ՀՀԿ-ն «եղել է», «եղում է» եւ ուզում է բյուջեն «եղել»

ՀՀԿ-ն «եղել է», «եղում է» եւ ուզում է բյուջեն «եղել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հինգշաբթի ուշ երեկոյան Հանրապետական կուսակցությունը «ջիպապատել էր» Հանրապետության հրապարակի մերձակա տարածքն ու ՀՀԿ գործկոմի նիստ արել, որին մասնակցել են Սերժ Սարգսյանն ու նորընծա ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը: Հանրապետականից տեղեկացանք, որ գործկոմի նիստում քննարկվել է եկող տարվա բյուջեն: ՀՀԿ-ի համար բյուջեի հետ կապված կարեւոր խնդիր կա: Քանի որ եկող տարին նախընտրական է, ՀՀԿ-ում թերեւս ճանապարհներ են որոնում բյուջեն իրենց նախընտրական ծրագրերին հարմարեցնելու ու ծառայեցնելու համար: Նորություն չէ, որ թեեւ արգելված է ՀՀ օրենսդրությամբ բյուջեի ծրագրերը եւ վարչական լծակներն օգտագործելը, սակայն դրանք պարբերաբար օգտագործվում են նախընտրական նպատակներով: Նշենք, որ եկող տարվա բյուջեով կառավարությունը նախատեսում է ծախսել 999 մլրդ դրամ` 63 մլրդ-ով ավելի, քան այս տարի: Ընդ որում, 42 մլրդ կուղղվի սոցիալական ու մշակութային ծրագրերին: Բյուջեի հարկային եկամուտները կազմելու են 650 մլրդ դրամ, դեֆիցիտը` 148.6 մլրդ դրամ: Ընդհանուր եկամտային մասը կկազմի 850 մլրդ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են ՀՀԿ գործկոմի նիստում, երեկ բացասական պատասխան տվեց:



«Ովքե՞ր են մասնակցել նիստին» հարցադրմանը հայտարարեց. «Ես եւ իմ կուսակիցները»: ՀՀԿ փոխնախագահը, ի դեպ, պարապ չի նստում իր կաբինետում, կուսակիցների հետ հավաքվում ու... աշխարհաքաղաքական վերլուծություններ է անում: Այդպես վերլուծելով էլ ՀՀԿ-ում հանգել են նրան, որ «Հանրապետականը նորից մեծամասնություն է կազմելու եւ ԱԺ նախագահ է ընտրելու»: «Հետաքրքիր է իմանալ` Հանրապետականն ի՞նչ է արել ժողովրդի համար երկու-երեք տարում, որ ժողովուրդն իրեն թույլ տա մեծամասնություն կազմել, նորից պաշտոններ ունենալ ու փող աշխատել»,- հարցրինք ՀՀԿ-ական վերլուծաբանին:



Նաեւ հիշում եք, չէ՞, որ իր նախընտրական խոստումներում Սերժ Սարգսյանը խոստանում էր, թե հինգ տարի հետո յուրաքանչյուր ընտանիք կունենա բնակարան եւ մեքենա գնելու հնարավորություն. անցել է երկուսուկես տարի եւ շատ ընտանիքներ օրվա հոգսը հոգալուց բացի անգամ սեփական կատու գնելու հնարավորություն չունեն: «Ինչ արել է, Հանրապետականն է արել»,-չքմեղացավ ՀՀԿ փոխնախագահը` հավելելով. «Դուք կարող եք բացասական գնահատել, մեկը` դրական, դրա համար էլ ընտրություններ կան»:



Հիշեցրինք ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը, թե կոալիցիան ոչինչ չի արել ժողովրդի կյանքը բարելավելու համար, ուստի մնում է ընտրություն կեղծելը՝ հարց ուղղելով, թե պատրաստվում եք այս ընտրությունները ե՞ւս նախորդի պես անցկացնել: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, անհատ, քաղաքացի կարող է ամեն ինչից էլ խոսել: Դե թող էնպես անեն, որ չկեղծեն: Դա մեզ չի կարող վերաբերվել»,- հպարտ հայտարարեց ՀՀԿ-ական գործիչը: