Ոչ հին, ոչ նոր

Ոչ հին, ոչ նոր
ՀՀՇ համագումարը, որ կուսակցությունում ծագած կոնֆլիկտից հետո հանրության ուշադրությունը բեւեռել էր իր վրա, որոշ հարցերի պատասխաններ տվեց, սակայն որոշ հարցեր էլ մնացին անպատասխան: Ակնհայտ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն համարում է "իր" կուսակցությունը եւ չի պատրաստվում այնտեղ "ընդդիմություն" ունենալ: Այս կուսակցությունը պետք է լինի Հայ ազգային կոնգրեսի լոկոմոտիվը, իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը, նրա վարչությունն ու նախագահը առաջնորդին անվերապահորեն նվիրված, հնազանդ ու համախոհ պետք է լինեն: ՀՀՇ ղեկավարության փոփոխությունը կարող էր իմաստալից լինել, եթե ասպարեզ էին գալու նոր, թարմ ուժեր, որոնք նորովի պետք է նայեին շարժմանը, նոր լիցք ու էներգիա բերեին ընդդիմության դաշտ: Կամ էլ՝ եթե ՀՀՇ էին վերադառնալու ժամանակին այն լքած կամ պասիվացած անձինք՝ ինտելեկտուալներ, նախկին պաշտոնյաներ, շարժման ակունքներում կանգնած մարդիկ: Սակայն պարզվեց՝ "նոր կամ հին" ՀՀՇ ոչ մեկին պետք չէ: Ոչ նոր մարտավարության կարիք կա, ոչ նոր մտածողության: Ամեն մի նոր իր հետ զանազան խնդիրներ է առաջացնում: Մի խոսքով՝ փորձած թանը լավ է, քան անփորձ մածունը: Պարզապես անհասկանալի է՝ ինչպես է դեմոկրատիա, այլակարծություն, ազատություն քարոզող ուժն իր ընդերքում խեղդում ցանկացած այլախոհոթյան: Եւ հարցն անշուշտ Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի մեջ չէ: Հարցն այն է, որ նրանց այլընտրանքն Արամ Մանուկյանն է, այլ ոչ թե նրա որդին՝ որպես նոր սերնդի ու նոր մտածողության սիմվոլ: Եւ երբ այս ամենի ֆոնի վրա կարդում ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ նույն հոգնության ու սպառման երանգներն են նկատելի, հասկանում ես, որ արմատական փոփոխությունների կարիք ամենուր կա՝ նաեւ ընդդիմության մեջ: