Թուրքը մնում է թուրք, բութը` բութ

Թուրքը մնում է թուրք, բութը` բութ
Ուղիղ մեկ տարի առաջ, օգոստոսի 31-ին Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը, Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունները հայտարարեցին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվել են "ներքին խորհրդակցություններ", որի արդյունքը եղան նախաստորագրված հետեւյալ արձանագրությունները՝ "Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին" եւ "Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին":



Փաստաթղթերը սահմանում էին "խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ", եւ "ներքին քաղաքական խորհրդակցությունները" պիտի ավարտվեին վեց շաբաթվա ընթացքում, որից հետո պիտի ստորագրվեին ու ներկայացվեին խորհրդարաններին` վավերացման համար: Միմյանց խոստացել էին, որ կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը, վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն երկու երկրների սահմանադրական եւ օրենսդրական գործընթացների: Հարաբերությունների կարգավորումը պիտի նպաստեր "տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը": Հայաստանում սկսվեց անասելի աժիոտաժ:



Իշխանական կոալիցիան այդ հողի վրա լքեց Դաշնակցությունն ու արտգործնախարարության դիմաց կազմակերպեց ակցիա, որը նշանավորվեց "դիետիկ հացադուլ" գնահատականով, քանի որ գիշերները գնում-հաց էին ուտում: Դեկորատիվ-կիրառական ընդդիմության մյուս թեւերը նույնպես ընդվզեցին: Բայց ահա Սերժ Սարգսյանի կողմնակից "քաղաքական գործիչները" մի գլուխ գովաբանում էին "նախագահի ֆուտբոլային դիվանագիտությունն" ու ասուլիսը՝ ասուլիսի հետեւից ինքնահռչակ քաղաքագետներն ու թուրքագետները դատողություններ էին անում գործընթացի կարեւորության ու հայ դիվանագիտության վագրենային թռիչքների մասին:



Օգտագործելով ձեռնասունների ողջ արսենալը, Սերժ Սարգսյանը փորձեց նաեւ ներկայացնել հարաբերությունների զարգացման տնտեսական նշանակությունը: Այդ մտայնությամբ հանրությանը "բացատրություններ" տվեց երկրի գլխավոր հաշվապահը՝ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Զուգահեռաբար հայերը սկսեցին նայել Օբամայի բերանին՝ կասի՞ "ցեղասպանություն", թե՞ չի ասի սպասումով: Չասաց: Թուրքիան, իհարկե, իր խաղն էր խաղում, ու ընթացքում արդեն պարզ էր, որ շատ ավելի հաջող, քան հայ դիվանագիտության մտքի գիգանտները՝ ի դեմս Նալբանդյանի եւ գլխավորությամբ Սերժ Սարգսյանի:



Կես տարի անց Հայաստանում արդեն բոլորը հասկացան, որ մեր շերեփն այս անգամ ոչ թե տետրակի թղթից է, այլ՝ անձեռոցիկից: Բայց Սերժ Սարգսյանը շարունակում էր "հուսադրել" մարդկանց ու նույնիսկ սպառնաց գնալ Թուրքիա՝ բաց սահմանով: Թուրքիան ոչ միայն սահմանը չբացեց, այլեւ բացահայտ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը լավ չի հասկանում արձանագրությունների բովանդակությունն ու պետք է համակերպվի այն մտքին, որ մինչեւ Ադրբեջանին չվերադարձնի Արցախի "գրավյալ" տարածքները, բաց սահմանի մասին թող չերազի:



Թուրքական կողմի հայտարարությունները պաշտոնական Երեւանը գնահատում էր որպես "ներքին սպառման" ու, ղարաբաղցիների լեզվով՝ էշը քշում առաջ: "Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եւ վստահ եմ, որ Թուրքիայի հմուտ դիվանագիտությունը կարող է գնահատել այդ անկեղծության աստիճանը",-հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Այսօր արդեն հանգիստ կարող ենք ասել, որ նրա քաղաքական հոտառությունը ոչ թե բթացել, այլ բութ էլ եղել է, որովհետեւ ոչ "համոզված լինելը", ոչ "անկեղծության աստիճանը" ոչ միայն չգնահատվեցին, այլեւ օգտագործվեցին ընդդեմ նրա ու նրա ղեկավարած երկրի ու ժողովրդի:



Եվ այսպես, ի՞նչ շահեց Թուրքիան այդ հարաբերություններից, ու ի՞նչ ունեցավ Հայաստանը: Այսօր մենք ունենք հակաթուրքական տրամադրվածություն ունեցող իշխանական մամուլ, որոնցում, բացի տարաբնույթ "վերլուծություններից" ու "մեկնաբանություններից", ամենակոշտ հակաթուրքական դիրքորոշմամբ են հանդես գալիս ԱԺ պատգամավորները, եւ ունենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարի բացակայություն: ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ, այժմ ընդդիմադիր Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ, հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից մինչ օրս Թուրքիան ձեռք է բերել հսկայական դիվիդենտներ. "Կարողացավ ամրապնդել իր դերակատարությունը Ղարաբաղի հարցում:



Դրա վկայությունը Եվրոպայի պառլամենտի հունիսին ընդունած բանաձեւն է, որտեղ հստակ գրված է, որ ԵՊ-ն ճանաչում է Թուրքիայի դերակատարությունը՝ որպես լրջագույն գործոն Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում: Հաջորդը Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի մշտական շփումներն են ԱՄՆ, Եվրոպայի եւ ՌԴ իրենց գործընկերների հետ՝ Ղարաբաղի հարցի կարգավորման թեմաներով: Նման ակտիվություն չէր նկատվում մինչեւ արձանագրությունները: Եվ վերջապես՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցումը: Արձանագրություններից հետո ոչ մի երկիր չի էլ անդրադարձել այդ հարցին, բացառությամբ Շվեդիայի, որը պարզապես իրադարձությունների համընկնելու հետեւանք էր":



Վլադիմիր Կարապետյանի գործընկերոջը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին նույնպես խնդրեցինք գնահատել հայ-թուրքական հարաբերությունների մեկ տարին ու հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, այդ հարաբերությունները լավ եղել են արձանագրություններից  առա՞ջ, թե՞ հետո են լավացել: "Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ գնահատականները տրվել են ապրիլի  22-ին, նախագահի կողմից: Որեւիցե այլ բան չեմ կարող ասել ես",-ասաց, չնշելով ոչ դարը, ոչ էլ գոնե այն, թե հատկապես նախագահի ո՞ր կողմից են "տրվել այդ գնահատականները":



Խոսքը երեւի այս տարվա ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի ուղերձի մասին է, որում նա օգոստոսից չորս ամիս առաջ նախօրոք նշել էր, որ մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այնուհետեւ մեղքն ուրիշի վրա բարդելու՝ տիպիկ մանկական հոգեբանությամբ հայտարարել էր. "Մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է` Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել":



Փաստորեն, Թուրքիայի հմուտ դիվանագիտությունն իսկապես չէր գնահատել Սերժ Սարգսյանի անկեղծության աստիճանը: Բայց որ թուրքական դիվանագիտությունը հմուտ է եւ օգտագործել է նրա դիվանագիտական անգրագիտության աստիճանը՝ անհերքելի փաստ է: