Մեկը տառապում է, մյուսը մաքսիմալ հաճույք ստանում

Մեկը տառապում է, մյուսը մաքսիմալ հաճույք ստանում
Հայաստանի Հանրապետության անկախությանն ընդառաջ  երեկ լրագրողներին իրական անկախության թեմայով դաս կարդաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինս այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ղարաբաղի կարգավիճակին՝ հավաստիացնելով, որ ԼՂՀ-ն անկախ էր մինչեւ 1998 թվականը: «Ղարաբաղն իրական անկախ էր երկար տարիներ, այսինքն, կարող եմ ասել այսպես 88 թվականից սկսվել է այդ գործընթացը, եւ Ղարաբաղն անկախ էր մինչեւ երեւի 98 թվականը: 98-ից սկսվեց Ղարաբաղի անկախության լրիվ կորուստը, շատ սրընթաց կորուստը, երբ որ Ղարաբաղն արդեն որեւէ դրսեւորում սեփական չուներ: Եվ այս տեսակետից շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, որը հարստացվեց նաեւ Ղարաբաղից ներմուծումներով»:



Մանուչարյանի պնդմամբ՝ Ղարաբաղի անկախությունը ոչնչացվեց  համատեղ, իսկ կորուստը ինքը նկատել է, երբ 98 թվականին Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Հյուսիսային Կովկասից վերադարձավ. «Մեծ մի փաթեթ էի բերում Ղարաբաղի ղեկավարությանը, նրան առաջարկներով` տարբեր կողմերից, որովհետեւ բոլորը այդ Ղարաբաղի հետ ուզում էին գործ ունենալ: Բայց երբ որ ես վերադարձա Հայաստան, պարզեցի, որ այն Ղարաբաղը, որին դա հասցեագրված է, այլեւս չկա»: Իսկ ի՞նչ էր պատահել Ղարաբաղին, Մանուչարյանը պատասխանեց. «Ղարաբաղի նախագահը դարձել էր մի այլ երկրի վարչապետ»:



Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ապա այսօրվա աշխարհը կանգնել է մի իրավիճակի առաջ, երբ խոսքը գնում է երկրագնդի վրա մարդ տեսակի շարունակական գոյատեւման կամ վերացման մասին: Եվ այդ տեսակետից շատ կարեւոր է մարդկության իմունային համակարգը եւ այդ համակարգն ապահովելու համար կարեւոր է մարդու տեսակների բազմազանությունը, որի պահպանման կարեւորագույն գործոններից մեկը անկախությունն է: Այդ տեսակետից, ըստ Մանուչարյանի, անկախության դեմ ամեն մի ոտնձգություն դառնում է ոտնձգություն ոչ միայն այս կամ այն ազգի, ժողովրդի իրավունքների հանդեպ, այլ մարդկության գոյատեւման մարտահրավեր:



Այս համատեքստում Մանուչարյանը  հիշատակեց մի գիտափորձի մասին. «Առնետների հետ կատարվել է հետեւյալ փորձը. առնետի հաճույքների կենտրոնը մտցնում են մի էլեկտրոդ, եւ նրա մի թաթիկի տակ կոճակ է, որը սեղմելով՝ նա հաճույքներ է ստանում: Առնետը այդ կոճակը հա սեղմում է, սեղմում է, մինչեւ չի սատկում սովից, անքնությունից եւ այլն, որովհետեւ նա անդադար ուզում է հաճույք ստանալ: Փորձը հաջորդ անգամ մի քիչ ավելի բարդացրեցին: Մի ուրիշ էլեկտրոդ միացրեցին մյուս առնետի ցավի կենտրոնին: Եվ երբ որ այդ մի առնետը հաճույք էր ստանում, միաժամանակ մյուս առնետը ցավ ու սարսափի զգացումների մեջ տառապում էր:



Առնետների մի զգալի մասը, տեսնելով մյուսի ցավը, դադարում էր կոճակը սեղմելուց: Այդ նույն փորձը ըստ էության գնում է մարդկության շրջանում, մասնավորապես նաեւ Հայաստանում: Մենք գիտենք հիմա, որ բարձրագույն մղումը մեր շատ եւ շատ համաքաղաքացիների մաքսիմալ ծավալով հաճույքներ ստանալն է»: Այսպես եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: