Մաեստրոյի ձեռը պաչել են

Մաեստրոյի ձեռը պաչել են
Երեկ ժամը 13-ին "Գոլդեն թուլիփ" հյուրանոցում ասուլիս էր տալիս ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, որի "Մաեստրո" ֆիլմը ներկայացված է "Ոսկե ծիրան" փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում: Այդ նույն ժամանակ, երբ մաեստրո-ռեժիսորն ասուլիս էր տալիս, "Մոսկվա" կինոթատրոնում ցուցադրվում էր նրա "Մաեստրոն": Ընթերցողը մեզ կարող է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ մեղադրել, եւ հավանաբար ճիշտ կլինի, որովհետեւ ասուլիսի գնալուց առաջ մենք պարոն Չալդրանյանի ֆիլմը նայելու դաժան փորձությանը մեզ չենք ենթարկել: Կուշտ ենք նրա ֆիլմերից: "Ես կարոտ եմ կինոգետի խոսքին,-լրագրողներին ասաց պարոն Չալդրանյանը,-որովհետեւ մեր արածի մասին խոսում են ոչ մասնագետները, նրանք այդ դաշտը զիջել են ժուռնալիստներին: Անկեղծ ասեմ՝ խուսափում եմ հանդիպել ձեզ հետ, ոչ թե որովհետեւ դուք վատն եք": Պարոն Չալդրանյանի երկարուձիգ ելույթը չենք մեջբերում, բայց նրա ասածից պարզ դարձավ, որ ռեժիսորը հանդիպում է միայն այն լրագրողներին, որոնք գովասանական հոդվածներ կգրեն իր մասին: Ռեժիսորն ասում է՝ ուզում եմ, որ կինոգետները գրեն է ֆիլմերի մասին: Միթե նա չի հասկանում, որ եթե հետաքրքիր լիներ նրանց մասին գրելը՝ կգրեին: Իհարկե, միայն գլուխգործոցների մասին չէ, որ հոդվածներ են գրվում, բայց եթե հաշվի առնենք, որ մեր փոքր երկրում բոլորը բոլորին գիտեն, կինոգետներն իրենց ծանոթին կամ ընկերոջը ո՞նց նեղացնեն, երբ գիտեն, որ նա "ծանր է տանում": Չալդրանյանի ձեզ ներկայացվող հաջորդ հայտարարությունը թողնում ենք առանց մեկնաբանության. "Ինձ սիրում են միայն տաղանդավոր մարդիկ": Այնուհետեւ Չալդրանյանը համեստ հանճարի դիմախաղով շարունակեց. "Ես հավանաբար հայ կինոյում միակն եմ, որ երբեք իմ մասին չեմ ասում՝ ես հանճար եմ, ես տաղանդավոր եմ, պարզապես իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ես դարձել եմ նարկոման, արվեստը ինձ համար նարկոմանիա է": Ուր էր թե պարոն Չալդրանյանը սովորական "նարկոման" լիներ, ամբողջ խնդիրն այն է, որ ռեժիսորը նաեւ տարածում եւ փիառում է իր "թմրաֆիլմերը": Այնուհետեւ հանրահայտ ռեժիսորը մոտ տասը-տասհինգ րոպե գովերգեց իր "արվեստը" եւ մի քիչ էլ իրեն փող տված Ռալֆ Յիրիկյանին: Ինքնագովերգի "կարապի երգը" կարելի է համարել Չալդրանյանի կարծիքը իր եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասին. "Միշտ ասում եմ՝ երկու մաեստրոներ՝ ես եւ Էդիկը Թոփչյան": Վերջապես հույս չունենալով, որ պարոն Չալդրանյանը կավարտի իր ելույթը, հարցրինք նրան, թե երբ է պատրաստվում "թարգել" կինո նկարելը եւ հարկատուների փողերը փոշիացնելը: "Ես հարկատուների փողերով չեմ նկարում, ես նկարում եմ ինքս, որպես պրոդյուսեր, եւ հովանավորների գումարներով, եւ դրսի գումարներով: Ես ձեր ասած փոշիացնողներից չեմ, եւ հակառակ ձեր ասածի՝ իմ ֆիլմերով, կարծում եմ, հանդիսատեսը ոգեւորված ա: Ամեն պրեմիերայից ես մի հոգի եմ վերցնում, գովեստներ...: Ես էդ աղջկան պիտի տեսնեմ, բայց փախավ-գնաց: Գեղեցիկ աղջիկ էր, եկավ ձեռքս համբուրեց ու ասեց՝ ինչ լավ ա, որ Դուք կաք, ուրեմն մենք էս երկրից չենք գնա: "Ձայն բարբառո" ֆիլմի ժամանակ մի կին մոտեցավ ու ասաց՝ ես երկու ժամ անցկացրեցի բաց Ավետարանի առաջ եւ մաքրվեցի": Մի քանի րոպե առաջ ռեժիսորը պատմում էր, որ Գեւորգ Գեւորգյանի մոտ է գնացել՝ ֆիլմի համար փող ուզելու, բայց եթե նույնիսկ հիմա պետբյուջեից չի սնվում պարոն Չալդրանյանը, "Վիվասելի" փողերն էլ են ափսոս: Այդ փողերով կարելի էր մեկ-երկու տուն ավել կառուցել եւ բաժանել անօթեւան գյումրեցիներին, ոչ թե ապականել կինոմիջավայրը: Բայց երբ ռեժիսորը ձեռքը համբուրելու մասին պատմեց, մենք մտածեցինք, որ գուցե մեր սահմանափակ ուղեղով չենք հասկացել "մաեստրոյի" հանճարեղ ֆիլմերը, եւ գնացինք "Կինոմոսկվա" այդ պահին ֆիլմը նայողների շրջանում հարցում անելու: Մոտ տասը րոպեից ֆիլմն ավարտվեց, եւ քնատ հանդիսատեսները դահլիճից դուրս եկան: "Ինձ Վիգեն Չալդրանյանի ֆիլմերը դուր չեն գալիս: Կքնեի, դուրս կգայի, բայց նայում էի, ուզում էի տեսնել՝ տարիների հետ իմաստնություն գալիս ա, թե չէ: Ստացվում ա, որ չի գալիս",-ասաց Արթուր Բախտամյանը: "Այլանդակ հիմարություն է",-ասաց Առաքել Սեմիրջյանը: "Զզվելի ֆիլմ էր, ավելի վատն էր, քան սպասում էի",-ասաց երիտասարդ աղջիկը: Միայն մի քնաթաթախ երիտասարդ անվստահ ասաց՝ հետաքրքիր էր: