Հատուկ դպրոցի նախկին սաների դեմ գործեր են հարուցվում

Հատուկ դպրոցի նախկին սաների դեմ գործեր են հարուցվում
Հուլիսի 17-ին ժամը 12.00 Էրեբունի եւ Նուբարաշեն համայքների ընդհանուր իրավասության դատարանը շարունակելու է հարցաքննել մեր թերթի լրագրող Սյուզան Սիմոնյանին, որը դատարանում ներկայացնում է դատարանին 18-րդ հատուկ դպրոցի կալանավրոված ուսուցչի` Սմբատ Ուռումյանի գործով «Հրապարակի» անցկացրած հետաքննության նյութերը: Ուռումյանը մեղադրվում է աշակերտներին մուրացկանության դրդելու եւ նրանցից մեկին բռնաբարելու համար, սակայն «Հրապարակի» հետաքննության ընթացքում մեղադրանքի հիմքերը  աստիճանաբար թուլացան, քանի որ գործով անցնող անչափահասներն ու երիտասարդները մեզ հարցազրույցներ տվեցին, ապա նաեւ փոխեցին նախաքննության մարմնին տված ցուցմուքները: Մեկ տարուց ավելի տեւած հետաքննության ընթացքում բացահայտվեց 18-րդ դպրոցում կիրառվող սարսափելի պատիժների համակարգը, անմարդկային բարքերը, «չար» տղաներին հնազանդեցնելու անմարդկային մեթոդները: Դրանց թվում էր առավոտյան հինգին դպրոցի բակում վազացնելը,«կատելնի» տանել-ծեծելը, թուղթ եւ այլ առարկաներ կուլ տալը: Գործով անցնող տուժողներն ու վկաները խոստովանեցին, որ ուսուցչին զրպարտելու հանձնարարություն են ստացել դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանից: Նա սպառնացել է, որ հակառակ դեպքում կնստացնի տղաներին: Հետաքրքիրն այն է, որ տնօրենի սպառնալիքը իրականացել է, եւ տուժողներից երկուսի եւ վկաներից մեկի վրա դատաքննությանը զուգահեռ նոր քրեական գործեր են բացվել: Ընդ որում մեկի դեպքում հսկող դատախազը նույն Արթուր Ղամբարյանն է, որը Սմբատ Ուռումյանի մեղադրողն է դատարանում: Նախորդ նիստում, որն ամբողջությամբ նվիրված է եղել Սյուզան Սիմոնյանի հարցաքննությանը, «Հրապարակի» լրագրողը, պատասխանելով նախագահող դատավոր Արտյուշա Գաբրիելյանի հարցերին, մտավախություն է հայտնել, որ շինծու քրեական գործեր հարուցելով, նախաքննությունը ինչ-ինչ պատճառներով ճնշում է գործադրում անչափահասների վրա, որոնք հիմնականում անապահով են եւ զրկված են ծնողական խնամքից: Իսկ վերահսկող դատախազ Արթուր Ղամբարյանը սպառնացել է, որ քրեական գործ կհարուցի «Հրապարակի» լրագրողի դեմ: