Բանակայինների ղզղնելու սեզոնը

Բանակայինների ղզղնելու սեզոնը
Երկու օր առաջ հայոց բանակի "փառապանծ" ծառայողները հերթական "հերոսությունն" են կատարել, այս անգամ` Իջեւան քաղաքում: Ի տարբերություն հուլիսին տեղի ունեցած խայտառակող ողբերգական դեպքերի, այս հաշվեհարդարը տեղի է ունեցել զորամասից դուրս, հենց քաղաքում: Իջեւանի զորամասի պայմանագրային զինծառայող Ա. Ավետիսյանը դանակի երկու հարված է հասցրել մեկ այլ պայմանագրայինի, որի թոքն է վնասվել: Տուժածին տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ըստ քաղաքում պտտվող խոսակցությունների, կռվի պատճառը եղել է Ավետիսյանի կողմից մյուսի կնոջ հասցեին ինտերնետում վիրավորական արտահայտություններ գրելը: Տուժողն իր ընկերոջ հետ ծեծի է ենթարկել Ավետիսյանին, որն էլ ուժերի անհավասարաչափ կռվում դիմել է դանակի օգնությանը:



Պայմանագրայինների պատմելով, ինտերնետում` հատկապես "Օդնոկլասսնիկի"-ում "լռվելը" դարձել է զինվորականների պարապ վախտի խաղալիքը: Այս անգամ դա փորձանք է բերել սահմանապահներին, որոնք իրենց տարաձայնությունը տեղափոխել են "քաղաքացիական կյանք": Վերջին օրերին գրանցված ողբերգական դեպքերի ֆոնին սա այնքան էլ սահմռկեցուցիչ չէ: Պարզապես ջրի երես է հանում հայկական ժամանակակից բանակում վերջին տարիներին կատարված "բարեփոխման"` պայմանագրային հիմունքներով գործող զինված ուժեր ունենալու ձախողումը: Ինչո՞ւ: Որովհետեւ վերոնշյալ տղաների եւ նրանց նմանների համար բանակում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելը կապ չունի ոչ հայրենասիրության, ոչ սահմանների պաշտպանության հետ:



Դա ընդամենը աշխատատեղ է: Հատկապես հերթափոխի օրերին Իջեւանի փողոցներում մեծ թվով պայմանագրայինների կարող ես հանդիպել, որոնց տեսքն ամենեւին էլ զինվորականի չէ` դատարկ հայացքներ, էլ ավելի դատարկ խոսակցություններ, անլուրջ պահվածք եւ այլն: Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցածը նաեւ ապացուցում է, որ մեր զինված ուժերում իսպառ բացակայում է քաղաքացիական եւ ազգային դաստիարակությունը: Բանակը լցրել են անգրագետներով ու տհասներով, որոնց չի կարելի պետական սահման վստահել: Հետաքրքիրն այն է, որ երբ լրատվամիջոցները փորձում են լույս սփռել բանակում կատարվող մութ անցքերի վրա, նույն "սրտացավ" պաշտոնյաներից շատերն են օգտագործում "պետական գաղտնիք" բառակապակցությունը:



Պետական գաղտնիքի ինստիտուտը խաղաթուղթ է ծառայում պաշտոնյաների ձեռքին` տեղեկատվությունը սահմանափակելու համար: Փոխանակ խնդիրները վերհանելու, բանակի հիմքերը խարխլողների ձեռքը բռնելու, իրենց` փաստեր քողարկելու ցանկությունն արդարացնում են ազգային անվտանգության պաշտպանությամբ: Ի՞նչ կապ ունեն հասարակական հնչեղություն ունեցող դեպքերը պետական գաղտնիքի հետ: Ակնհայտ է, որ դրանով թաքցնում են իրենց սխալները, թերի աշխատանքն ու տգիտությունը:



Նմաններին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ "Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը չեն կարող դասվել. ա) քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաեւ դրանց հետեւանքների մասին տեղեկությունները... բ) քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների եւ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկություններ, գ) այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը, բացասական ազդեցություն կունենան ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման վրա:



Թող իրենք դատեն, թե վերոնշյալ դեպքերն ու օրենքի կետերը որքանով են կապակցված: Իսկ նման կարեւորություն ունեցող տեղեկությունները թաքցնող պաշտոնյան պետք է օրենքով պարտավորվի հրապարակել այդ ամենը, հակառակ դեպքում պատասխանատվություն կրի: