«Սրբազան կովերը», Արգամիչը եւ պատգամավորները

«Սրբազան կովերը», Արգամիչը եւ պատգամավորները
Խորհրդարանում երեկ ուշագրավ իրավիճակ էր. չնայած Հովիկ Արգամիչը մեծ հանդիսավորությամբ ազդարարեց, թե կոալիցիան կողմ է քվեարկելու «Ակցիզային հարկի մասին» կառավարության բերած օրինագծին, եղան կոալիցիոն պատգամավորներ, որ դեմ քվեարկեցին կամ ձեռնպահ: Սա որոշակի իրարանցում էր առաջացրել. թերեւս ԱԺ ղեկավարության մոտ լուրջ կասկածներ էին ծնվել, թե պատգամավորները ինքնուրույն մտածելու նենգ ու դավադիր փորձեր են դրսեւորում: ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը զայրացած այս ու այն կողմ ասում էր, թե՝ դրանց տեսեք, իրանք իրանց որոշել են ու դեմ են քվեարկում:



«Մենք` կոալիցիոն ուժերը, քվեարկելու ենք կողմ եւ առաջիկայում փորձելու ենք որոշ օրենքներում փոփոխություններ կատարելով՝ թեթեւացնել մեր արտադրողների բեռը եւ պաշտպանել նրանց շահերը»,- հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը: 54 կողմ, 21 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Դեմ քվեարկեցին ոչ միայն Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանից» ոմանք, ՀՀԿ-ից եղան ձեռնպահ քվեարկողներ:



Առանց ժամանակ կորցնելու երեկ ԱԺ խոսնակը օրինագիծը դրեց երկրորդ քննարկման: Ի դեպ, արարողությանը ներկաները այնքան էլ շատ չէին, իսկ պատգամավորները՝ հատկապես կոալիցիայի ներկայացուցիչները, դեմ կամ ձեռնպահ էին քվեարկել այն պատճառով, քանի որ օրինագիծն առաջին հերթին առնչվում էր իրենց կամ իրենց մերձավոր շրջապատի շահերին, ոչ թե «ազգի վիճակն էր ծանրացել սրտներին»:



Օրինագծով նախատեսվում է վերացնել արտոնությունները տեղական արտադրողների համար եւ, կառավարության ձեւակերպմամբ, հավասար պայմաններ ստեղծել ներկրողների եւ արտադրողների համար: Ըստ այդմ՝ հարկային բեռի որոշակի ավելացում է նախատեսվում տեղական արտադրողի համար: Օրինագծի ընդունման դեպքում ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի գները կաճեն: Հիշում եք, չէ՞, որ վարչապետը կառավարության վերջին նիստում հայտարարեց, թե ծխախոտը Հայաստանում շա՜տ էժան ու... մատչելի է յուրաքանչյուրին:



Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ շարունակեց վարչապետի այս թեզը, հպարտ հայտարարելով, թե անցյալ տարի դրույքաչափերի բարձրացման հետեւանքով ծխողների քանակը ՀՀ-ում կրճատվել է ուղիղ 12-13 տոկոսով: Պատկերացրեք ինչ հաջողություններ կգրանցվեն, եթե կառավարությունն առաջիկայում որոշի պայքարել նաեւ գիրության եւ ավելորդ քաշի դեմ, ինչն ի դեպ՝ նույնպես վնասակար է առողջությանը:



Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մի շարք օրենքներում առաջիկայում կիրականացվեն փոփոխություններ, որոնցով տեղական արտադրողներն աջակցություն կստանան: Ասենք` սուբսիդավորվի այն ոլորտը, որտեղ ստիպված` միջազգային պարտավորություններից ելնելով, հարկերն ավելացնում են: «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հակադարձեց, որ չի հավատում, որ ներկրողների եւ տեղական արտադրողների համար հավասար պայմանների ստեղծումը միջազգային պարտավորություններից է բխում:



«Ես չեմ հավատում, որ եթե մեր իշխանություններն ուզենան բացատրել աշխարհին, որ Հայաստանն այս պայմաններում չի կարող հավասար բոլորի հետ նույն կանոններով խաղալ, մեզ չհասկանան: Մեզ կհասկանան, մեզ կաջակցեն եւ արտոնություններ կլինեն, բայց դա պետք է անել: Բայց դա անել՝ նշանակում է հարվածել մեր տեղական ինչ-որ բիզնեսմենների շահերին, սա անթույլատրելի է: Ավելի լավ է կործանվի պետությունը, կործանվի ժողովուրդը, աղքատանա, բայց այդ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են, դրանց ձեռք տալ չի կարելի: Սա է մոտեցումը»:



Ըստ դաշնակցական պատգամավորի` օրինագծի իրական պատճառը խոշոր ներկրողների բիզնես շահերն են, խոշոր ներկրողները շահագրգռել են կառավարությանը: «Եթե դուք փորձեք ներկրել շաքար, բենզին կամ ձեթ, դա կարող է ձեզ չհաջողվել՝ հասկանալի պատճառներով: Եվ բոլորը հիշում են ձեթի պատմությունը. մի քիչ աշխարհում թանկացավ, Հայաստանում գները թռան, ի՞նչ եղավ: Ոչինչ: Կառավարությունն էդպես էլ մնաց զարմացած, որովհետեւ տեղյակ չէր, որ դա մոնոպոլիստական կապիտալի տիպիկ վարվելակերպ է»,- հայտարարեց դաշնակցականը, ով, փաստորեն, վերջերս է հայտնաբերել, որ Հայաստանում մոնոպոլիաների դեմ պայքար չկա. «Չկա, որովհետեւ Հայաստանի ղեկավարությունը տեղյակ չի, որ այդպիսի երեւույթ կա մեզանում:



Կարծում եմ, սա է նրա զարմանքի բացատրությունը»: Հովիկ Աբրահամյանը կուրծքը դեմ տալով` պաշտպանեց կառավարությանը, թե կառավարությունը չի կարող այնքան մանր գտնվել, որ խաղերի մեջ մտնի ներկրողների հետ եւ ինչ-որ պատվերով նախագիծ ներկայացնի ԱԺ եւ կոալիցիոն պատգամավոր գործընկերներին դնի ծանր վիճակի մեջ:



Նշեք, սակայն, որ գների շարունակական աճից ծանր վիճակի մեջ հայտնվում են ոչ թե «պատգամավոր գործընկերները», այլ ՀՀ սովորական քաղաքացիները: Վահան Հովհաննիսյանին զարմացնում էր գործընկերների անտարբերությունը. «Լավ, եթե տեղական արտադրողները ինքնուրույն պաշտպանվելու ընդունակությունը կորցրել են, ինչի՞ վրա ենք հույսը դրել»:



ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով՝ փոփոխության պահանջը ներկայացրել է դրսի մեր ռազմավարական գործընկերը: «Դրսի մեր ռազմավարական գործընկերն ասում է՝ ընկեր ջան, եթե դու ինձ վրա սահմանափակում ես կիրառում, ես էլ նույն սահմանափակումը քո վրա կկիրառեմ: Չի կարելի, չէ՞, այսքան դրամատիզացնել»,-բացահայտում արեց Այվազյանը: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի այսօր: