Սերժ Սարգսյանը վերանայելու է կրթության համակարգը
- Տարակուսանք է առաջացնում այն, որ Հանրային խորհրդի առաջարկները վերաբերում են ընթացիկ պետական ծրագրերին, որոնք մշակման երկար փուլ են անցել եւ սկսել են իրագործվել: Օրինակ, ավագ դպրոցները սեպտեմբերից արդեն գործելու են: Իսկ Հանրային խորհրդի առաջարկները նոր գլոբալ բարեփոխում են ենթադրում:
- Իսկ ի՞նչ անենք: Մի ամբողջ սերունդ ոչնչացնենք, ինչ է թե սխալ որոշո՞ւմ է ընդունվել արդեն: Որպես "Մայր հայրենիք" կուսակցության ղեկավար՝ նախագահի հետ հանդիպման եմ մասնակցել եւ գիտեմ, որ նա կրթության բնագավառը մտադիր է շատ լուրջ քննարկել եւ նորից վերանայել: Եթե ամեն ինչ բարվոք լիներ, ինչո՞ւ պետք է նախագահը դա աներ: Սեպտեմբերին մեզ հետ միասին կրկին մեծ քննարկում կլինի: Ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա ես հանդիպել եմ ոլորտի պատասխանատուներին, ԱԺ լսումների եմ մասնակցել եւ տպավորություն ունեմ, որ սա արվում է շուտափույթ, որ սա նախորդ նախարարի ինչ-որ պատվերներն են, ինչ-որ հին պրոբլեմներ են շարունակվում: Մենք այդ լսումներից շատ դժգոհ ենք: Ես դասավանդում եմ պոլիտեխնիկում եւ կարող եմ ասել, որ մենք այսօր ստիպված փոխել ենք խնդրագրքերը, հասցրել ենք համարյա դպրոցի մակարդակի, որովհետեւ եկած ուսանողը տեղյակ չի էլեմենտար բաներից: Օրինակ երկրաչափությունից: Ո՞նց կարելի է 12 տարի ձգել, հետո բերել բուհ: Դա կբերի նրան, որ մեր սերունդը ավելի շուտ կցանկանա թողնել երկիրը:
- Լավ առաջարկներ կան, բայց հնարավոր չէ՞ հերթով անել փոփոխությունները:
- Մենք այս առաջարկները, եթե դրանք ընդունվեն, փուլ առ փուլ ենք անելու: Իշխանությանը հակադրվելու խնդիր չունենք: Կընդունեն փոփոխությունները՝ լավ, չեն ընդունի՝ կտեսնենք ինչ են առաջարկում:
- Ձեր առաջարկները փորձե՞լ եք քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ:
- Ես մինչ այդ եմ հանդիպել նախարարի, փոխնախարարի հետ: Իրենց կարծիքն իմացել եմ, օրինակ, ավագ դպրոցի մասին: Բայց իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այսպես պետք է շարունակվի: Ինչու՝ ես չեմ կարող մեկնաբանել: Գուցե ինչ-որ արտաքին գումարներ են մտնում այս ուղղությամբ: Չեմ ուզում դրա շուրջ խոսել, որովհետեւ դրա իրավունքը չունեմ: Իմ կարծիքով, համակարգային փոփոխություն է պետք նաեւ նախարարության առումով: Նախարարությունը մեծ է: Գիտությունն ու կրթությունը չի կարելի միավորել: Կիսել է պետք: Մենք նամակներ ենք ստանում, որոնց մեջ գլոբալ հարցեր են բարձրացվում: Օրինակ, այժմյան գործող ակադեմիայի անհասկանալի դերակատարման մասին: Մենք դրանք չենք կարող լուծել: Դրա համար համակարգն է պետք փոխել:
Կարծիքներ