Գնա՞լ, թե՞ չգնալ

Գնա՞լ, թե՞ չգնալ
Խոսքը վերաբերում է Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում պատարագ մատուցելու արարողությանը մասնակցելուն կամ, այլ կերպ ասած՝ Արեւմտյան Հայաստան գնալուն, մեր արժեքներին տեր կանգնելուն թե չկանգնելուն եւ վերջապես՝ միջազգային հանրության առաջ մեզ դրսեւորելուն: Դուք կարող եք չհամաձայնել մեր հարցադրմանը, դա ձեր իրավունքն է, դուք կարող եք նաեւ չգնալ ու չմասնակցել այդ արարողությանը, դա նույնպես ձեր իրավունքն է, դուք կարող եք ասել, թե մեր արժեքներին տեր եք, բայց թուրքական շոուին չեք ուզում մասնակից լինել, եւ վերջապես կարող եք ասել, թե միջազգային հանրության առաջ մեզ ցույց տալու կարիք էլ չկա, որ բոլորը գիտեն, որ մենք հայ ենք, որ Աղթամարը հայկական է, որ բոլորը ճանաչում են թուրքին ու նրա  պատմությունը:



Որոշ «գործիչներ» ու որոշ լրատվամիջոցներ իրենց  իրավունք են վերապահում  որակումներ տալ գնալու կողմնակիցներին, այն էլ այնպիսի որակումներ, որոնք միայն դավաճաններին են տալիս: Ստացվում է, որ խնդրի շուրջ տեղի են ունենում ոչ թե քննարկումներ, այլ բացահայտ պարտադրողական պահանջ` վախի մթնոլորտ սերմանելու հետ միասին: Հասկանալի է, որ շատերը չեն ուզենա, որ իրենց դավաճան որակեն:   Ուրեմն գնա՞լ, թե՞ չգնալ:



Խորհրդային տարիներին մենք որքան էլ մեծ ցանկություն ունենայինք այցելել մեր պատմական հայրենիքը, այն կարող էինք տեսնել միայն երազներում. խորհրդային կամ, որ նույնն է` ռուսական իշխանությունները մեզ զրկել էին ոչ միայն բարձրաձայն խոսելու իրավունքից, այլեւ ամեն կերպ աշխատում էին հայ ժողովրդի մոտ մոռացության տալ պատմական հայրենիքը: Գործը «փչացնում» էր  միայն Արարատ լեռան ցցուն պատկերը, եւ յուրաքանչյուր «ռուսահայ», մանուկ հասակից տեսնելով Սիսն ու Մասիսը, սկսում էր իշխանությունների համար «անցանկալի» հարցեր տալ իր ծնողներին ու, ստանալով իր ինքնության մասին որոշ տվյալներ, լցվում էր իր պատմական հայրենիքի կարոտով: Խորհրդային կայսրության փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո հնարավոր դարձավ ոչ միայն բարձրաձայն խոսել պատմական Հայաստանի  ու ցեղասպանության մասին, այլեւ, որն ավելի կարեւոր է, այցելել ու սեփական աչքով տեսնել պատմական հայրենիքը:



Այժմ որքան էլ խոսենք հայ-թուրքական վատ հարաբերությունների մասին, փաստն այն է, որ մենք կարողանում ենք ազատ այցելել Թուրքիա եւ Արեւմտյան Հայաստան, իսկ տնտեսական կապերը զավեշտալի կերպով չափազանց սերտ են: Մեր քաղաքացիները Թուրքիա գնում են  շատ ավելի առեւտրի ու հանգստի, քան պատմական հայրենիքը տեսնելու համար:    Ժամանակին մենք աշխարհով մեկ բողոքում էինք, թե Թուրքիայում չեն պահպանվում մեր ճարտարապետական հուշարձանները. ի զարմանս մեզ` Թուրքիան սկսեց դրանց պահպանման վրա ուշադրություն դարձնել, մենք դա որակեցինք  որպես աշխարհի աչքերին թոզ փչելու եւ Եվրամիությանը հաճոյանալու, նաեւ նրանց պահանջները կատարելու քաղաքականություն:



Իսկ այդ նույն ժամանակ մենք պայթեցնում էինք Անիի մոտակայքի քարհանքը, որպեսզի Երեւանի Մայր տաճարը, այնուհետեւ մեր օլիգարխների առանձնատները կառուցենք: Եվ դրա հետեւանքով զգալի վնասներ հասցրինք Անիին, ինչը դրդեց Թուրքիային այդ առթիվ նույնիսկ բողոքել:  Այս ընթացքում վերակառուցվեց Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին, եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի ջանքերով թուրքական իշխանությունները թույլ տվեցին եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրել ու պատարագ մատուցել: Այժմ խոսվում է այն մասին, թե թուրքական իշխանությունները ինչ-ինչ նկատառումներով ձգձգում են խաչի տեղադրումն ու օծումը եւ ուրեմն պետք չէ գնալ այնտեղ, քանի որ խաչը տեղադրված չէ, որ այնտեղ` պատին Քեմալ Աթաթուրքի նկարն է լինելու եւ այդ դեպքում էլ ինչ հայկական եկեղեցի  եւ այլն:



Հարգելի հայ ժողովուրդ, ցավով պետք է ձեզ հիշեցնեմ, որ Աղթամարի եկեղեցին ու ողջ Արեւմտյան Հայաստանը գտնվում են Թուրքիայի տիրապետության ներքո, հետեւաբար, ինչպես Թուրքիայի բոլոր անկյուններում, այնպես էլ այստեղ պետք է Աթաթուրքի նկարը լիներ: Սակայն մի՞թե դա պատճառ է, որ մենք չմասնակցենք մեր եկեղեցու համար եւ մեր եկեղեցում  մատուցվող պատարագին: Ստացվում է այնպես, որ մեզ կարելի է գնալ Աթաթուրքի նկարի տակ շահավետ առեւտուր անել, հանգստանալ, բայց մեր ճարտարապետության գոհարներից մեկի տոնակատարությանը եւ մեր արժեքներին գոնե այս կերպ տեր կանգնելու համար չի կարելի գնալ:



Այսինքն` այն, ինչին ձգտում էր ռուսական-խորհրդային քաղաքականությունը, այն է` պատմական Հայաստանի արժեքները հնարավորիս մեզանից տարանջատել, անկախ Հայաստանում իրականություն է դառնում: Իսկ թե խաչը երբ կտեղադրեն, դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ Աղթամարը առաջին հերթին պատկանում է հայ ժողովրդին, հետո նոր` քրիստոնեությանը: Ուրեմն մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր արժեքին, մեր ինքնության մի մասնիկին: Եվ մեր չգնալով՝ մենք ավելի ենք նպաստում թուրքական շոուի հաջողությանը, աշխարհին ցույց տալով, որ մենք հրաժարվում ենք մեր արժեքներից, ցույց տալով, որ թուրքերը մեզանից ավելի շատ են մտածում մեր արժեքների պահպանության մասին:



Իմ կարծիքով՝ ով որ դեմ է արտահայտվում գնալուն, Աղթամարը եւ Արեւմտյան Հայաստանը նրա համար արժեք չեն:



Վազգեն ՄԽԻԹԱՐՅԱՆ