ՀՅԴ հայցը մերժվեց, բայց հանրահավաքը կայացավ

ՀՅԴ հայցը մերժվեց, բայց հանրահավաքը կայացավ
Չնայած Աշտարակի քաղաքապետը, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանը մերժել էին ՀՅԴ-ի՝ Աշտարակ քաղաքի հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին դիմումը, այդուամենայնիվ երեկ հանրահավաքը տեղի է ունեցել: Հիշեցնենք, որ  ՀՅԴ Արագածոտնի մարզային կառույցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր քաղաքի հրապարակում սեպտեմբերի 22-ին հանրահավաք անցկացնելու մասին եւ մերժում ստացել, ընդ որում, 72 ժամվա փոխարեն՝ հնգօրյա ժամկետում:  Քաղաքապետ Գագիկ Թամազյանը դաշնակցականներին առաջարկել էր Աշտարակի մշակույթի տան դահլիճը:



ՀՅԴ մամլո դիվանի տարածած հաղորդագրության համաձայն՝ պատասխանող կողմը՝ ի դեմս Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանի, դատական նիստի ժամանակ իր «հիմնավորումներով» փաստել է իրազեկման մերժման անհիմնությունը: «Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանության օգնությանը` մերժումը հիմնավորելու համար: Դատավորի հարցին, թե ինչու եք առաջարկել հանդիպում, այլ ոչ թե հանրահավաք,  քաղաքապետի ներկայացուցիչը զավեշտալի պատասխան է տվել, ասելով` «բառախաղության հետեւից չենք ընկել»»,-նշվում է հաղորդագրության մեջ:



Մինչ վճռի հրապարակումը մեզ հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ, ԳՄ անդամ Թաթուլ Հարությունյանն ասաց, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի այս որոշումը քաղաքական է եւ որեւէ քննադատության չի դիմանում: Ընդ որում` երեկ տեղեկացանք նաեւ, որ ՀՅԴ Գերագույն մարմինը երկրորդ անգամ է դիմել դատարան, սակայն վարչական դատարանը նորից մերժել է նրանց: Բայց, չնայած դատարանի կրկնակի մերժմանը եւ քաղաքապետի անհամաձայնությանը, հանրահավաքը տեղի է ունեցել Աշտարակի քաղաքապետարանի դիմացի հրապարակում:



Ելույթ է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:  Վահան Հովհաննիսյանն արդեն իր ելույթում առաջ է քաշել հարցեր՝ կապված մարզպետի վարած կադրային եւ սոցիալ-տնտեսական անօրինական քաղաքականության հետ, որ այդպիսի քաղաքականություն վարող մարզպետը չպետք է շարունակի պաշտոնավարել: Գրեթե նույն ենթատեքստն է ունեցել նաեւ Արծվիկ Մինասյանի ելույթը: Հանրահավաքին ելույթ է ունեցել նաեւ Թալինի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Գրիգոր Պետրոսյանը՝ նորից ներկայացնելով մարզպետի վարած կադրային քաղաքականության արդյունքում Թալինի հիվանդանոցի անմխիթար վիճակը:



Հանրահավաքին ներկա է եղել մոտ 700-800 մարդ: Հրապարակը լեփ-լեցուն է եղել ոստիկաններով, սակայն ամեն ինչ անցել է հանգիստ մթնոլորտում, եւ ոստիկանները փաստացի չեն խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը: Ի տարբերություն ՀԱԿ հանրահավաքների, ՀՅԴ-ի դեպքում բախում կամ որեւէ այլ միջադեպ չի գրանցվել: Մինչ հանրահավաքը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե նախատեսված  հանրահավաքը նախընտրական չէ, ուղղված է մարզի ղեկավարության ապօրինի գործունեության դեմ եւ  քաղաքական ենթատեքստ չունի: