Սոս Գիմիշյան. Վրաստանի անհանգստությունը հասկանալի է

Սոս Գիմիշյան. Վրաստանի անհանգստությունը հասկանալի է
Ես կարծում եմ, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանի անվտանգության խնդիրներն են լուծում: Դա Հայաստանի համար ազգային  անվտանգության խնդիր լուծող պայմանագիր է: Հիմնական վտանգը, որ Հայաստանն ունի, Թուրքիայի կողմից է, եւ Հայաստանի իրավունքն է իր ազգային անվտանգության խնդիրը լուծելը: Այլ հարց է այդ պայմանագրի ժամկետների հարցը, որովհետեւ ժամկետները պետք է կարճ լինեն, ամեն ժամկետի լրացում նոր բանակցությունների հիմք է առաջացնում, պայմանների բարելավում է ենթադրում:



Մի խոսքով՝ գործընկերային հարաբերությունների բարելավման հիմքեր է տալիս: Ռուսական ներկայության ուժեղացման հետ կապված՝ Վրաստանի անհանգստությունը բնական է: Վրաստանի իշխանությունները բարեփոխումների որոշակի ճանապարհ են ընտրել եւ դեմքով շրջվել են դեպի իրենց ժողովուրդը, իսկ Հայաստանում բռնապետական, մարիոնետ, ավտորիտար ռեժիմ է հաստատվել, որի ինքնուրույնությունը խոցելի է, իշխանությունը՝ թույլ, ելնելով նրանից, որ լեգիտիմությունը ցածր է: Բնականաբար, Ռուսաստանի ազդեցությունը մեր իշխանությունների նկատմամբ շատ մեծ է, եւ Վրաստանը անհանգստացած է՝ որպես հարեւան երկիր: Դա ես բնական եմ համարում եւ հանգիստ եմ վերաբերվում Վրաստանի իշխանությունների հայտարարությանը, բայց ազգային անվտանգության խնդիրների լուծումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է: Որպես ինքնիշխան պետություն՝ մենք իրավունք ունենք, դա մեր ներքին հարցն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազգային անվտանգությունը առավելագույնս բարձր մակարդակի վրա լինի: Ես չեմ ցանկանում եւ չեմ տեսնում նախադրյալներ Հայաստան-Վրաստան հարաբերությունների վատացման:



Հույս ունեմ, որ Հայաստանը երբեք Վրաստանի համար վտանգ չի ներկայացնի: Բացառում եմ, որ Հայաստանի տարածքից որեւէ սպառնալիք ուղղվի Վրաստանի Հանրապետությանը:  Իրենց հաջողություններով ուրախ եմ եւ ցանկանում եմ, որ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, նաեւ Վրաստանում բնակվող հայ բնակչությանը հասու լինեն: Հայաստանի եւ Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները պետք է պահպանվեն: Մենք դարավոր պատմություն ունենք եւ եղբայր ժողովուրդներ ենք:



Սոս ԳԻՄԻՇՅԱՆ

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»

կուսակցության նախագահ