Քիրվայության այլընտրանքը` հայվանություն

Քիրվայության այլընտրանքը` հայվանություն
Երբ առաջին անգամ "քիրվա" բառը շրջանառության մեջ մտավ, Քոչարյանն այդ բառն օգտագործեց որպես վիրավորական արտահայտություն ու դրա շուրջ հյուսեց մի գաղափարախոսություն, որի շուրջն այժմ հավաքվել են որոշ խոպանչիներ ու փորձում են դրանով քարկոծել իրենց տերերի հակառակորդներին: Էդվարդ Աղայանի բացատրական բառարանում "քիրվա" բառը բացատրվում է որպես բարեկամ, ծանոթ: Խորամուխ չլինելով լեզվաբանության մեջ, սակայն, բարեկամը կամ հարեւանը ինչ լեզվով էլ արտահայտվեն, վատ չեն կարող ընկալվել, բայց եղբայրությունը կամ հարեւանությունը  պետք է լինի հավասարը հավասարի սկզբունքով, այլապես  կկոչվի ոչ եղբայրություն, ոչ հարեւանություն եւ, առավել եւս, ոչ էլ քիրվայություն:  Բարեբախտաբար մեր լեզուն շատ հարուստ է եւ այդպիսի դեպքերի համար ունի իր ստեղծած բառերը: Ինչ են առաջարկում հարեւանության եւ եղբայրության դեմ արտահայտվողները: Առաջարկածը շատ պարզ է՝ գնալ արտերկիր՝ ասֆալտ փռելու կամ էլ կրիմինալ խաղերի մեջ մտնելու, որից հետո անմիջապես հայտնվել տվյալ երկրի հատուկ ծառայությունների տեսադաշտում: Իսկ այդ հատուկ ծառայություններն էլ հանձնարարեն ասֆալտ փռող կրիմինալիկին, որ նա իր աշխատած փողերից մի երկու կոպեկ ուղարկի Հայաստան, որպեսզի իր ընկերը կամ ազգականը գրի հոդվածներ քիրվայության դեմ, որպեսզի երկիրը հնարավորություն չունենա նորմալ զարգանալ ու ստիպված լինի երկրից ուղարկել նոր ասֆալտ փռողների՝ արտերկիր, ու այսպես շարունակ, որպեսզի շղթան երբեք չկտրվի: Թարսի պես էլ, բացի ասֆալտ գցելուց, ուրիշ արհեստ էլ չունեն, ու այդ շրջանն անընդհատ կրկնվում է:



Լեւոն Ջավախյանը մի պատմվածք գրեց "Քիրվա" վերնագրով, որտեղ նկարագրում էր, թե ինչպես էին հայերն ու ադրբեջանցիները իրար հետ խաղաղ ապրում, եւ պատերազմն ինչ արեց այդ եղբայրության հետ: Հետեւությունն այն էր, որ եթե մարդիկ արժանապատվություն ունենան, ցանկացած պայմաններում կարող են եղբայրություն անել, իսկ անարժանապատիվ մարդկանց համար ամենահեշտ բանը դիմացինին նվաստացնելն է` կապ չունի ազգային պատկանելությունը:



Իսկ մեր հակաքիրվաները քիրվայության փոխարեն առաջարկում են հայվանություն` հակադրելով արժեքայնությունն ու չորքոտանու պես ապրելը:



Ու մեր տարածաշրջանի արժանապատիվ ուժերի պայքարը ոչ թե պետք է լինի քիրվայության դեմ, այլ հայվանության, քանզի նույնիսկ թշնամին իրեն արժանապատիվ պահելով՝ կարող է դառնալ քո եղբայրը, իսկ հայվանը, ինչ էլ անի, երբեք մարդ չի դառնա:



Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ