Իսկ ժողովուրդը "գեներալներ" է կերակրում

Իսկ ժողովուրդը "գեներալներ" է կերակրում
Պաշտոնական Արցախը կամ, այլ կերպ ասած, Ղարաբաղի քաղաքական էլիտան, չինովնիկական համակարգն իրենից ներկայացնում է մի մեծ ընտանիք։ Այստեղ շատ հազվադեպ կարելի է օտար մարդ գտնել, բոլորը յուրային են՝ ազգական, մոտիկ-հեռու բարեկամ, բարեկամների ընկերներ, ուստրեր, դուստրեր, սիրուհիներ եւ այլն։ Արցախում նոր հաստիք ստեղծելը սովորական երեւույթ է, որի առանձնահատկությունն այն է, որ դա ոչ թե արվում է տվյալ հաստիքի քաղաքական, տնտեսական, հասարակական կարեւորության հաշվառմամբ ու նպատակահարմարությամբ, այլ պարզապես կոնկրետ ինչ-որ անձանց աշխատանքի տեղավորելու համար։



Այդպիսի հաստիքներ կան գրեթե բոլոր նախարարություններում, հատկապես կադրերի "դարբնոց" արտգործնախարարությունում։ Վերոհիշյալ սկզբունքով է համեմատաբար վերջերս ԱԳՆ-ում ստեղծվել փոխարտգործնախարարի երկրորդ հաստիքը, եւ եթե հարկ լինի՝ կստեղծեն նաեւ երրորդ, չորրորդ կամ հինգերորդ փոխարտգործնախարարի հաստիքներ։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւս, բնականաբար, ունի փոխնախարար (ավելի ճիշտ՝ փոխնախարարուհի)՝ երիտասարդության հարցերի գծով, վերջինս ունի ամուսին, որի համար հարմար մի գործ էր պետք։ Եվ այդ նախարարությունում ստեղծվել է, այսպես կոչված, վերլուծական ինչ-որ կենտրոն, որի ղեկավար է նշանակվել նույն այդ փոխնախարարի ամուսինը։ "Կենտրոնի" բանուգործն այն է, որ բլոգերներ է աճեցնում երկրի համար, որպեսզի վերջիններս սեփական բլոգներով իրենց նման պարապ-սարապ տղա-աղջիկներին բացատրեն, թե ինչ ասել է ղարաբաղյան խնդիր, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ է ուզում այդ Արցախ կոչվածը:



Ուղղակի անհասկանալի է, թե փոքրիկ, չճանաչված ու աղքատ այս երկիրը, որ արդյունաբերություն չունի, գյուղատնտեսության ոլորտն էլ գտնվում է նախնադարյան հասարակարգի մակարդակում, ինչպես է կարողանում կերակրել բազմահազարանոց չինովնիկական համակարգը։ Դրան զուգահեռ, պետական միջնաբերդից դուրս մնացած մնացյալ խավը, որ ժողովուրդ է կոչվում, ինչպե՞ս է կարողանում ապրել ու իր հարկերով լցնել պետական գանձարանը՝ կերակրելով օրեցօր ստվարացող վերոհիշյալ հոծ զանգվածը, որ կոչվում է չինովնիկություն։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ