Կոնսերվատորիային նոր ռեկտոր է անհրաժեշտ

Կոնսերվատորիային նոր ռեկտոր է անհրաժեշտ
ՀՀ պետական բուհերը պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են` ՊՈԱԿ-ներ: Ըստ «ՀՀ ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 16-րդ հոդվածի` 65 տարին լրանալուն պես բուհի ռեկտորն ազատվում է պաշտոնից: Համաձայն այդ օրենքի, մրցույթով հաղթած ռեկտորական 5 տարվա ժամկետը դեռ չլրացած, ուսումնական տարվա կեսին ազատեցին ռեկտորներ Ռադիկ Մարտիրոսյանին` ԵՊՀ, Վիլեն Հակոբյանին` բժշկական համալսարան, Սոս Սարգսյանին` թատերական ինստիտուտ: Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջեւի 65 տարին եւս վաղուց լրացել է, բայց նրան չեն ազատում, թեեւ օրենքը նույնն է բոլորի համար:



Պարոն Սարաջեւն էլ, օգտվելով այս նպաստավոր վիճակից, կոնսերվատորիայում է տեղավորել որդուն, մորը, դստերը, նրանց բարեկամներին, կարծես բուհն իրենց սեփականն է: Սերգեյ Սարաջեւն աշխատում է միաժամանակ եւ որպես ռեկտոր, եւ դաշնամուրային ամբիոնի վարիչ, եւ դաշնամուրի դասախոս` միանգամից 3 պաշտոնում: Թեեւ սա էլ է օրենքի խախտում: Ռեկտորի որդին` Գեւորգ Սարաջյանը, նույնպես մի քանի պաշտոն ունի՝ դաշնամուրի դասախոս եւ արտասահմանյան բաժնի դեկան: Սա էլ է խախտում, գոնե՝ էթիկայի: Ցանկացած այլ անձի դեպքում կառաջարկեին ընտրել՝ կամ որդուն դեկանի պաշտոնը, կամ հորը` ռեկտորի: Գեւորգ Սարաջյանը նաեւ արտասահմանյան ուսանողների ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ է:



Ռեկտորի որդին սկզբում դոցենտի, ապա պրոֆեսորի կոչում է ստացել: Նույն սկզբունքով որդին պարբերաբար դառնում է տարբեր մրցույթների ժյուրիի անդամ, որտեղ նրա ուսանողները դափնեկիր են դառնում կատարողական միջակ մակարդակով: Սարաջեւի 91-ամյա մայրը` Աննա Սարաջյանը, մինչ օրս աշխատում է նույն բուհում՝ որպես վոկալի դասախոս, վոկալի ընդունելության քննության հանձնաժողովի անդամ է դառնում: Եթե որդին բուհի ռեկտորն է, ուրեմն 91-ամյա տարեց կինը պետք է երիտասարդների տե՞ղն զբաղեցնի:



1944-1987 թթ. ռեկտոր Սերգեյ Սարաջեւի հայրը` Գեւորգ Վարդի Սարաջեւը, ամեն տարի եղել է այդ բուհի դաշնամուրի ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ: Այսինքն՝ 1944-ից սկսած, արդեն 66 տարի՝ կես դարից ավելի, Սարաջեւների ողջ ընտանիքը մասնակից է կոնսերվատորիայի ընդունելության քննություններին: 1944-ից առայսօր ոչինչ չի փոխվել նշյալ բուհի ընդունելության քննությունների անցկացման պրոցեսում: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհիներից մեկը մեզ պատմեց, որ Սերգեյ Սարաջեւը ժամանակին աշխատել է Սայաթ-Նովայի դպրոցում եւ այնքան վատ է դասավանդել, այնքան են նրանից դժգոհել, որ ստիպված ամոթից հեռացել է դպրոցից եւ, ավելի ցածր աշխատանքի անցնելու փոխարեն, տեղավորվել է պետական կոնսերվատորիայում՝ որպես դասախոս:



Իսկ վերջերս հեռուստատեսությամբ կոնսերվատորիայի ուսանողները բողոքում էին ուսուցման ցածր որակից, ասում էին. «Երաժշտական ուսումնարանն ավելի շատ գիտելիք է տալիս, քան կոնսերվատորիան: Կոնսերվատորիայի 5-րդ կուրսում հասկանում ես, որ շատ քիչ գիտելիք ես ձեռք բերել` դասախոսները վատ են պարապում, ուսանողը հաճախ նվագում է հեշտ ծրագիր, որովհետեւ կամ դասախոսի մակարդակն է ցածր, եւ նա չի կարող դժվար նյութը բացատրել, նվագել, ցույց տալ, կամ ուսանողի մակարդակն է ցածր, որովհետեւ լավ դիմորդին հաճախ չեն ընդունում: Հինգերով ընդունվածը չի կարողանում սովորել, իսկ ում բողոքարկման միջոցով են ընդունել, բոլորից լավ է սովորում: Շաբաթական երկու մասնագիտության դաս անցկացնելու փոխարեն դասախոսը մի անգամ է պարապում, իսկ որոշ դասախոսներ այդ էլ չեն անում: Ուսման վարձը ռեկտորը դարձրել է 600 հազար դրամ: Ուր են գնում այդ փողերը` հայտնի չէ»:



Մի կին էլ բողոքում էր, որ իր աղջկան, լավ գնահատականներով ասպիրանտուրան ավարտած, բացառիկ երաժշտական լսողությամբ, անվանի պրոֆեսորների մոտ տարիներով մասնավոր պարապած, Սարաջեւը չի վերցնում աշխատանքի, պատճառաբանելուվ, թե տեղ չկա: Ընդունում է իր ծանոթներին՝ 65 տարեկանից բարձր, ասպիրանտուրա չավարտած, առանց երաժշտական լսողության: «Հայաստանում այնքան տաղանդավոր երաժիշտներ կան, ինչո՞ւ պետք է միջակ երաժիշտ Սարաջեւը ղեկավարի կոնսերվատորիան»,- ասում էր նա: Պետական ատյաններին ուղղած դիմումները, որտեղ երաժիշտները դժգոհում են Սարաջեւի անգործությունից եւ խախտումներից, այնտեղից ուղարկվում են ռեկտորին: Տաղանդավոր երգչուհի Արաքս Դավթյանը ստիպված հեռացավ կոնսերվատորիայից եւ թերթերին էր դիմում, որպեսզի ազդեն Սարաջեւի վրա:



Հատուկ ուսումնասիրության ենթակա է կոնսերվատորիայի ընդունելության քննությունների կարգը. եթե ուրիշ բուհերում  սկզբից դնում են գնահատականը, հետո նոր հանձնաժողովի անդամներն իմանում են դիմորդի անուն-ազգանունը, ապա կոնսերվատորիայում աշխատում են նախնադարյան մեթոդներով` դիմորդների անուն-ազգանուններով ցուցակը դրված է հանձնաժողովի անդամների առջեւ, եւ հանձնաժողովը նախօրոք գիտի ում է քննում: Դա օրենքի կոպիտ խախտում է:



Այլ բողոքներ էլ կան՝ դիմորդների վրա նախապես այնպես են բղավում, որպեսզի շփոթմունքից չկարողանան ճիշտ նվագել, հանձնաժողովի անդամները դիմորդների նվագելու ժամանակ ելումուտ են անում, իսկ սոլֆեջոյի թելադրությանն ընդամենը 25 րոպե ժամանակ են տալիս, արդյունքում միայն բացառիկ լսողություն ունեցողներն են կարողանում այդ կարճ ժամանակում գրել: Պոկել են կոնսերվատորիայի ռոյալներից մեկի սեղմակները (պեդալներ), մյուսի սեւ ստեղները, երրորդի սպիտակ ստեղներն են ծխախոտով այրել, մեկ այլ դեպքում սպիտակ էմալը պոկել, մյուսի կափարիչը ջարդել: Իսկ ռեկտորը հեռուստատեսությամբ հայտարարում է, թե Ճապոնիայից 10 միլիոն դոլար վարկ է ստացել ռոյալները լարելու համար:



Երաժիշտներն ասում են՝ «ռեկտոր Էդգար Հովհաննիսյանի մահից հետո կոնսերվատորիան այդպես էլ լավ ռեկտոր չունեցավ», եւ անհամբեր սպասում, թե երբ նոր ռեկտոր կնշանակվի:



Մերի ՍԱՂԱԹԵԼՅԱՆ