Խոսք ու գործ

Խոսք ու գործ
Երեկ հայկական բանակում կրկին սպանություն է արձանագրվել. 26-ամյա մի պայմանագրային զինծառայող՝ մի կրտսեր սերժանտ, հրազենային 2 կրակոցով սպանել է 44-ամյա մեկ այլ կրտսեր սերժանտի: Այս անգամ սպանություն կատարողը ողջ է, ձերբակալված, քրեական գործ է հարուցվել: Սակայն դրանից վիճակը շատ չի փոխվում: Ընդամենը մեկ ամիս էլ չկա, որ մենք խոսում էինք սահմռկեցուցիչ սպանությունների մասին, հիմա՝ նոր սպանություն: Կնշանակի՝ նախորդ դեպքերն այնուամենայնիվ պատահական չէին, եւ մեր բանակում վիճակն ավելի լուրջ է, քան մենք կարծում էինք: Կնշանակի՝ չկա զինվորական կարգուկանոն, չկա պատժից վախ, եւ հրազենի հետ վարվելու անվտանգության կանոնները չեն պահպանվում: Նաեւ կնշանակի, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ բանակի հրամանատարական կազմը ոչ մի հետեւություն չեն արել նախորդ դեպքերից: Պարզապես մտածել են, որ ժամանակ կանցնի, ու մարդիկ կմոռանան այդ մասին՝ կրքերը կհանդարտվեն, նախարարի հրաժարականը պահանջողները կհոգնեն, եւ հասարակությունը կհաշտվի բանակում տիրող "բեսպրեդելի" հետ: "Կհաշտեցնեն"՝ մի քանի քարոզիչներ ասպարեզ դուրս կգան, կհայտարարեն, որ բոլոր երկրների բանակներում էլ գրեթե նույն վիճակն է, որ ամեն տեղ էլ զոհեր են լինում, պետք չէ բանակը վարկաբեկել: Դա առնվազն դավաճանություն է, քանի որ մենք ապրում ենք սառեցված պատերազմի պայմաններում, որը կարող է ամեն օր վերսկսվել: Եվ որպեսզի այդ պատերազմում մենք տանուլ չտանք, հարկավոր է բանակի թերությունների վրա աչք փակել, զինվորի ոգին բարձրացնել եւ ՊՆ ղեկավարությանը չնեղացնել: Սակայն հասարակության առողջ մասն այլ կարծիքի է, որ դրական արդյունքի մենք կհասնենք միայն այդ թերությունների մասին խոսելու եւ դրանց դեմ դաժան պայքար մղելու պարագայում: