Յիրիկյանն ու Աշոտյանը

Յիրիկյանն ու Աշոտյանը
Երեկ կրթության եւ գիտության նախարարը «Ոսկե հուշամեդալ» է տվել «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Այն, որ պետական քարոզչամեքենան մի քանի տարի է` զբաղված է «Վիվասելի» եւ հատկապես Ռալֆ Յիրիկյանի PR-ով, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նրա յուրաքանչյուր քայլը լայնորեն լուսաբանվում է բոլոր հնարավոր լրատվամիջոցներով՝ լինի դա փոքրիկ դասախոսություն, թե ինչ-որ եկեղեցական համալիրի մոտ տեղադրվող պարզ ցուցանակ: Բայց այս մեկը՝ ԿԳՆ հուշամեդալն ու դրա հանձնման արարողությունը, արդեն վեր էր բոլոր սպասելիքներից: Մեդալի առաջարկն արել է «Հայոց արծիվներ» կազմակերպությունը՝ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի նախագահությամբ: Իսկ հանձնել է անձամբ կրթության եւ գիտության նախարար Աշոտյանը: Գաղտնիքը հասկացանք` կարդալով ԿԳՆ այս առիթով տարածած հաղորդագրությունը: Նախարարը, պարզվում է, ընդհանրություններ է տեսնում իր եւ Յիրիկյանի միջեւ: Ահա. «Մեր երկուսի գործունեությունն ունի մեկ ընդհանրություն. մենք միտված ենք նպաստելու մեր քաղաքացիների մտածելակերպի փոփոխությանը, որ հայեցի մնալով հանդերձ` պետք է նաեւ ժամանակակից լինել եւ հասկանալ այն իրողությունը, որ ցանկացած քաղաքացու բարեկեցությունից է կախված մեր հասարակության եւ պետության հաջողությունը»: Ենթատեքստում, եթե նկատեցիք, կրկին օտարալեզու դպրոցների հարցն է, որն այդպես հանգիստ չի տալիս Արմեն Աշոտյանին. չէ որ, հայեցի լինելուց զատ, նա փորձում է նաեւ ժամանակակից լինել, իսկ այդպիսին հնարավոր չէ լինել, եթե լեզուների չես տիրապետում եւ արտերկրում կրթություն չես ստացել: Իսկ Ռալֆը հենց այդպիսին է: Բացի այդ, «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, ինչպես եւ ԿԳ նախարարությունը, փորձում են «նպաստել մարդկանց մտածելակերպի փոփոխությանը»: