղանակներ գտնվում են: