Անկախության հռչակագրի տարեդարձն առանձին-առանձին նշեցին

Անկախության հռչակագրի տարեդարձն առանձին-առանձին նշեցին
Առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամները (1990-1995 թթ.) ջերմ ողջագուրվում եւ միմյանց շնորհավորում էին: “Կոնգրես” հյուրանոցի սրահներից մեկում “Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ” ՀԿ-ի նախաձեռնությամբ նրանք հավաքվել էին նշելու ՀՀ խորհրդարանի եւ Անկախության հռչակագրի հոբելյանը: Երեկ՝ օգոստոսի 23-ին, լրացավ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 20 ամյակը: Փաստաթուղթ, որով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: ԳԽ 271 պատգամավորներից հանդիսավոր այդ նիստին ներկա էին միայն 80-ը:



Պատգամավորներից 43-ն արդեն չկան, 21-ը գտնվում են արտերկրում, իսկ մոտ 20-ը վատառողջ են: Հատկանշական է, որ այժմ իշխանություն ներկայացնող, այս կամ այն չափով իշխանություններին հարող ԳԽ նախկին անդամները ներկա չէին (Գագիկ Հարությունյան, Հրանուշ Հակոբյան, Գառնիկ Իսագուլյան, Շավարշ Քոչարյան, Վազգեն Մանուկյան, Արշակ Սադոյան եւ այլք): Նրանք հավանաբար իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող ԳԽ նախկին անդամների հետ պիտի հիշեին օրը: Չէին եկել նաեւ ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը ներկայացնող ԳԽ նախկին անդամները՝ Արամ Մանուկյանը,  Արա Սահակյանը, Բագրատ Ասատրյանը, Բաբկեն Արարքցյանը:



“Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ” ՀԿ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանի խոսքով, իրենք բոլորին հրավիրել էին, նաեւ ԱԺ գործող պատգամավորներին ու խորհրդարանի նախկին ու ներկա նախագահներին, բայց, ցավոք, օրը միասնաբար չի նշվում: Իշխանությունն ու ընդդիմությունը յուրաքանչյուրն իր համար առանձին է արժեւորում օրվա խորհուրդը: Մեղավորը, Ռուբեն Թորոսյանի կարծիքով,  իշխանությունն է, որովհետեւ դեռ մեկ տարի առաջ իրենք հոբելյանական միջոցառումների անցկացման ծրագիր են ներկայացրել, ինչն անուշադրության է մատնվել:



“10 տարի առաջ այսպես չէր, հիմա քաղաքական վիճակն ավելի սրված է, ես դա մասնակիցների թվից կարող եմ ասել: Մեկը մյուսից խուսափում են, որ գան, միմյանց տեսնեն: Միջոցառումները 3 տեղ են անցկացվում, դա արդեն մի բան նշանակում է”,-համոզմունք հայտնեց Ռուբեն Թորոսյանը: Մինչ ելույթներին անցնելը առաջին գումարման խորհրդարանի անդամները հոտնկայս երգեցին ՀՀ օրհներգը, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց մահացած ու զոհված գործընկերների հիշատակը (մինչ այս նրանք այցելել էին ՀՀ խորհրդարանի զոհված պատգամավորների շիրիմներին): Ապա ընթերցվեց Անկախության հռչակագիրը: Նախկին պատգամավորներն իրենց ելույթներում հիշեցին, թե ինչպես էր քննարկվում կարեւորագույն այս փաստաթղթի տեքստը:



Օրինակ, Մերուժան Տեր-Գուլանյանը հիշեց, թե ինչ դժվարությամբ էր ընդունվել պատմական արդարությունը վերականգնելու մասին դրույթը: Հռչակագրում, ըստ նրա, ամեն ինչ կա, այլ բան է, թե դա ինչպես է գործում: “Մեզանից յուրաքանչյուրն ուզում էր լավ երկիր հիմնադրել: Մենք մեծապես ուզում էինք, բայց կարողացանք այդքանն անել՝ ելնելով հանգամանքներից, ժամանակներից, պատերազմից”,-ասաց Տեր-Գուլանյանը: Աշոտ Բլեյանը կարծիք հայտնեց, թե Անկախության հռչակագիրը մի մեծ բացթողում ունի՝ այնտեղ չի կարեւորվել եւ  բացառիկ չի դարձվել ազատությունը որպես արժեք, որի պահպանմանը պետք է ուղղված լիներ իրենց հետագա գործունեությունը:



Արտաշես Թումանյանն  էլ իր խոսքում նշեց, որ չի ուզում գերագնահատել ԳԽ դերը, որովհետեւ պետականության հիմքերը միայն ԳԽ-ն չի դրել, բայց եղել է կարեւոր դերակատարներից մեկը: Գնահատելով իրենց անցած ճանապարհը, Արտաշես Թումանյանը նկատեց, որ  թեեւ ԳԽ-ին ինչ-որ չափով հաջողվել է ժողովրդի իղձերն իրականացնել, բայց շատ բան կարելի էր այլ կերպ անել: “Սա եւ պառլամենտին է վերաբերում, եւ անձնապես շատերիս, ինձ՝ հատկապես”,-ասաց Արտաշես Թումանյանն ու հավելեց, որ այսօրվա իշխանական համակարգում ԳԽ նախկին անդամներից գրեթե ոչ ոք չկա:



ԳԽ անդամներից Վարդան Պետրոսյանն անհնարին համարեց զուգահեռների անցկացումը առաջին գումարման ԳԽ եւ մերօրյա ԱԺ միջեւ՝ իրավիճակն ու ժամանակներն են տարբեր: “Գերագույն խորհուրդը եղել է բարձրագույն օրգան, որն իր վրա պարտավորություններ է վերցրել՝ այդ ժամանակներում կառավարելու երկիրը: Այդ ժամանակահատվածը ես բացարձակապես չեմ ընդունում ցուրտ ու մութ, որովհետեւ այն ինձ համար եղել է պատերազմի տարիներ, իսկ պատերազմի մասին խոսելիս կարեւորում են՝ հաղթե՞լ ես, թե՞ ոչ: Ոչ մի պատերազմի տարի տաք եւ խորովածով չի եղել”,-ասում է նախկին պատգամավորը՝ հավելելով, որ, ի տարբերություն այսօրվա ԱԺ-ի, ԳԽ-ում գործարարներ չկային, իսկ ինտելեկտուալ մակարդակն էլ անհամեմատ բարձր էր:



Ինչ վերաբերում է պառլամենտարիզմին, ապա այն մեր երկրում գոյություն չունի, որովհետեւ “պառլամենտարիզմը գոյություն կունենա այն ժամանակ, երբ որ մարդիկ լինեն ազատ”: ԳԽ պատգամավորներն անկեղծ ձգտում էին պետության ստեղծմանը, բայց փորձը քիչ էր այն ժամանակ: Չնայած դրան, պետության հիմքերը նա կարողացավ դնել: Իսկ այսօր ԱԺ-ում մարդիկ կան, որոնք ճիշտ կլիներ զբաղվեին միայն իրենց բիզնեսով: Այսպիսի կարծիք հայտնեց նախկին պատգամավորներից Սպարտակ Պետրոսյանը՝ հուսալով, որ գալիք խորհրդարաններն ավելի որակյալ կլինեն թե առաջին գումարման ԳԽ-ից, թե ներկա ԱԺ-ից:



ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը Անկախության հռչակագիրը կատարյալ փաստաթուղթ համարեց, բայց շեշտեց, որ այն օրերին ոչ Հայաստանի ժողովուրդը, ոչ էլ խորհրդարանը անկախական տրամադրություններ չունեին: “Քննարկվում էր տեքստը՝ ելնելով տարբեր նկատառումներից, եւ մարդիկ թերահավատ էին, որ այդ հռչակագրով իսկապես սկսում էին անկախ պետության շինարարությունը: Ես այդ անհավատության մեջ էլ տեսնում եմ այն, որ հետագա քայլերը չբերեցին նրան, որ մենք այսօր մեզ  իսկապես զգանք անկախ երկրի քաղաքացիներ այնպես, ինչպես գրված է հռչակագրում”: Երկրում պառլամենտարիզմի չկայանալու փաստը Հրանտ Խաչատրյանը պայմանավորում է հանգամանքով, որ հենց առաջին խորհրդարանում են դրվել ոչ միայն դրական, այլեւ բացասական երեւույթների արմատները, որոնք մենք այսօր տեսնում ենք: