Քաղաքագիտական վերլուծություններն են վկայում

Քաղաքագիտական վերլուծություններն են վկայում
Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԽԽՎ-ին ուղղված նամակով պահանջել է Հայաստանի նկատմամբ հատուկ մոնիտորինգային ռեժիմ կիրառել, քանի որ Եվրախորհրդի առջեւ ստանձնած որեւէ պարտավորություն Հայաստանը լիարժեք չի կատարել, նաեւ ընդդիմությունը որոշել է առավել հաճախ հանրահավաքներ անցկացնել: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին երեկ հարցրինք, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում ընդդիմության ակտիվացման գործընթացին: «Կարծում եմ՝ ակտիվացման համար ընդդիմությունը բավական ժամանակ է կորցրել: Չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում»,- կանխատեսում արեց Գալուստ Սահակյանը: «Այսինքն` ՀՀԿ-ում կարծում եք, որ դուք կշարունակեք պաշտոնավարել ու հարստանա՞լ»,- հարցրինք հանրապետականին: «Ոչ թե կարծում ենք, այլ քաղաքական, քաղաքագիտական վերլուծությունները դա են ասում»,- բացատրեց Սահակյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքագիտական վերլուծություններով զբաղվում է հենց ինքը` Գալուստ Սահակյանը, իր կարկառուն կուսակիցների հետ միասին: