Վանաձորը սթրեսի մեջ է

Վանաձորը սթրեսի մեջ է
Հուլիսի 28-ին Մարտունու զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին զոհ գնաց նաեւ վանաձորցի 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտն ապրում էր հոր ու տատիկ-պապիկի հետ: Ծնողները ամուսնալուծված էին, իսկ ինքը 6 տարեկանից հոր խնամքի տակ էր: Այսօր Ռոբերտի մտերիմները մեծ ցավ են ապրում՝ հիշելով նրան: Ռոբերտի մահվան բոթը ցնցել է ողջ Վանաձոր քաղաքը: Նրա հուղարկավորությանն էին եկել թե ընկերներն ու ազգականները, թե պարզապես անծանոթ մարդիկ, որոնք հարազատների հետ սգում էին նրա մահը: Անհնար է բառերով նկարագրել այն ցավը, որ հարեւաններն էին զգում:



Ռոբերտի հարեւանուհի տիկին Ռոմելան արտասուքն աչքերին հիշում է. "5-րդ դասարանից ճանաչում էի Ռոբերտիկիս, հարեւանների կողմից շատ հարգված էր, մեծերին միշտ հարգում էր, ազնիվ էր ու պարզ, ինչ հարցով դիմում էինք, մերժում չկար, կռիվների մեջ չէր ընկնում, ինքը էդ երեխեն չէր, ինքը միշտ տխուր էր, իրա աչքերը երբեք ուրախ չէին": Տիկին Ռոմելան հիշում է նաեւ այն գիշերը, երբ ոստիկանները հավաքված էին բակում, ու իրենք հասկացել էին, որ մի բան այն չէ. "Այդ գիշեր մենք ամբողջ շենքով մեծ սթրես ենք տարել, նույնիսկ հայրը չի իմացել, թե այդ մարդիկ ինչի են եկել: Գիշերվա 12:30-ին մեր դուռը ծեծեցին, թե՝ կարելի՞ է, հարց ենք ուզում պարզաբանել, ներկայացան, որ ոստիկանությունից են, բայց դուռը չբացեցինք, մենք չգիտեինք, թե դա ինչ գրուպա էր, ովքեր էին: Գիշերվա 12:15-ից սկսել էին դռները ծեծել, մինչեւ առավոտ իրանք դեռ այդտեղ կանգնած էին: Մենք ապշել էինք, թե դա ոնց եղավ Ռոբերտիկի հետ, ախր ինքը կռվարար երեխա չէր":



Նրանք մինչ այսօր դժվարանում են հավատալ, որ դա իրենց ճանաչած Ռոբերտ Հովհաննիսյանի դին է. "Ախր շատ էր փոխվել, դա մեր ուղարկած տղան չէր, մեր ուղարկած տղան այսպիսին էր",- ասում էին հավաքվածներն ու մատնացույց  անում պատից կախված նկարը: Ընտանիքի վիշտը կիսելու էին եկել նաեւ Ռոբերտի ուսուցիչները, որոնք հիշում էին նրա դպրոցական տարիները: Կենսաբանության ուսուցչուհի Լենա Առաքելյանը Ռոբերտ Հովհաննիսյանին դասավանդել է 4 տարի. "Խելոք, չափավոր երեխա էր, միջին ընդունակությունների տեր աշակերտ: Լինում էին դեպքեր, երբ ազնվորեն կանգնում-ասում էր, որ դասին պատրաստ չէ, բայց հաջորդ օրը առաջինն ինքն էր դասը պատասխանում, շատ զուսպ էր: Մեծ վիշտ եմ ապրում, որ մեր լավ երեխան հեռացավ կյանքից: Լավ է, որ դեմքը չտեսա, երբ եկա, արդեն ծածկել էին դեմքը, ուրեմն վիճակն այնպիսին է եղել, որ ցավ է պատճառել բոլորին, նույնիսկ մարդիկ են վատացել այդ ամենը տեսնելով":



Իրոք որ վիճակն այնպիսին էր, որ մի քանի մետրից նույնիսկ հնարավոր չէր մոտենալ: Դժբախտ պատահարները կյանքի անխուսափելի ատրիբուտն են: Բայց նման մահը նույնիսկ թշնամուդ չես կամենա: Միայն պատկերացնելն արդեն սարսափելի է, երբ մարդիկ դիակային հոտի պատճառով չեն կարողանում մոտենալ տղային, երբ հայրը հագնում է ձեռնոցներն ու հավաքում տղայի երեսի որդերը: Ռոբերտի հորեղբայր Արարատ Հովհաննիսյանն ասում է. "Ես առաջին հերթին վիրավորված, նեղված եմ նրանից, որ այս 6 զոհված երեխեքին բերել են ուազիկով, ուազիկի մեջ եղել ա 5-6 սպա եւս, էդ շոգին բա էդ սպաներն ու երեխաներն ինչ կէղնեին, նեղված եմ, որ ուղղաթիռով չեն տեղափոխել Հայաստան կամ որ այնտեղ չեն դիահերձել, գոնե մի ուրիշ կոնդիցիոներ ունեցող մեքենայով բերեին, բերել են այստեղ իրիկունը 7-8-ի կողմերը, մեր մորգում թողել են, մորգում աշխատանքային ժամ չէր, առավոտյան են եկել իրանց գործն արել: Այդ պահին պետք է էդ բժիշկները, էդ ստուգողներն ու քննիչները սպասեին, դիմավորեին ու երեխու գործը արագ տեմպերով  անեին, ոչ թե մի գիշեր անցկացնեին":



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր