Իլհամ Ալիեւ. Պատերազմը դեռ չի ավարտվել

Իլհամ Ալիեւ. Պատերազմը դեռ չի ավարտվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունեցել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման արարողության ժամանակ ու կրկին խոսել «սահմանների», «անվտանգության» եւ «օկուպանտների» մասին:



«Ադրբեջանի սահմանները, թե’ ցամաքային, թե’ ծովային ուղղություններով պաշտպանվում են անհրաժեշտ մակարդակով: Ես բազմիցս եղել եմ բոլոր սահմաններում, հանդիպել անձնակազմերի հետ, ծանոթացել իրավիճակին եւ կարող եմ վստահաբար ասել, որ մեր սահմանները պաշտպանվում են անհրաժեշտ մակարդակով»,- հայտարարել է նա եւ խոստացել «հետագայում» ավելի շատ միջոցներ հատկացնել սահմանների պաշտպանությանը:



Այնուհետեւ Ալիեւը անցել է իր սիրած թեմային. «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դրա համար, բոլոր ռազմական կառույցները միավորվել են մեկ հրամանատարության ներքո եւ գործում են ըստ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանների: Անհրաժեշտ պահին բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես միասնական բռունցք եւ կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:



Հայրենասիրական կոչերից հետո, Ալիեւը ավանդույթի համաձայն, վստահեցրել է, որ երկիրը հզոր պոտենցիալ ունի. «Ադրբեջանն օրեցօր ամրանում է, աճում են մեր ֆինանսական հնարավորություններն ու ռազմական ծախսերը, որոնք պետբյուջեում առաջին տեղում են: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը եւ գործում է հրադադարի ռեժիմը: Մենք ցանկացած ժամանակ պետք է պատրաստ լինենք օկուպանտներից մեր հողերի ազատագրմանը»:



Այնուհետեւ, Ադրբեջանի նախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ մեղադրել Երեւանին գործընթացը ձգձգելու մեջ. «Այսօր ադրբեջանական բանակի ռազմական պոտենցիալը թույլ է տալիս ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Ուղղակի մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանի դիրքերը բանակցություններում ուժեղանում են: Իսկ հակառակ կողմը զբաղված է ժամանակ ձգձգելով եւ փորձում է ուղղակի ձախողել բանակցությունները: Եթե բանակցությունները ձախողվեն, ապա առաջ կգա նոր իրավիճակ եւ օրակարգում կհայտնվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը»:



News.am