Իրար ջրեցին ու գառան խաշլամա կերան

Իրար ջրեցին ու գառան խաշլամա կերան
Հուլիսի 25-ին Տավուշի մարզում մեծ շուքով նշվեց Վարդավառը: Չնայած Հայ առաքելական եկեղեցին այս տարի որպես Վարդավառի տոնակատարության օր հայտարարել էր հուլիսի 11-ը, մարզի որոշ համայնքներում ժողովուրդը հավատարիմ է մնում հեթանոսական շրջանից մեզ հասած ավանդույթներին` տոնը նշելով մայրաքաղաքից եւ մյուս մարզերից առանձին: Տավուշում սա ընտանեկան ամենասիրելի տոներից է, եւ բացի միմյանց վրա ջուր լցնելուց, պարտադիր պայման է առատ սեղանների շուրջ խնջույք կազմակերպելը, հատկապես գառան խորոված ու խաշլամա պատրաստելը:



Այդ պատճառով նախատոնական օրերին մարզում մեծ պահանջարկ է ունենում գառան միսը: Դա հաշվի առնելով, Իջեւանի քաղաքապետարանն ամեն տարվա մեկ օրը թույլատրում է ոչխարաբուծությամբ զբաղվողներին քաղաքի մի հատվածում գառ վաճառել: Հուլիսի 24-ին` Վարդավառից մեկ օր առաջ, քաղաքապետարանը թույլատրել էր` նախօրոք պահանջելով տեղում մորթվող անասունների մորթին եւ ներքին օրգանները լցնել այդ նպատակով դրված աղբարկղերի մեջ, ոչ թե հարեւանությամբ հոսող Աղստեւ գետը: Բայց փող վաստակելու մոլուցքը մարդուն ստիպում է մոռանալ ոչ միայն մարդկային հասարակ պահվածքի, քաղաքացիական պարտքի, այլ նաեւ տարրական հիգիենայի մասին: Ոչխարաբույծները դեռեւս պատրաստ չեն քաղաքակիրթ կենցաղ վարելու. չնայած քաղաքապետարանի իրականացրած հսկողությանը, այս անգամ էլ ոչ միայն մորթն ու առեւտուրն ընթանում էին հակասանիտարական պայմաններում, այլեւ մորթված գառների մնացորդների մեծ մասը տեղ էր գտնում գետում: Պարզ է, որ այս դեպքում էլ յուրաքանչյուրի համար սեփական գրպանի պարունակությունն էր կարեւոր: Ի դեպ, այս Վարդավառին գառան մեկ կիլոգրամ մսի արժեքը տատանվում էր 2 հազարից 3 հազար դրամի սահմաններում: