Անհավասար ու անարդար
Մարդկությունն իր պատմության ընթացքում մի քանի պարզ ճշմարտություններ ու բանաձեւեր է հայտնագործել: Մի քանի սկզբունք, որոնց վրա են ըստ էության կառուցված մարդու բարեկեցությունը, պետության քաղաքակիրթ լինելն ու հասարակական առաջընթացի հնարավորությունը: Դրանցից մեկը, թերեւս, մրցակցային սկզբունքի պահպանումն է, բոլորի համար հավասար դաշտ ապահովելը: Ամեն ինչում եւ ամենուր: Երբ չափանիշներն ու չափորոշիչները սահմանված են, կանոնները՝ գրված, վերահսկման մեխանիզմները` մշակված, մարդկանց մնում է ընդամենը խաղի ընդունված կանոնները պահպանել: Երբ մարդն աչքը բացելով տեսնում է, որ դպրոց, բուհ ընդունվելու, բարձր վարձատրվող աշխատանք ստանալու համար ազնիվ մրցույթում պետք է հաղթի, եւ այդ մրցույթի պայմանները հարգվում են բոլորի կողմից, նրան մնում է պայքարել սահմանված չափանիշները հաղթահարելու համար, այլ ոչ թե դրանք շրջանցելու ուղիներ փնտրել, ծանոթ-բարեկամ-փող մեխանիզմն աշխատեցնել: Երբ բիզնեսը գործում է հայտնի եւ հստակ սահմանված կանոններով, մարդը գործունեություն ծավալելու համար մտածում է իքս քանակի կապիտալ ունենալու, շուկան ուսումնասիրելու, պահանջարկ-առաջարկ հարաբերակցությունը հասկանալու մասին, այլ ոչ թե քաղաքական էլիտայում տանիք գտնելու, մաքսային ու հարկային արտոնություններ ձեռք գցելու, օրենքները շրջանցելու մասին: Ցավոք, մեզանում այս կանոններից ոչ մեկը չի գործում: Առողջ մրցակցություն եւ հավասար դաշտ գոյություն չունի ոչ միայն սովորելու, աշխատելու, կարիերա անելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու հարցերում, այլեւ կենցաղային մակարդակներում: Ամեն ինչ այնքան ձեւախեղված է ու գլխիվայր շուռ եկած, որ լավը, որակովն ու ճիշտն ընտրելը մեզանում դարձել է անհնարին:
Կարծիքներ