Քծնեցին Ռուսաստանին ու օրհնեցին էն սհաթը

Քծնեցին Ռուսաստանին ու օրհնեցին էն սհաթը
Թեեւ Ռուսաստանի նախագահ Դմիտի Մեդվեդեւն արդեն մի քանի օր է՝ հրաժեշտ է տվել Հայաստանին, ու Երեւանը վերադարձել է իր նախկին կյանքին, խցանումներ ու ոստիկաններ չկան, ՀՀ իշխանությունը ձեւեր է փնտրում հասարակությանը համոզելու, թե Երեւանում ստորագրված համաձայնագրերը համայն հայության միակ փրկությունն էին, դա իշխանության շահերի համար հո չի՞: Այնպես որ, այս օրերին գործի է դրվել ռուսական ե՛ւ ռազմական, ե՛ւ այլ կարգի ամեն տեսակ ներկայություն Հայաստանում գովերգող  քարոզչամեքենան:



Երեկ “Ռիա Նովոստի” ռուսական կենտրոնը Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջ էր կազմակերպել՝ Մեդվեդեւի այցը եւ դրա փրկարար հետեւանքները մոտիվներով: Քանի որ կենտրոնը ռուսական է, նախապես կարելի էր կռահել ինչ քննարկում է սպասվում: Սակայն սպասելիքները գերազանցեցին. հանդիպումը վերածվեց գրեթե պաշտամունքային ծեսի, ու ներկաներին լսողը կմտածեր, որ եթե Ռուսաստանը չլիներ, Մեդվեդեւը չգար Հայաստան, մենք ոչ մեզ, ոչ առավել եւս Ղարաբաղը հո չէի՞նք կարող պաշտպանել, ոչ Արեւմուտքի վարկերով ատոմակայան կարող էինք կառուցել:



Եվ ընդհանրապես, ստուդիայում հայկական կողմն իրեն պահեց “ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն, ի՞նչ մարդահեսաբ ունիս դուն” պեպոյական մենախոսության մոտիվներով: Հրավիրված էին պրոռուսական քաղաքագետներ՝ ԱՊՀ երկրների հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը եւ Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչ՝ հայկական ստուդիայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էր: Երեւի կազմակերպիչները իշխանության մյուս ներկայացուցիչներին չէին կարողացել կտրել իրենց հանգստից:



Տիկին Նաղդալյանը անգիր արած տեքստ ասաց եւ երախտիքի խոսքեր շռայլեց Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի հասցեին ու ընդհանրապես Ռուսաստանի այդ մեծ քայլի առթիվ:Ինչպես հայտնի է, տիկին Հերմինե Նաղդալյանը նույն ջերմեռանդությամբ Հայաստանում զբաղվում է նաեւ պետական տենդերների վերավաճառքով, ինչն անցյալ տարի հայտնաբերել էր Վերահսկիչ պալատը:



Բայց վերադառնանք հեռուստակամուրջին: Ամենահետաքրքիրը, իհարկե, ռուսական կողմի եւ ռուսական ստուդիայում հնչած կարծիքներն էին Հայաստանի ռազմաբազաների պայմանագրի հետ կապված: Նախ, նկատելի է, որ ռուսական ստուդիայում համարյա լրագրող չկար` Հայաստանում իրենց ռազմակայանների թեման չէր հետաքրքրել մեր ռուս գործընկերներին: Փոխարենը հայկական ստուդիայում ներկա էին “ազատ, բայց պատասխանատու” բոլոր հեռուստաընկերությունները: Ամենացնցող հայտարարությունն արեց ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը՝ կոչ անելով “ուղիղ խոսել”:



Ըստ նրա՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը “ամենաակտիվ կերպով պետք է մասնակցեն այն որոշմանը, որն ընդունվել է ՀԱՊԿ ոչ ֆորմալ վեհաժողովի ընթացքում՝ ինչպես մի կողմից հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների հնարավորությունը օգնության այն իրավիճակներում, ինչպիսին վերջերս եղավ Ղրղզստանի հարավում, եւ ինչպես անել, որ անդամ երկրները չխուսափեն ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերին հնարավոր միջամտությունից: Դա ոչ հեշտ հարց է, որն այնուամենայնիվ ՀԱՊԿ անդամ երկրները որոշել են քննարկել: Այն ծագել է նրանով, որ այդ պահանջը եղել է: Որ թերեւս կա զգացում, որ ՀԱՊԿ ներկա կանոնադրությունը ոչ այնքան ճկուն է, որպեսզի հնարավորություն տա օգնել գործընկերներին այդպիսի իրավիճակներում”,- բաց տեքստով հայտարարեց ռուս քաղաքագետը:



Այսինքն՝ խոսքը երկրների ներքին գործերին խառնվելու իրավունքի մասին է. այսպես, եթե մարտի 1-ին տեսախցիկները ֆիքսել էին ռուս հրամանատարների եւ զինվորների, հետագայի համար փորձ է արվում  օրինականացնել սուվերեն երկրի ներքին գործերին խառնվելը:



Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը Մոսկվայի ստուդիայում անդրադարձավ Հայաստանում ռուսաց լեզվի “զարգացման կարեւորությանը”՝ հայտարարելով, որ դա իրենց համար կարեւոր հարց է, այո, նրանք մեծահոգաբար չեն պնդում, որ Հայաստանում ռուսերենը պետք է 1-ին լեզու լինի, բայց շեշտում են դրա տարածման ու զարգացման անհրաժեշտությունը: “Երկու ամիս առաջ հայտարարություն եղավ, որ պաշտպանության նախարարությունը չի ֆինանսավորելու Գյումրիի ռուսական դպրոցը, այն փակվում է:



Բայց այն, որ Ռուսաստանի նախագահը ռուսական պետական պարգեւներ շնորհեց  ուսուցիչներին, Հայ-ռուսական համալսարանի ռեկտորին, դասախոսներն, վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում եւ աջակցում է ռուսաց լեզվի զարգացմանը Հայաստանում”,- հայտարարեց Զախարովը՝ հավելելով, թե դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ռուսաց լեզուն պետք է լինի առաջինը: Ըստ ռուս քաղաքագետի՝ ռուսական կողմը կարծում է, որ ռուսերենը “մեկն է կարեւոր առաջնահերթություններից, որը պետք է լինի Հայաստանում”:



Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտարարեց, թե “գլխավոր քաղաքական հաղորդագրությունը, որը Մոսկվան արել է Բաքվին՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման պայմանագրի ստորագրմամբ, այն է, որ ղարաբաղյան հակամարտության առումով Ադրբեջանում կարող են թուլանալ եւ հանգիստ քնել, քանի դեռ տեսանելի ապագայում հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի, կամ էլ դա ինքնասպանություն կլինի այն երկրի համար, որը ռազմական գործողություններ կսկսի”:



Քաղաքագետը նաեւ անթաքույց հպարտությամբ շեշտեց, թե պայմանագրի փոփոխությամբ՝ Հայաստանում ներկա ռուսական զորքերը կարող են մասնակցել ռազմական գործողություններին, եթե դրանք վերսկսվեն: Այսինքն՝ եթե Ռուսաստանը հանկարծ չորոշեր երկարացնել պայմանագիրը, իրացնելով իր սեփական շահը Կովկասում, Ադրբեջանն առանց որեւէ խոչընդոտի հարձակվելու էր Հայաստանի վրա: Փաստորեն, Ադրբեջանը ոչ թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակից է վախենում, այլ ընդամենը ռուսական մի զորամասից: