Պատասխանատուներին չեն ուզում պատժել

Պատասխանատուներին չեն ուզում պատժել
ԼՂՀ Մարտունու շրջանի N զորամասում հուլիսի 28-ի գիշերը մահացած  ժամկետային զինծառայող Կարո Այվազյանի հարազատները գումար չունենալու պատճառով միայն երեկ են կարողացել հողին հանձնել նրա դին: Օգնել է զորամասը: "Մեզ 500 հազար դրամ բերեցին, որով կազմակերպեցինք թաղումը",- պատմեց երիտասարդի հարազատներից մեկը: Նրա մայրը գումար չունենալու պատճառով չի կարողացել ԱՄՆ-ից Հայաստան գալ եւ մասնակցել որդու թաղմանը: Երեկ հարազատները ստացել են նաեւ մահվան եզրակացությունը, որտեղ նկարագրված է կոկորդի մասում ստացած հրազենային վնասվածքը, որը եւ մահվան պատճառ է եղել: Հիշեցնենք, որ, ըստ նախնական վարկածի, 21 տարեկան Կարո Այվազյանն ինքնասպան է եղել, նախապես կրակ բացելով եւս հինգ հոգու ուղղությամբ: Նրա հարազատները, սակայն, շարունակում են բողոքել: Նրանք համոզված են, որ դժբախտ միջադեպի բուն պատասխանատուն Արաբկիրի զինկոմիսարիատի նախկին բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանն է, որը 4 հազար դոլար կաշառք է ուզել Կարո Այվազյանին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Նաեւ մյուս պաշտոնյաները, որոնց Այվազյանի հարազատները զգուշացրել են, որ երիտասարդը վատ հոգեվիճակում է, եւ նրան չի կարելի զենք տալ: "Ավելի վաղ ես դիմել եմ դատախազություն կաշառքի շորթման առիթով: Բոլոր գործերն այնտեղ են, նաեւ ՊՆ-ում: Բայց մեղավորներին պատժելու համար ցանկություն է պետք, որը չկա",-կարծում է Կարո Այվազյանի պապը՝ Ջիվան Միքայելյանը: