Երբ Սեյրան Օհանյանը կանաչ ճանապարհ մաղթեց բանակային բռնությանը

Միջադեպը ժամանակին մեծ աղմուկ հանեց և՛ եթերում, և՛ մամուլում, սակայն այնքան չգրավեց հասարակության ուշադրությունը, որքան կգրավեր այսօր՝ վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով: Բարձրաստիճան գեներալների բռնարարքի մասին գրվեցին բազմաթիվ հոդվածներ, ՀՀ ղեկավարությունը կոչ արեց արցախյան ղեկավարությանը անցկացնել դեպքի անաչառ քննություն, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացավ երաշխավորել անկողմնակալ արդարադատություն:
Սակայն բռնություն գործադրելու, խմբակային խուլիգանության, առանձնապես ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար պ-ն Օհանյանը, ինչպես նաև իր զինակիցները մինչ օրս որևիցե պատասխանատվության չեն ենթարկվել: Ընդհակառակը՝ տպավորիչ առաջխաղացում է գրանցվել իրենց զինվորական կարիերայում: Այդ նույն ղեկավարությունը, որը դեպքի անաչառ քննություն էր պահանջում, որոշ ժամանակ անց բարձրացրեց Սեյրան Օհանյանի պաշտոնը՝ նրան նշանակելով ՀՀ պաշտպանության նախարար, իսկ բռնարարքի հանցակից Մովսես Հակոբյանին՝ Արցախի պաշտպանության նախարար:
Անգամ Դաշնակցությունը, որը նախնական շրջանում պահանջում էր ՀՅԴ անդամ Պավլիկ Մանուկյանին ծեծին մասնակցած անձանց պաշտոնազրկում, դեպքի անկողմնակալ քննություն և արդար դատաստան հանցավորների նկատմամբ կարճ ժամանակ անց նահանջեց իր դիրքերից, հրաժարվեց իր ներկայացրած պահանջներից: Դիրքորոշման այսպիսի կտրուկ փոփոխությունը, իհարկե, պայմանավորված էր գործող իշխանությունների ճնշմամբ, ինչպես նաև իշխանական համակարգում սեփական աթոռները կորցնելու մտավախությամբ:
2005 թ. հունիսին եկել էր բանակում համատարած պաշտոնեական չարաշահումների և մարդու իրավունքների խախտումների դեմն առնելու եզակի հնարավորությունը, ինչը օրինակ կծառայեր և դաս կլիներ ռազմական ղեկավարությունում աշխատող բոլոր զինվորականների համար: Սակայն, ցավոք սրտի, այդ առիթը բաց թողնվեց, ինչը համարժեք էր բանակային անկաշկանդ բռնությանը կանաչ ճանապարհ մաղթելուն:
Այսօր մեծ աղմուկ հանած տեսահոլովակում երկու զինծառայողի ծեծած և նվաստացրած մայոր Սասուն Գալստյանը մեղադրվում է մի բանում, որը 2005 թ. խմբակային ծեծի համար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին հասանելիք մեղադրանքների միայն մի չնչին մասն է: Ինչպե՞ս կարող է այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատժել մի սպայի, որի վարքի համար ինքն է հրապարակավ օրինակ ծառայել ու մնացել անպատիժ: Եվ ինչպե՞ս կարող է մի սպա հրաժարվել բռնություն գործադրելուց, եթե դրա համար պաշտոն են բարձրացնում:
Արա Խ. Մանուկյան
Կարծիքներ