Փողոց փակելը հանցանք չէ

Փողոց փակելը հանցանք չէ
Գեղարքունիքի մարզի հինգ գյուղերի (Մադինա, Վերին եւ Ներքին Գետաշեններ, Վաղաշեն ու Գեղհովիտ) բնակիչները, որոնք Արգիճի գետի պաշտպանության համար հուլիսի 17-ին բողոքի ցույց էին կազմակերպել Մարտունի-Երեւան մայրուղու վրա՝ դադարեցնելով երթեւեկությունը, նախօրեին կանչվել էին Մարտունու ոստիկանության քննչական բաժին՝ ցուցմունք տալու: Հիշեցնենք, որ ինչ-որ "Զանգեզուր էքսիմպ" կազմակերպություն նախապատրաստական աշխատանքներ էր սկսել՝ այս գետի ամենաջրառատ վտակի՝ Գայլաձորի հունը փոխելու դեպի Եղեգնաձոր՝ ՀԷԿ կառուցելու նպատակով:  Սակայն հինգ գյուղերի բնակիչների համառ պայքարի արդյունքում առայժմ կասեցվել է ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իսկ նախօրեին նրանց ոստիկանություն էին հրավիրել անօրինական, առանց ծանուցագրի, գյուղապետի միջոցով: Երեկ հայտնի դարձավ, որ նյութերի նախապատրաստման արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը: Այսինքն՝ ոստիկանությունը գյուղացիների գործողություններում հանցակազմ չի տեսել: Չենք կարող չնկատել, որ այս ելքը պայմանավորված էր մամուլի բարձրացրած աղմուկով. եթե աղմուկ չլիներ, հայտնի չէ՝ ոստիկանությունը կմերժե՞ր արդյոք քրգործի հարուցումը: