Ուտելիքն ու աղբը` կողք կողքի

Ուտելիքն ու աղբը` կողք կողքի
Նկարում պատկերվածը Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ   փողոցն է՝ քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկը: Գր. Լուսավորիչ 37բ հասցեում է գտնվում "Գրին պլազա" մթերային խանութը, իսկ ներքեւում Վանաձորի գյուղմթերքների շուկան է: Ամեն օր փողոցի այս հատվածը լցված է աղբով, ինչը բարկացնում է թե փողոցով անցնող բնակիչներին, թե խանութի աշխատակիցներին եւ թե շուկայում առեւտրով զբաղվող մարդկանց: Խանութի հենց դիմացը վերածվել է աղբանոցի, աղբն այնտեղ են թափում բոլորը` խանութի աշխատակիցներից մինչեւ հարեւան շենքերի բնակիչներ:



Մանավանդ կեսօրին արդեն փողոցով անցնելն անհնար է, փչացած մթերքի հոտն իրեն է ձգում տարբեր կենդանիների` թափառող շներից մինչեւ առնետներ: Իրենք՝ շուկայում առեւտուր անողները, որոնք մթերքը վաճառում են հենց աղբի կողքին, ոչ մի վատ բան չեն տեսնում: Մի գյուղացի, որը կանաչի ու միրգ է վաճառում, նշեց, որ մի քանի ժամով են կանգնում, դա էլ, իրենց խոսքով, եղանակ չի փոխում. "Մի ժամվա մեջ ո՞նց կարող ա աղբի հոտը կպնի մթերքին": Իսկ երբ հարցրինք, թե ինչու են աղբը լցնում փողոցում, պատասխանեցին. "Սաղ լցնում են, կարող ա՞ ես չլցնեմ":



Շուկայի վաճառողները մեղքը գցում են "Գրին պլազա" մթերային խանութի վրա, նշելով, որ նրանք թափում են, իրենք էլ ավելացնում են: "Գրին պլազա" խանութի մենեջեր Նաիրա Հարությունյանն էլ նշեց. "Այդ աղբը մենք չենք թափել, մենք դրա հետ կապ չունենք": Բայց աղբի մեջ կան արկղեր ու խանութում վաճառվող այլ իրերի կույտեր: "Օրերով աղբը կուտակվում ա, ոչ մեկը տեր չի լինում",- ասաց մենեջերը: Սակայն առեւտուր անողները հակառակն են նշում. "Ամեն իրիկուն լավ մաքրում են, բայց էլի լցնում են":



Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասում է. "Բոլոր այդ թափողներին միշտ էլ զգուշացրել ենք, բայց էլի նույն բանը շարունակվում է, բերում-լցնում են": Բաժնի պետի խոսքով՝ տարածքում տեղադրված են աղբարկղեր, սակայն շատերն այդտեղ են թափում աղբը, իսկ այն հեռացվում է "ոչ միայն ամեն առավոտ, այլեւ օրվա երկրորդ կեսին": Իսկ երբ հերթական համաճարակը բռնկվի Վանաձորում, պատճառները կփնտրեն ամենուրեք, բայց ոչ այս աղբանոցներում:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ