Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
Վեհափառ Տեր



Անշուշտ, զանազան բնույթի ու բովանդակության նամակներ եք ստացել աշխարհի ամենատարբեր անկյուններից, սակայն թույլ տվեք հույս հայտնել, որ այնպիսի մի նամակ, որպիսին ես եմ համարձակվում գրել Ամենայն Հայոց կաթողիկոսին, առայսօր ստացած չեք լինի:



Ես  մասնագիտությամբ հատուկ մանկավարժ եմ, որն զբաղվում է հաշմանդամ երեխաների կրթության ու դաստիարակության հարցերով: Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ինձ ապօրինի ազատել է աշխատանքից: Ապօրինությունն ամրագրված է ՀՀ վարչական դատարանի վճռով եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումով:  Մարզպետն  անողոքաբար ինձ փոխհատուցում չի տալիս, այսինքն կամովին չի կատարում դատարանի վճիռը: Հանրապետական մամուլը իմ նկատմամբ մարզպետի ունեցած դաժան պահվածքի մասին բազմիցս է գրել` թե մայրենի, թե ռուսերեն լեզուներով: Որպես մեկ տարի անաշխատանք մնացած մարդ, որն իր հարկի տակ աճեցնում է երեք դպրոցական տղաներ` վաղվա զինվորներ, հուսահատ` սրտիս ու գիտակցությանս հակառակ,  մտորում եմ օտար-ամայի ճամփեքի մասին: Այսինքն` իմ մասնագիտական կարողությունները ստիպված պիտի ծառայեցնեմ  օտար երեխաների համար. Աստված լեզուներ տիրապետելու շնորհն ինձ տվել է:



Ելնելով այս սուղ շարադրանքից, ուզում եմ ուղղակիորեն Ձերդ Վեհափառությանը հարցնել.  որքանո՞վ  է արդարացի, որ նման մի մարդ, ինչպիսին ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է, Հայ առաքելական եկեղեցու “Սուրբ  Ներսես Շնորհալի” հուշամեդալով պարգեւատրված լինի:  Ժամանակը չէ՞ արդյոք,  որ պաշտոնավորները հասկանան`  պարգեւատրումը պետք է արդարացվի:  Մանկավարժի նկատմամբ բռնություն կիրառող, երկրի բարձրագույն դատարանի պահանջը չկատարող, քրիստոնեությանը հակառակ գնացող անձն ինչպե՞ս կարող է արժանի լինել այնպիսի մի բարձր պարգեւի, ինչպիսին “Սուրբ Ներսես Շնորհալի” հուշամեդալն  է:



Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը միշտ էլ եղել է ծանրակշիռ ու աստվածահաճո: Գուցե Ձեր խոսքը լսելի լինի մինչ այժմ քրիստոնեաբար չընթացող որոշ պաշտոնավորների համար, եւ նրանք գոնե պաշտոնի մայրամուտին հասկանան, որ “պաշտոն” բառը շատ հեռու չէ “պաշտել” բառից: Իսկ գուցե Ձեր խոսքը մի ընտանիք փրկի:



Աբգար ԳՅՈւԼՈւՄՅԱՆ

Ք. Ծաղկաձոր