Նախագահական ինքնաթիռը կծառայի օլիգարխների՞ն

Նախագահական ինքնաթիռը կծառայի օլիգարխների՞ն
Կառավարությունը երեկ որոշել է աճուրդի հանել նախագահական հին՝ "ՏՈւ-134" օդանավը, որը ներկա պահին գտնվում է նախագահի աշխատակազմի հաշվեկշռում: Օդանավի մեկնարկային գինը սահմանվել է մոտ 600 մլն. դրամ (մոտ 1,6 մլն. դոլար)։ Ըստ այդմ ասվում է, որ ինքնաթիռն ունի 70 տոկոս եւ ավելի մաշվածություն: Նշենք, որ նախագահական հին ինքնաթիռը, որը շահագործման էր տրվել "Արմավիային", սպասարկում էր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Օրինակ, մամուլում գրվեց, որ անցյալ տարի այդ ինքնաթիռով էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ գնացել Իրան: Եթե հիշում եք՝ 2007-ի դեկեմբերին, նախագահության իր շրջանի ավարտին, Ռոբերտ Քոչարյանը որոշեց 45 մլն. դոլարանոց նոր՝ "Ա-319" ինքնաթիռ գնել: Պաշտոնապես ասվեց, որ ինքնաթիռի գնի 15 մլն. դոլարը տվել է մի բարերար, որը, ցավոք, չէր ցանկացել ներկայանալ, այլապես ՀՀ կառավարությունն այսօր հնարավորություն կունենար նրա արձանը եւս տեղադրել "բարերարների ճեմուղում": Ինքնաթիռի արժեքի մնացած մասով վարկ էր ձեւակերպվել, որը ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 տարի ժամկետում: "Էյրբաս" "Ա-319" ինքնաթիռը ձեռք էր բերվել "արեւելյան ավիացիոն շուկաներից մեկում", ումից՝ անհայտ է:



Նման շքեղությունը նախագահականից հիմնավորվեց հետեւյալ կերպ. "Ներկայացուցչական նոր ինքնաթիռի ձեռքբերումը դարձել էր կենսական անհրաժեշտություն: Նախ, ընդհանուր առմամբ, "Տու-134" տիպի օդանավերը չեն համապատասխանում ավիացիոն արդի մի շարք պահանջների, այդ թվում` գերազանցում են թույլատրելի աղմուկի չափը, ինչի պատճառով արգելված է դրանց մուտքը եվրոպական օդանավակայաններ, ծախսատար են սպասարկման եւ օգտագործվող վառելիքի առումով, էկոլոգիապես վնասակար են: Բացի այդ, մինչ օրս շահագործվող "Տու-134" ներկայացուցչական օդանավի մաշվածության աստիճանը ոչ ցանկալի է դարձնում հետագա շահագործումը: Նշենք նաեւ, որ մեր տարածաշրջանի երկրներում "Տու-134" տիպի օդանավերը որպես ներկայացուցչական վաղուց չեն օգտագործվում": Այսպես է ասված նախագահականի հաղորդագրության մեջ:



Ուշագրավն այն է, սակայն, որ, ըստ նախագահականի, "մաշվածության պատճառով հետագա շահագործման համար ոչ ցանկալի" ինքնաթիռը շահագործման համար 2007-ին տրվեց "Արմավիա" ընկերությանը եւ, փաստորեն, 3 տարի շահագործվել է նրա կողմից: "Եթե մտածում են նախագահի կյանքի անվտանգության մասին, ինչի՞ չեն մտածում սովորական քաղաքացու անվտանգության մասին,- մեզ հետ զրույցում հարց բարձրացրեց քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ հավելելով:- Եթե շահագործման վտանգներ կային այդ օդանավի մեջ, ինչո՞ւ են այն հետո շահագործել հասարակ մարդկանց համար: Կամ՝ ինչո՞ւ են վաճառքի հանում: Ասենք եթե վաճառքի են հանում, դա գնորդի խնդիրն է, կարող է նորից վերանորոգի, նորից շահագործի, հնարավոր է դա, բայց եթե դա վտանգավոր էր նախագահի շահագործման համար, ուրեմն վտանգավոր է ցանկացած քաղաքացու համար: Խնդիրը սա է":



Շահեն Պետրոսյանը չի բացառում, որ բիզնես կլասի այս ինքնաթիռը հետագայում կծառայի որոշ մեծահարուստների՝ պատվերով թռիչքներ կատարելու համար: "Հնարավոր է օգտագործեն որպես VIP օդանավ: Լավ տղերքը էստեղից Սոչի թռչեն կամ այլ տեղ՝ ոչ շատ հեռու",- կանխատեսում արեց քաղավիացիայի նախկին պետը:



Երեկ մի քանի հարց ուղղեցինք նախագահական հին օդանավը շահագործող "Արմավիային", թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է գնել աճուրդի հանված նախագահական "Տու-134" ինքնաթիռը, որը շահագործում է շուրջ 3 տարի, եթե այո, ապա ո՞ր չվերթների եւ ո՞ւմ համար է այն պատրաստվում օգտագործել:



Նաեւ՝ ի՞նչ ուղղություններով եւ հաճախականությամբ է անցած 3 տարում օգտագործել "Արմավիան" այս ինքնաթիռը: "Արմավիայից" խոստացան մեր հարցրին պատասխանել այսօր: