Բողոքի ալիքը հասավ Գյումրի

Բողոքի ալիքը հասավ Գյումրի
Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված եւ առաջին ընթերցմամբ ընդունված "Լեզվի մասին" եւ "Հանրակրթության մասին" օրենքներում առաջարկվող փոփոխությունների դեմ ուղղված ալիքը հասել է Գյումրի: Մինչ օրս, բացի առանձին ՀԿ-ների եւ մի քանի մտավորականների ըմբոստ վերաբերմունքից, այլ դրսեւորում չէր եղել: Տպավորություն է ստեղծվում, թե հատկապես գյումրեցի երիտասարդներին օրենքները, մասնավորապես լեզվի եւ հանրակրթության, այնքան էլ չեն մտահոգում: Ինքներս համոզվեցինք` փոքրիկ հարցախույզ անցկացնելով Գյումրիի փողոցներում: Մեր զրուցակիցներից միայն 2 հոգի էին տեղյակ օրենքի մասին, որոնց համար, սակայն, միեւնույն էր՝ "փոփոխություններ կկատարվեն, թե չէ", մյուսներն էլ ոչ միայն տեղյակ չէին, այլեւ "ցանկություն չունեին տեղեկացվելու": Այսօր Գյումրիում "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" խմբի արտագնա նիստն էր: "Ասպարեզ" ժուռնալիստների ակումբում, բացի լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ներկա էին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Բանախոսներ Արմեն Հովհաննիսյանն ու Ավետիք Իշխանյանը կոչ էին անում գյումրեցիներին լինել ակտիվ, քանի որ "պայքարը" նոր-նոր է սկսվել, ամենահզոր ալիքը սեպտեմբերին է լինելու: "Մենք թույլ չենք տա, որ լեզուն մեր ձեռքից վերցվի":



Բանախոսների կարծիքով՝ "չկա չարիք առանց բարիքի, գուցե օտարալեզու դպրոցների դեմ ուղղված բողոքի ակցիաները պատճառ հանդիսանան հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարձրացման համար":



Շարժման մասնակիցներն ու նախաձեռնողները  պատրաստում են նամակ՝ ուղղված Հանրային խորհրդին, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի՝ Հանրային խորհրդին ուղղված նամակի:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ