Ձայնային տվյալը և խոսքի որակը` առաջին դեմքով

Ձայնային տվյալը և խոսքի որակը` առաջին դեմքով
ՀՀՇ համագումարում տեղի չունեցած ժողովրդավարության դրսեւորումներն ու այդ մասին Կարապետ Ռուբինյանի հայտարարությունը հանրային ոլորտում առաջացրեցին լուրջ քննարկում: ՀՀՇ-ն այդ ընդվզումն ընդունեց սվիններով, եւ ահա կուսակցության իդեոլոգիայի հանրայնացման պատասխանատուն Ռուբինյանի "արարքը" երրորդ դեմքով մեկնաբանեց ավելի շուտ, քան կլրանար նրա խոստացած մեկշաբաթյա լռության ժամկետը: Նախապես նշելով, որ քաղաքականությունը չի հանդուրժում կտրուկ շարժումներ, Կարապետ Ռուբինյանի քայլը գնահատենք որպես ոչ քաղաքական: Բայց Աշոտ Սարգսյանի պարզաբանումները, մեղմ ասած, արժանահավատ չեն երեւում: Ոչ ոքի համար վաղուց գաղտնիք չէ, որ ՀՀՇ կուսակցությունը ներփակ, թայֆայականացված, իր դավանած գաղափարների հավատավորներին լուսանցքները քշած կառույց էր, հագեցած ներքին խարդավանքներով:



Այն "մարդացնելու" պատասխանատվությունն իր վրա վերցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ վերադարձավ քաղաքականություն, եթե հիշում եք՝ ոչ որպես կուսակցական, այլ որպես երկրի ճակատագրով մտահոգված քաղաքական գործիչ, ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց սեփական նախաձեռնությամբ: ՀՀՇ-ն այդ ժամանակ, մեղմ ասած, չէր վայելում ժողովրդական լայն զանգվածների համակրանքը եւ միայն Տեր-Պետրոսյանի ու հասարակության սրտում ծովացած ներման շնորհիվ հաջողեց թոթափել մերժվածի խարանը: Եվ ահա, թվում էր, պետք է ցուցադրեր հրապարակայնություն, ու համագումարն էլ առիթ էր, որ վերածվեր կարծիքների բախման ու կառուցողական քննարկումների հրապարակի, ապացուցեր, որ հենց այսպես են գալու իշխանության ու այդ սկզբունքներով էլ իրականացնելու են իրենց լիբերալ գաղափարները: Աշոտ Սարգսյանը, սակայն, կշտամբանքներ է հղում աջ ու ձախ, զարմանում, թե ինչու մարդիկ չեն բավարարվում Տեր-Պետրոսյանի բացատրությամբ, որն իրականում ոչ այնքան  բացատրություն էր, որքան ինտրիգ. "Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ:



Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել": Մի կողմ թողնենք Կոնգրեսը, որի պառակտման փորձը, փառք Աստծո, չեզոքացվել է: Բայց ՀՀՇ ճեղվածքի մասին ակնարկները բնական չէ՞, որ պիտի հարուցեին տարաբնույթ կարծիքներ, ենթադրություններ ու տեղեկությունները  ծածկադմփոց անելու դեմ՝ դժգոհություններ, հատկապես, որ այդ կուսակցությունը, կրկնենք, երբեք էլ չի առանձնացել իր հրապարակայնությամբ: Ու եթե այդպես էր, ի՞նչ կարգավիճակ կարող էր ունենալ Կարապետ Ռուբինյանը, եթե ոչ նոմինալ անդամի: Ի դեպ, այդ կարգավիճակում նա միակը չէ, պարզապես միակն է, որ նման քայլեր է անում: Այլ բան է, որ պիտի փորձեր ներսում լուծել իր մտահոգությունները: Իսկ մինչ այդ, ինչպես Աշոտ Սարգսյանն է արդարացիորեն նշել, փորձել է իր գաղափարներն իրականացնել ընդհանուր պայքարի համատեքստում, որ գնահատվում է որպես դրական, բայց ոչ կուսակցական ակտիվ աշխատանք, հատկապես, որ չեն էլ ուրանում "նրա աշխատանքը ՀՀՇ-ի իշխանության տարիներին, վերջին տարիներին՝ Շարժման մեջ, Հայ ազգային կոնգրեսում, քաղբանտարկյալ լինելու հանգամանքը":



Միթե այդ "ոչ ուրացումը" չափանիշ չէր, որ նա ընտրվեր, ինչպես պարոն Սարգսյանն է նշում՝ "կուսակցական գործունեության ամենաթեժ գծում` ՀՀՇ վարչության կազմում": Այդ դեպքում գոնե մի քանի բառով պետք է նշեր, թե որոնք են, այնուամենայնիվ, "չափանիշները", եւ միթե վերջին տարիների նրա գործունեությունը "թեժ գծում" չէր կամ գիծը պակաս թեժ էր, քան կուսակցության թեժ գիծը: Եվ ո՞րն էր այդ դեպքում ՀՀՇ գիծը, որը նույնը չէր, ինչ այն, որում ակտիվ էր Կարապետ Ռուբինյանը:  Թեպետ արդարացիորեն  փաստեր էլ է պահանջում "օրինակելի ցուցակի" կամ վարչության անդամների ընտրության մասին մեղադրանքի դիմաց, բայց հանրությունն էլ իրենցից էր պարզունակ փաստ, տեղեկություն պահանջում, ասենք՝ քանի՞ թեկնածու էր առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում: Կարելի է հասկանալ Աշոտ Սարգսյանի՝ որպես ՀՀՇ-ականի, սեփական կուսակցության պատիվը պաշտպանելու ձգտումը, բայց մենք ավելի շուտ ճանաչում ենք նրան որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահելի անձի:



Իսկ այն քննարկումները, որ ընթանում են Տեր-Պետրոսյանի "դաբրոյի" շուրջ, ու այն տպավորությունն է, որ ՀՀՇ համագումարը փորձում են դարձնել առաջին նախագահի աքիլեսյան գարշապարը, պարոն Սարգսյանը կարեւոր չի համարել ու չի դարձրել իր հոդվածի մեխը: Ըստ երեւույթին, մտածել է, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ կարող է պաշտպանել իրեն ու շահել հանրության համակրանքն իր, ինչպես ասում են՝ քար ծակող բացատրություններով: Դառնանք ամենաանողոք կշտամբանքին, որն իրականում նրա կառուցած հոդվածի ամենաթույլ կետն է: Նախ մեջբերում է Կարապետ Ռուբինյանի "Պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունն այլախոհությունից" պատճառաբանությունը, հետո մեկնաբանում. "Իսկ ի՞նչ է ասում: Ասում է, որ ինքը պրոֆեսիոնալ այլախո՞հ է: Որ դա իր փեշա՞կն է, մշտական կեցվա՞ծքը, հատկանի՞շը:



Ասում է, որ անկախ հարցից, առաջարկվող լուծումից, ինքը միշտ ա՞յլ կարծիք ունի: Եվ եթե ինքը չլինի, ՀՀՇ վարչությունում այլ կարծիք, բանավեճ չի՞ լինի: Հիշում եմ` ըստ էության, նույն բանը` "փնթփնթալը", որպես բնավորության առաջնային գիծ, ինքն իր մասին ասել էր նաեւ վերջին հարցազրույցներից մեկում` ոչ այն է` ինքնաքննադատաբար, ոչ այն է` պարծենալով: Եվ դա համարում է որպես կարեւոր քաղաքական որա՞կ": Նախ թույլ տվեք կրկին հիշեցնել, որ ՀՀՇ-ն տոտալիտար աղանդի սկզբունքով գործելու բնավորություն ուներ, ու մենք այդպես էլ չտեսանք "այլ կարծիք, բանավեճ", հետո առարկել: Միգուցե Հայաստանում կուսակցությունների փակ, գաղտնի, թայֆաբազական գործունեությունը նորմալ է համարվում, ու ըստ այդմ մեր երկրում կուսակցական կամ քաղաքական գործչից պահանջվում է լիակատար համաձայնություն իր ընկերների հետ, ու միգուցե Կարապետ Ռուբինյանի քայլը քաղաքական գործչի քայլ չէր, բայց, կներեք, "պրոֆեսիոնալ այլախոհի" կշտամբանքն ուղղակի չի տեղավորվում բանականության սահմաններում: Այո՝ պրոֆեսիոնալ այլախոհ,  փեշակ, մշտական կեցվածք, հատկանիշ, որ հատուկ են շատ քիչ մարդկանց, ու շատ կարեւոր է:



Այդ փեշակն ուներ, շատ մարդկանց չթվարկեմ՝ Գանդին ու մինչեւ վերջին շունչը չհրաժարվեց իր փեշակից: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես եւ խոստացել է, վերջինն է լքելու այս պայքարը, ուրեմն դա նրա փեշակը, մշտական կեցվածքն ու հատկանիշն էլ է: Ինչ վերաբերում է տրամաբանությանը, ապա այն թաղելու տեղեր ու ցանկացողներ թեպետ շատ կան, բայց չի թաղվի այնքան ժամանակ, քանի դեռ նման փեշակի մարդիկ կան ու հուսանք՝ կլինեն: Եվ վերջապես Կարապետ Ռուբինյանի՝ ՀՀՇ-ի մասին "երկու տրամագծորեն հակառակ" կարծիքի մասին: "Մենք` ՀՀՇ անդամներս, մեր կուսակցության  պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել: Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող պայքարողի դեր ստանձնի Հայ ազգային կոնգրեսի կազմում",-ասել է համագումարում:



Ոչ մի կասկած չի կարող լինել, որ մարդը հատկապես դա է ուզում, ու ՀՀՇ անդամները միայն վարչությունում ընտրվածները չեն: Սա պահանջ էր նաեւ: Եվ երբ ասում է, որ "Նման ուղղորդված քվեարկության դեպքեր նախկինում էլ եմ նկատել ու հանուն կուսակցական համերաշխության գուցե այս մի դեպքն էլ կուլ տայի, բայց, ցավոք, այս ամենը զուգորդվում է ՀՀՇ-ի ներսում ծավալվող անվերադարձ ու խորը դեգրադացիոն պրոցեսներով", բնական չէ՞, որ նկատելով, որ վերոնշյալ պահանջը չի իրականանում ներքոգրյալի հետեւանքով, եւ հասկանալով, որ մի անգամ լռելով ու նոմինալի կարգավիճակին համակերպվելով (հանուն կուսակցության ու այն հույսի, որ մի օր կշտկվի), արդյունքի չի հասել, հիմա էլ չի կարող լռել: Ես այդպես եմ կարծում:



Վստահ եմ, որ այս հոդվածից հետո էլ, ինչպես համագումարի լուսաբանման հոդվածից հետո եղավ, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կսպառնան բոյկոտել ինձ, չբարեւել, կպահանջեն հեռանալ Ղարաբաղ՝ որպես ղարաբաղցի, կկշտամբեն, թե՝ եթե մտահոգված ես Ղարաբաղի հայաթափման հարցով, գնա այստեղից: Եվ դրանք կլինեն ՀՀՇ ու ՀՀՇ-ամերձ նրանք, որոնց դեմ հանդես է եկել Կարապետ Ռուբինյանը: Նախապես պատասխանեմ, որ այդ մարդիկ քաջ գիտեն իմ ու իմ ընտանիքի պատմությունը, գիտեն, որ ես իմ փայ Ղարաբաղը՝ Շահումյանի շրջանն ու  Գետաշենի ենթաշրջանը կորցրել եմ միջկուսակցական, ներքաղաքական խարդավանքների հետեւանքով: Հետո էլ՝ ես Հայաստանի հայաթափման հարցով էլ եմ մտահոգված, բայց երբ որոշեմ հեռանալ, քանի որ չեմ կարողանա վերադառնալ իմ հայրենի տունը, կհեռանամ Հայաստանից եւ միայն այն ժամանակ, երբ ինձ պաշտոնապես արտաքսեն: